Մայենդորֆյան թակարդից ելք կա՞

Մայենդորֆյան թակարդից ելք կա՞

ԼՂ կարգավորման 2008-18 թվականներն ընդգրկող տասնամյակի հիմքում ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված փաստաթուղթն է, որն ընդունված է անվանել Մայենդորֆյան հռչակագիր: Այն, մասնավորապես, արձանագրում է, որ կողմերը հայտարարում են, որ «նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը եւ համակողմանի համագործակցությանը»:

Այստեղ առանցքայինը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի եւ այդ շրջանակում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու՝ կողմերի պատրաստակամության արձանագրումն է: Մայենդորֆյան հռչակագիրն ընդունվել է կարգավորման մադրիդյան սկզբունքները կողմերին ներկայացնելուց շուրջ մեկ տարի անց: Ի՞նչ սկզբունքների եւ նորմերի մասին է խոսքը՝ պարզ է՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում: Բայց արված է կարեւոր վերապահում՝ կարգավորումը պետք է հենվի նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի վրա: Ինչի՞ մասին է խոսքը: Կարելի է դիվանագիտական շրջասացություն կիրառել եւ խուսափել ուղղակի պատասխանից:

Բայց դրանից ոչինչ չի փոխվի: Ըստ էության, այդ ձեւակերպման տակ առաջին հերթին նկատի են առնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձեւերը, եւ դա Հայաստանի ստանձնած պարտավորություն է: Ինչն, ի դեպ, ավելի վաղ ուղղակի տեսքով ամրագրվել է Բիշքեկյան արձանագրությամբ՝ 1994թ.: Կա՞ այդ թակարդից ելք՝ դիվանագտեները, միջազգային իրավունքի գիտակները, քաղաքագետներն ու վերլուծաբանները պետք է սեւեռվեն այդ խնդրի վրա: Ինչի՞ վրա հենվել, որպեսզի Ադրբեջանին տարածքային զիջումներ չարվեն: Ներկայումս դա հիմնավորվում է անվտանգության հանգամանքով: Վաղն իրավիճակը կարող է փոխվել: Ո՞րն է լինելու մեր իրավաքաղաքական զինանոցը: Գուցե Հայաստանը հրաժարվի՞ Մայենդորֆյան հռչակագրից եւ օրակարգ բերի հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին եռակողմ՝ Ադրբեջան-Արցախ-Հայաստան համաձայնության գաղափա՞րը: