Թող իրանց հողերից տան, ինչու են աչք դրել պետության կողմից պահպանվող հողերին 

Թող իրանց հողերից տան, ինչու են աչք դրել պետության կողմից պահպանվող հողերին 

Վերջերս մեր ընթերցողին էինք ներկայացրել մի նյութ, որտեղ Լուսառատի համայնքապետ Սիրանույշ Ֆարֆանյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ մի ռուսաստանաբնակ գործարար ձեռք բերելով նախկինում «Վեդի Ալկոյին» պատկանող 11-12-րդ բլրակների դիմացի հողատարածքը, ցանկանում է այնտեղ կառուցել մշակութային տուրիստական կենտրոն։ Սակայն, ըստ համայնքապետի, հնէաբանները տեղում կատարել էին պեղումներ և ոչինչ չգտնելով, արգելել՝ իրականացնել այդ ծրագիրը։

Hraparak.am-ը, թեման պահելով իր ուշադրության կենտոնում, զրուցել և հետաքրքրվել է «Հնագիտության և ազգագրության» ինստիտուտի տնօրեն Պավել Ավեստիսյանից, թե ինչու չի թույլատրվում տասնյակ տարիների ամայի տարածքները բարեկարգել և ճիշտ օգտագործել։ 

«Այո, մենք՝ սեփականատիրոջ կողմից հատկացված միջոցներով, պեղել ենք այդ տարածքը։ Ֆիքսել ենք, որ դա բնակեցված տարածք է։ Շատ փոքր տարածքի՝ 5/5-ի վրա, ստուգողական աշխատանքներ ենք կատարել՝ ցույց տալու համար, որ դա Արտաշատ մայրաքաղաքի հատվածն է։ Գտել ենք միջնադարյան շինության սալապատ հատակի մաս, ուրարտական հորեր ենք բացել։ Ակնհայտ է, որ այդ բլրի տակ՝ բոլոր դեպքերում Արտաշատ քաղաքի խիստ կառուցապատված տարածք չկա, և այնտեղ հնարավոր է գտնենք չկառուցապատված հատվածներ։ Այնուամենայնիվ, մենք, պայմանավորվել ենք նախարարության և այդ հողի սեփականատիրոջ հետ, քանի որ մեթոդաբանություն կա՝ պետք է ստուգել տարածքները: Երկու ամիս աշխատել ենք։ Այն հատվածը, որտեղ մենք ստուգողական աշխատանքներ են կատարել՝ այդ նյութերի նկարները և գծագրերն այնտեղ դրված է և երևում է։ Այսինքն, մենք ցուցադրել ենք դա, և երկրի վարչապետն էլ եկել, տեսել է, որովհետև իր պահանջով ենք գնացել այդ տարածքները նայել և փաստագրել», - մեզ հետ զրույցում ասաց, Պավել Ավեստիսյանը։ 

Ինստիտուտի տնօրենի խոսքով, եթե հուշարձան կա պեղվող տարածքում, ապա ոչինչ չի արվում, եթե չկա՝ այդ ժամանակ ներդրողը պետք է մտածի շարունակել իր շինարարական աշխատանքները, թե՝ ոչ։ 

«Մենք սեփականատիրոջ հետ եկել ենք համաձայնության, որ նախորդ տարվա չծախսած գումարների հաշվին այդ հողատարածքի հարևանությամբ գտնվող տարածքներում, որտեղ ենթադրում ենք, որ լրիվ դատարկ պիտի լինի հողը, ևս փաստագրում անենք։ Եվ այդ ստուգողական աշխատանքներից հետո, երբ հասկանանք, որ ոչինչ չկա, նոր կառաջարկենք, որ իրենց մշակութային կենտրոնը ստեղծեն։ Ամենայն հավանականությամբ, կպահանջենք, որ դա լինի Արտաշատի հանրահռչակմանը միտված աշխատող կենտրոն։ Եթե տեսնենք, որ տարածքներ կա, որ կարելի է օգտագործել այդ նպատակով, ապա չենք խանգարի ներդրողին»,-ասաց Պավել Ավետիսյանը։ 

