Գուցե մեր երազանքի հայտարարությունը չէր, բայց վատն էլ չէր

Գուցե մեր երազանքի հայտարարությունը չէր, բայց վատն էլ չէր

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ ձեւաչափով քննարկեց արցախյան հակամարտության էսկալացիայի հարցը եւ ընդունեց ոչ թե բանաձեւ, այլ՝ հայտարարություն, որտեղ «վճռականորեն» քննադատել են ուժի կիրառումը, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների  կապակցությամբ, ցավ հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար եւ, վերջապես՝ կոչ են արել վերադառնալ բովանդակային բանակցությունների: Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առանցքային դերին։ Ի՞նչ հայտարարություն էր սա, եւ արդյոք այն կարո՞ղ էր ավելի լավը՝ ավելի հայամետ լինել։ 
Հարցն ուղղեցինք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանին։ Իհարկե, սա մեր երազանքների հայտարարությունը չէր, բայց վատն էլ չէ՝ կարծում է Պողոսյանը։ «ՄԱԿ-ի ԱԽ-ից այսօրվա դրությամբ ավելի կոշտ տեքստ սպասելը սխալ էր։

Եվ հասկանալի էր, որ այդ փուլում պետք է լիներ տեքստ, որով կոչ էր արվելու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Նա նաեւ ասում է, որ ցանկացած տեքստ իմաստ է գտնում, երբ այն օգտագործվում է։ «Արդեն հիմա գնդակը մեր դաշտում է․ ինչպե՞ս ենք մենք մեր դիվանագիտության գործիքակազմով օգտագործելու այդ տեքստը՝ մեր շահերն առաջ տանելու համար»։ Իսկ դրա համար հարկավոր է շարունակել աշխատել, աշխարհին ներկայացնել, թե ինչ է կատարվում։

Հիշեցնենք, որ քննարկումը փակ ռեժիմով էր, եւ ԱԽ 5 մշտական անդամ երկրներից 3-ը ԵԱՀԿ ՄԽ  համանախագահ երկրներն են՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա։ Եվ չնայած կոնֆիդենցիալությանը, այնուամենայնիվ, կա՞ն տեղեկություններ համանախագահների դիրքորոշումների մասին։ Թեւան Պողոսյանն ասում է՝ այդ ամենի մասին հեշտությամբ կարելի է դատել՝ կողք-կողքի դնելով համանախագահ երկրների ղեկավարների՝ ՄԱԿ-ի ձեւաչափից դուրս հայտարարությունները։ Այն է՝ ինչպե՞ս է արձագանքել Մակրոնը, ի՞նչ է ասել Պուտինի խոսնակ Պեսկովն այդ թեմայով։ Էմանուել Մակրոնը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Ես այսօր երեկոյան խոսելու եմ նախագահ Պուտինի հետ, իսկ վաղը մտադիր եմ խոսել նախագահ Թրամփի հետ` այդ հարցի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնելու եւ ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկելու համար»։ Կրեմլը, ի դեմս Պեսկովի, հայտարարել է, որ ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը։

ՄԱԿ-ին զուգահեռ, Ռուսաստանում ակտիվ աշխարհաքաղաքական շարժեր են․ ՌԴ-ն հանդես է գալիս միջնորդական առաջարկություններով, հայտարարում է, որ Վարդենիսի վրա հարձակումները մարտահրավեր են ՀԱՊԿ-ին (իհարկե, պահանջելով ապացույցներ), եւ վերջին 2 օրերին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ուղերձների տարօրինակ տոնայնություն է նկատվում, փոխադարձաբար՝ սառնություն ու ջերմացում․ նախ, հայկական կողմից մեր նախաձեռնությամբ զանգեր, չեզոք արձագանքներ, հետո ՌԴ-ն հիշում է, որ կա արցախյան կոնֆլիկտ, իր քաղաքական ու լրատվական օրակարգը լցնում դրանով, ինչից հետո էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ ՀԱՊԿ-ին չենք դիմելու։

Կա՞ մի բան, որ Երեւանին ռուսական կողմից զգուշավորության կամ վտանգի տեղիք է տալիս։ «Չէ, մերոնք ո՛չ ռուսական, ո՛չ այլ խնդիրներից չեն ելնում, այլ մեր պետական, ազգային շահերից։ Եթե մի բան հասկանանք՝ եթե Թուրքիան շարունակում է իր վարքագիծը կամ բացատրում է, որ իրենք պատրաստ են օգնել զինադադարի հաստատմանը՝ ինչ-որ պայմաններ բերելով, ապա հարց՝ արդյոք այդ պայմանները մեզ բավարարո՞ւմ են»,- հարցնում է նախկին պատգամավորը։ Արդյոք խոսքը ռուսական կողմից ակտիվացած առաջարկների մասի՞ն է, այդ թվում՝ Արցախում ռուսական խաղաղապահներ տեղակայելու։ Թեւան Պողոսյանն ասաց․ «Թե՛ խաղաղապահներ, թե՛ ասվում էր, չէ՞, Չավուշօղլուի կողմից, որ չգիտեմ․․․ ինչ-որ տարածքներ․․․ եւ ուզում եմ հասկանալ՝ երբ մենք դա լսում ենք, դրանից հետո մենք պետք է ոգեւորվե՞նք։ Այն դեպքում, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի  ղեկավարությունն էլ ասում է՝ մենք զինադադարը պետք է պարտադրենք»։

Այսինքն, ռուսական կո՞ղմն է նման առաջարկ արել, Թեւան Պողոսյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ով ինչ է առաջարկել։ Ես գիտեմ, որ մինչեւ իրական հողի վրա վիճակ չփոխվի, եւ Ադրբեջանը չզանգի ու ինքը խնդրի, որ եկեք բանակցությունների նստենք, զինադադար կնքենք, ուրեմն մենք մեր խնդիրը դեռ չենք լուծել»։