Մարդը լուրջ բիզնես նախագիծ ուներ գյուղի զարգացման` պեղումների անվան տակ թույլ չտվեցին
Արարատի մարզի տարածաշրջանում և մերձարաքսյան դաշտավայրում է գտնվում 1831 թվականին հիմնադրված նախկինում Շխլար, այսօր արդեն նոր անուն ստացած Լուսառատ գյուղը։ Լուսառատից դեպի հյուսիս գտնվում են Խոր Վիրապ վանական համալիրը (XVII-XIX դ.), սբ. Աստվածածին (XVII դ.) և սբ. Գևորգ (XVI դ.) եկեղեցիները։
Hraparak.am-ը զրուցել է Լուսառատ համայնքի ղեկավար Սիրանույշ Ֆարֆանյանի հետ, որն իր պաշտոնավարումը սկսել է 2021 թվականի հոկտեմբերին: Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ վիճակում է գտնվում գյուղն այսօր։
«Գյուղն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ։ Պետք է կամաց-կամաց լուծենք։ Լուսառատում գործում է մեկ դպրոց՝ 300-ից ավել աշակերտով։ Դպրոցի մի մասնաշենքը լավ վերանորոգված է, մյուսը՝ վթարային։ Գյուղի մանկապարտեզը նորմալ է, բայց ձմեռը չի գործում։ Փակ է լինում աշնանից սկսած մինչև ապրիլի մեկը՝ կապված ջեռուցման և աշխատավարձերի հետ։ Փողոցներ ունենք, որտեղ տները մասամբ են գազաֆիկացված։ ասֆալտապատման խնդիրներ ունենք։ Որոշ փողոցներում բնակելիներին ջուր չի հասնում, դժվար է բարձրանում ջուրը։ Այստեղ պիտի խողովակաշարերը փոխվեն։ Օրինակ, գյուղի միակ մանկապարտեզում ջուրը քիչ է հասնում, սա արդեն խնդիր է։ Ոռոգման հետ կապված պոմպերն են հին, լավ չեն աշխատում, պետք է փոխվեն, որովհետև բարձր հոսանքից կանգնում են»,-իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Սիրանույշ Ֆարֆանյանը։
Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք Լուսառատի ուղևորափոխադրումից՝ քաջատեղյակ լինելով, որ երթուղին այս ուղղությամբ վատ է աշխատում, բացի այդ համայնքի երթուղուց են օգտվում հարակից տարածքում գտնվող Խոր Վիրապ վանական համալիր ուխտի եկող բազմաթիվ օտարերկրացիներ և հայաստանցիներ։
«Երևան-Լուսառատ և հակառակ ուղղությամբ ունենում ենք օրը մոտ 3-4 անգամ ավտոբուսով ուղևորափոխադրում։ Նշեմ, որ ավտոբուսը անմխիթար վիճակում է, այդ հարցն էլ է մեծ խնդիր։ Եվ ունենք Զոդ-Լուսառատ-Արտաշատ և հակառակ ուղղությամբ նույնքան քանակով երթուղի։ Ունենք նաև անվճար Երևան-Լուսառատ ուսանողական ուղևորափոխադրում»,-ասաց Լուսառատի ղեկավարը։
Մեր այն հարցին` կարողանալո՞ւ են արդյոք համայնքային բյուջեով լուծել բազմաթիվ խնդիրները Լուսառատում, համայնքի ղեկավարն ասաց, որ համայնքային բյուջեով կլուծեն մանր խնդիրները, իսկ մեծ ծրագրերը հերթով կներկայացնեն Կառավարությանը։
«Գյուղն ունի ընդհանուր առմամբ 17 երկհարկ և եռահարկ շենք, որոնց տանիքները պետք է պարտադիր վերանորոգվեն։ Սուբվենցիոն ծրագրով այս տարի կլուծենք այս խնդիրը։ Անցյալ տարի պետության աջակցությամբ ասֆալտապատվել են թաղամասերի որոշ փողոցները։ Յուրաքանչյուր տնտեսություն մինչ օրս կոյուղի է բացել իր համար։ Մոտ ապագայում նաև պետք է այդ հարցը լուծվի, և մի ընդհանուր կոյուղի կառուցվի։ Համայնքն այդքան բյուջե չունի մեծ ծախսերի համար։ Նույնիսկ պարտքեր կային մնացած, ավագանիով այդ պարտքը տարվա վերջ փոխանցեցինք, փակեցինք»,- ասաց Սիրանույշ Ֆարֆանյանը։
Hraparak.am-ը Սիրանույշ Ֆարֆանյանից հետաքրքրվեց, թե ինչու գյուղը հարակից լինելով պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Խոր Վիրապին չի բարեկարգում եւ չի զարգացնում տարածքը՝ ճիշտ չօգտագործելով այն, որպես տուրիստական լիարժեք համայնք: Համայնքապետն ասաց, որ նման մեծ բիզնես ծրագրով իրենց դիմել են, սակայն այդ նախագիծը մերժվել է։
«Մենք այստեղ մեծ հողատարածք ունեինք, որը պատկանում էր «Վեդի Ալկո»-ին, հետո այն վաճառվել է մեկ ուրիշի՝ ռուսաստանաբնակ Գրիշա անունով մի գործարարի։ Տարածքը համարվում է և գյուղատնտեսական, և կարելի է շինություններ անել։ Աշնանը գործարարը իր ծախսերով խաղողի այգիներ քանդեց։ Հնէաբանները այդ տարածքում որոշեցին պեղումներ անել, հասկանալու համար` թույլատրելի՞ է տարածքը շահագործման համար, թե՝ ոչ։ Ոչինչ չգտան, բայց արգելեցին իրականացնել այդ բիզնես ծրագիրը։ Կառուցողը կար, փողը կար, նույնիսկ առանց պետության աջակցության, հնէաբանները թույլ չտվեցին։ Աշնանը այդ մարդու հողամասը քանդեցին պեղումների համար, փչացրին, ոչինչ չգտան, թողին գնացին»,-ասաց Լուսառատի ղեկավարը։
Սիրանույշ Ֆարֆանյանի խոսքով, այդ ծրագրով գյուղը կբարգավաճեր։ Վերջինս տեսել էր և ծանոթ էր այդ բիզնես-նախագծին։ «Պետք է գործարան կառուցվեր՝ 15.000 տոննա խաղողի մթերումով, պետք է կառուցվեր հյուրանոց, համերգասրահ, սիմպոզիումների սրահ։ 5 մասից բաղկացած կոմպլեքս շինություն պիտի լիներ, որը կբարձրացներ տուրիստների հոսքը դեպի համայնք։ Կբացվեին աշխատատեղեր` ոչ միայն մեծերի, այլև համայնքի կրթված երիտասարդների համար։ Գյուղացու համար շատ լավ կլիներ։ Նա այնպիսի մարդ էր, որ խոստացածը կատարում էր։ Օրինակ, անցած տարի գյուղամեջ այգի ունեինք՝ բավականին մաքրեցին, կարգի բերեցին, ահագին ծախսեր արվեցին։ Խոստացել էր, որ գյուղին շատ-շատ բաներով պիտի օգնի։ Այսօր այդ մարդուն մերժեցին, հիասթափվել է, այնքան է բարկացած է, որ անգամ խաղողի այգիները թողել է անմշակ։ Հնէաբանները բավականին մեծ տարածք ու շենք ունեն։ Ինչ-որ գտել են պեղումների արդյունքում` պահվում է այդտեղ, սակայն, ոչ ոք չի տեսնում։ Գործարարն անգամ առաջարկել էր, որ իր կառուցած կոմպլեքսում մի մեծ ընդարձակ սրահ կտա, որտեղ տուրիստները կմտնեն-կնայեն այդ իրերը»,-ասաց համայնքի ղեկավարը։
Սիրանույշ Ֆարֆանյանից հետաքրքրվեցինք նաև, թե այս օրերի ցուրտ եղանակային պայմանները որքանով կազդեն գյուղատնտեսական աշխատանքների վրա, վերջինս նշեց, որ խաղողի դաշտերին ոչինչ չի լինի, որովհետև դեռ չեն աշխատում, բայց ծիրանենիներն արդեն ուռած են։ Եվ եթե ջերմաստիճանը հասնի - 5, - 6 -ի, և երկարեն ցրտերը, վնաս կլինի ծիրանի բերքին։ Հողագործության առումով էլ ասաց, որ դեռ վտանգ չկա, հիմնական խնդիրը ծառերին է, կոնկրետ՝ ծիրանինը, որը ծաղկելու վրա է։
Կարծիքներ