Տնօրենի խոսքով, իրենք սեփականատիրոջ հողի հետ գործ չունեն, սակայն, եթե դա պատմամշակութային ժառանգություն ունեցող տարածք է, այսինքն՝ հուշարձանակիր, անկախ նրանից, թե ում հողն է՝ համայնքապատկան, կամ որևէ քաղաքացու, այնտեղ ոչ ոք իրավունք չունի որևէ բան անբելու՝ մինչև պետության հատուկ թույլտվությունը չլինի։ 
«Ինչ-ինչ պատճառներով տարիներ ի վեր այդ հողերը դուրս են մնացել Արտաշատի պահպանական գոտուց։ Կարելի է դրանք օգտագործել որպես արոտավայր, բայց չի կարելի քանդել շինությունների համար։ Արտաշատ քաղաքը եղել է բլուրների վրա և բլուրների ստորոտին։ Ողջ Լուսառատը գտնվում է Արտաշատ մայրաքաղաքի վրա։ Այդ գործարարի հողը Արտաշատի պահպանական գոտուց դուրս ընկած տարածքում է, բայց մենք գտել ենք, որ դա հուշարձանակիր տարածք է։ Մինչև չպեղենք մեր կարծիքը չի կարող միս ու արյուն ստանալ։ Քանի որ մեր մասնագետների կողմից բարձրաձայնվում է, որ հուշարձանակիր տարածք է, իրենք ստիպված պետք է մեզ հետ համաձայնվեն։ Որովհետև եթե հանկարծ ինքը փորձ արեց և ինչ-որ բանի վնասեց, արդեն դատ ու դատաստանի գործեր է բացվում։ Այո, Արտաշատ մայրաքաղաքի 1970 թվականից իրականացվող պեղված հատվածներն այսօր ցուցադրելու ենթակա տարածքներ չեն։ Մենք այդտեղ հսկայական չափով գործեր ենք արել։ Մեծ մասը ծածկել ենք, մի զգալի մասը այսօրվա Լուսառատի և Փոքր Վեդիի գերեզմանոցը կերել է, և շարունակում է ուտել»,-ասաց Պավել Ավետիսյանը։ 

Վերջինս նշեց, որ իրենք ամեն անգամ փորձում են պայքարել՝ գերեզմանոցը չընդլայնվի դեպի Խոր Վիրապ, սակայն ապարդյուն: Իրենք այսօր պահանջ են դրել՝ Արտաշատը պետք է դառնա պատմամշակութային արգելոց՝ շուրջօրյա հերթապահությամբ:
«Աստիճանաբար պեղված տարածքները պետք է  բարեկարգել և  տեսքի բերել, որպեսզի դառնա գրավիչ օբյեկտ զբոսաշրջիկների համար։ Իհարկե, Արտաշատի ամենալավ բաները սահմանին կպած են և այնտեղ մուտք ու ելքի խնդիր կա, բայց բոլոր դեպքերում Խոր Վիրապի հարևանությամբ գտնվող բլուրների վրա մենք շատ արժեքավոր բաներ ունենք։ Մեկ ամիս հետո սկսում ենք դաշտային աշխատանքների հաշվետվությունները, նաև հարցեր պիտի բարձրացնենք պատկան մարմինների առաջ, որ մի քանի տեղ կա, որ հսկայական կառույցներ ենք բացել։ Պետք է պետությունը այս խնդրին լուծում տա, որպեսզի վաղը սեփականատերերը չգան ասեն՝ ինչու եք իմ  հողը քանդում-փչացնում։

Մենք աննպատակ տեղը ոչ ոքին չենք արգելում գործունեություն վարի։ Գյուղապետերին ամեն անգամ բացատրում ենք, որ ինչու է հատկապես հող տարվում հուշարձանակիր տարածքից , թող իրենց հողերից տան, ինչու չեն տալիս։ Ինչու են ամեն անգամ պետության կողմից պահպանվող հողերի վրա  աչք դնում և ասում, որ այստեղ ոչինչ չկա փուշ է աճում և այլն։ Տեղի բնակչությունը գիտակցում չունի՝ իրենց գյուղի հարևանությամբ գտնվող հողերը կամ հենց իրենց գյուղը ինչի վրա է նստած, և շատ վնաս են հատկացնում»,- զրույցի ավարտին ասաց Պավել Ավետիսյանը: