Ուզում եք, որ ջավախահայերը Վրաստան վերադառնալուց հետո հայտնվեն բանտո՞ւմ

Ուզում եք, որ ջավախահայերը Վրաստան վերադառնալուց հետո հայտնվեն բանտո՞ւմ

Պատերազմի առաջին իսկ օրերից սփյուռքը կանգնեց Հայաստանի կողքին եւ խոսքով, ֆինանսով, ակցիաներով, «դուխ» տալով՝ փորձեց ներկա լինել Արցախում։ Շատերը հեռվից օգնություն ցուցաբերելով էլ չբավարարվեցին, փորձեցին գալ ու ֆիզիկապես ներկա գտնվել եւ անգամ մեկնել սահման ու կռվել մեր զինվորների կողքին։ Ցավոք, քովիդի պանդեմիայի պատճառով ճանապարհները փակ են, եւ ավիաթռիչքներն էլ՝ հիմնականում դադարեցված, այնպես, որ Հայաստան հասնելը բավականին բարդ է այս օրերին։ Բայց եթե հեռավոր ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից Հայաստան գալու համար բազում խոչընդոտներ կան, գոնե հարեւան երկրներից՝ Վրաստանից, Ռուսաստանից, դա անելն ավելի հեշտ է։

Մի քանի օր է՝ հայ-վրացական սահմանին կուտակումներ են․ մեր հայրենակիցներն ուզում են հատել սահմանը։ Ոչ միայն հատել, այլեւ մի խումբ ջավախահայեր ցանկանում են առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխել Հայաստան։ Սակայն Վրաստանի իշխանությունները ջավախահայերին չեն թույլատրում սահմանը հատել՝ հղում անելով Վրաստանի նոր կարգավորումներին, որոնք կապված են Covid-19-ի համավարակի հետ։ Ասում են, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել վրաց-հայկական սահմանը։ Երեկ այս մասին խոսեց նաեւ Մոսկվայի հայ համայնքի ոչ անհայտ ղեկավար, ծագումով ջավախեցի Նորայր Թեւանյանը։ Հիշեցնենք, որ այս պահանջներից առաջ ջավախահայերը բարձրաձայնել էին, որ ցանկանում են որպես կամավորներ մեկնել Արցախ։ 

«Հրապարակը» երեկ զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։ Նրան հարցրինք, թե ինչու Վրաստանի իշխանությունները մեր հայրենակիցներին թույլ չեն տալիս հատել սահմանը։ Ի պատասխան՝ Գելա Վասաձեն ասաց․ «Ձեր հայրենակիցներն առաջին հերթին Վրաստանի քաղաքացիներ են, իսկ Վրաստանում գոյություն ունի օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում որեւէ երրորդ երկրում կռվող իր քաղաքացիների համար։ Ադրբեջանցի մեր քաղաքացիներն էլ են ուզում մեկնել, մյուս կողմից կռվել իրենց պատմական հայրենիքի համար։ Բայց նորից եմ ասում՝ Վրաստանի օրենսդրությունը կտրականապես  արգելում է մեր քաղաքացիներին՝ հանդես գալ հայկական կամ ադրբեջանական կողմից»։ Ամփոփելով խոսքը՝ Վասաձեն ասաց, որ վրացական իշխանությունը սրանով ուղղակի կանխարգելում է հանցագործությունը։ Նա նաեւ հանդիմանական տոնով հարցրեց․ «Ի՞նչ եք ուզում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի Վրաստանի հետ, եթե մեր այս քաղաքացիները կռվին մասնակցելուց հետո տուն գան ու այստեղ սկսեն իրար հետ հաշիվներ մաքրել։ Մեզ մոտ՝ Վրաստանում, արցախյան հակամարտության պատճառով ազգամիջյան հարաբերություններն արդեն լարվել են, իսկ Վրաստանում երբեք նման կոնֆլիկտներ չեն եղել։ Այսօր մի ադրբեջանցի գրել էր, որ Թբիլիսիում ապրող իր որդուն հայերը սպառնում են, մի հայ կնոջ էլ ադրբեջանցիները գյուղմթերք չէին վաճառել ու քիչ էր մնացել ծեծեին»։ Ապա Գելա Վասաձեն հարցրեց՝ ուզում եք, որ ձեր հայրենակիցները վերադառնալուց հետո հայտնվեն բանտո՞ւմ։

Մենք էլ նրան հարցրինք՝ Ադրբեջանը «պատմական հայրենիք» է համարում նաեւ Աջարիան, որի նկատմամբ նկրտումներ ունի Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ 2023 թվականին Լոզանի պայմանագրի ոգեկոչմամբ ավելի բացեիբաց է հայտարարելու դրա մասին։ Գելա Վասաձեն ի պատասխան ասաց, որ ճիշտ չենք ասում՝ Թուրքիայի վարչապետն ընդամենը խոսել է այն մասին, որ Աջարիայում, Բաթումում պետք է լինի Թուրքիայի մշակութային ազդեցությունը։ Հավելեց՝ Թուրքիայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ չկան։ Միակ երկիրը տարածաշրջանում, որ տարածքային հավակնություններ ունի, ըստ Վասաձեի, Ռուսաստանն է։