Հիմա, ի տարբերություն 30-40 ական թվականների, շատերը պատրաստ են ինքնակամ սիբիր աքսորվել

Հիմա, ի տարբերություն 30-40 ական թվականների, շատերը պատրաստ են ինքնակամ սիբիր աքսորվել

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Անհասկանալի մոտեցում...
Ուրեմն, երեկ ուշ երեկոյան լրատվական կայքերից մեկում կարդացի մեր՝ բոլորիս կողմից շատ հարգված նախարարի հարցազրույցից մի այսպիսի հատված. «Իսկ տնակների հարցը լուծելու երկու ճանապարհ կա՝ մեկը այն է, որ այն անօթևանները, որոնք տարբեր պատճառներով չեն հերթագրվել ու չեն հայտնվել ցուցակներում, բայց պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն ունի, պետք է նույն կերպ լուծվի խնդիրը, իսկ նրանք, ովքեր կապ չունեն որևէ բանի հետ, ուղղակի պետք է տնակները ազատեն»: Անկեղծ ասած լուրջ չվերաբերվեցի, մտածելով, թե լրագրողն է սխալ ներկայացրել: Այսօր պատահաբար աչքիս ընկավ նույն հարցազրույցի տեսագրությունը, պարզվում է իրոք նման միտք հնչեցրել է: Հիմա մի հարց եմ ուզում տալ: Ասենք, միայն Գյումրու տնակներում և կիսաքանդ շինություններում մոտ 1500 ընտանիք է մնում պատսպարված, ովքեր բնակվելու այլ կացարան չունեն և տարաբնույթ պատճառներով չեն կարող համարվել երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձած ընտանիքներ: Հիմա չխոսեմ նրանց անօթևանության պատճառների և սոսկալի կացարանային պայմանների մասին, չխոսեմ նաև մոտ մի տարի առաջ անօթևանության խնդրի լուծման մասին կառավարության կողմից հնչեցրած լրիվ այլ, անհամեմամատ մարդասիրական մոտեցումների մասին: Պարզապես ուզում եմ հասկանալ, թե ուր են ուղարկվելու մոտ հինգ հազար մեծ ու փոքրերին, երբ դոմիկներից դուրս հանեն ուժի կիրառմամբ, եթե ասվում է որ պետությունը նրանց հանդեպ որևէ կացարանային պարտավորություններ ստանձնելու մտադրություն չունի:

Հիմա մտածում եմ, որ կառավարության հարգարժան անդամը կամ սխալ է հասկացել Գյումրին դոմիկներից ազատելու վարչապետի մոտեցումները,գուցե իմ առաջարկությամբ, չբնակեցված դոմիկներից աղետի գոտին առաջնահերթ ազատելու մասին առաջարկությունն է իրեն շփոթմունքի մեջ քցել, որը ի դեպ արժանացել է վարչապետի հավանությանը, կամ գուցե կա հստակ ծրագիր, սակայն գաղտնի պահվող մի ծրագիր, ասենք դուրս հանված ընտանիքների մասսայական արտագաղթը կազմակերպելու համար, թեկուզև սիբիր: Հիմա՝ ի տարբերություն նախորդ դարի 30-ական և 40-ական թվականների, շատ -շատերը պատրաստ են հոժարակամ սիբիր աքսորվելու»: