Զելենսկին հրաժարվել է քննադատել ՆԱՏՕ-ին․ ի՞նչ են խոստացել նրան

Զելենսկին հրաժարվել է քննադատել ՆԱՏՕ-ին․ ի՞նչ են խոստացել նրան

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները իդեալական չեն Ուկրաինայի համար, բայց լավն են, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում՝ Զելենսկին ասել է, որ քննարկվել են Ուկրաինայի ակնկալիքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից։

«Ես շնորհակալ եմ ձեզ այս կարևոր քայլերի համար։ Ես գիտեմ, թե ինչքան տարբեր խոսակցություններ ու պայմանավորվածություններ եղան սրա պատճառով... Գագաթնաժողովի արդյունքները լավն են, բայց եթե հրավեր լիներ, իդեալական կլիներ»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը, ով ժամեր առաջ առավել կոշտ հռետորաբանություն էր գործածում՝ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

«Ուկրաինան հասկանում է, որ չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Սակայն այսօր վստահորեն հնչեցին հստակ ազդանշաններ, որ դա տեղի կունենա: Ես հասկանում եմ, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մեր երկրում անվտանգ լինի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են առաջարկվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, բայց ոչ դաշինքին անդամակցելու փոխարեն։ 

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ գործընկերներից «շատ դրական նորություններ կան պաշտպանական աջակցության նոր փաթեթների վերաբերյալ». 

«Գագաթնաժողովի շրջանակում մենք արդեն սկսել ենք այդ հանդիպումները և ունենք նման պայմանավորվածություններ։ Դրա համար ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր ղեկավարին, ով մեզ առաջարկեց այս փաթեթները»։

«Այսօր կա ևս մեկ կարևոր ազդանշան. Եթե ​​այսօր G7-ը համաձայնության գա անվտանգության երաշխիքների մասին հռչակագրի հարցում, ապա կասի, որ երաշխիքները կպահպանվեն, քանի դեռ մենք ՆԱՏՕ-ի ճանապարհին ենք։ Սա կարևոր քայլ կլինի մեզ համար»,- ասել է Զելենսկին։