Մենք բացառում ենք ցանկացած համագործակցություն «Քաղպայմանագիր» կուսակցության հետ

Մենք բացառում ենք ցանկացած համագործակցություն «Քաղպայմանագիր» կուսակցության հետ

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են։ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների թեկնածուների ցանկը, եկամուտների հայտարարգրերը, ընտրացուցակում նրանց համարները։ Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Նրանցից մեկը «Արդար Հայաստան» կուսակցությունն է, որի ցուցակը կգլխավորի փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Մենք զրուցել ենք ցուցակի երկրորդ համարի ավագանու թեկնածու Հրաչյա Ստեփանյանի հետ։ 

-Ո՞վ է Հրաչյա Ստեփանյանը մասնագիտությամբ և ի՞նչ հանրային գործունեություն է ծավալել մինչ այս պահը։ 

-Մասնագիտությամբ տնտեսագետ, կառավարման մասնագետ եմ, 2021թ-ից` «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադրումից ի վեր, հանդիսանում եմ կուսակցության անդամ, կուսակցության ակտիվ անդամներից եմ, 2021թ-ին «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով որպես պատգամավորի թեկնածու մասնակցել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 

-Ձեր կուսակցությունը նոր է և հասարակության համար դժվար ճանաչելի։ Կհասցնե՞ք նախընտրական շրջանում դառնալ ճանաչելի և ընտրողների վստահությունը վայելել։ 

-Այո, մեր կուսակցությունը նոր է, ընդամենը երկու տարվա կուսակցություն է։ Բայց չեմ կիսում այն կարծիքը, որ մենք ճանաչելիության խնդիր ունենք, հանրության շրջանում ունենք շատ լավ ընկալում։ Այս տարիներին մասնակցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՏԻՄ ընտրություններին, մի քանի համայնքներում ունենք ավագանիներ, մասնակցում ենք համայնքների կառավարմանը։ 

-Որքա՞ն եք գնահատում ձեր կուսակցության շանսերը։ 

-Քարոզարշավի մեկնարկից սկսած հասցրել ենք շփվել բազմաթիվ քաղաքացիների հետ, ովքեր բարձր են գնահատում մեր կուսակցության արժեքներն ու գաղափարները, վստահում են մեր քաղաքական ուժին, այդ իսկ պատճառով համոզված եմ, որ հաջողելու ենք։ 

-Եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն լինի, ո՞ր ուժերի հետ կմիանաք և ո՞ր ուժերին չեք միանա։ 

-Մենք բացառում ենք ցանկացած համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և բոլոր այն ուժերի հետ,ովքեր այս տարիների ընթացքում գործել են ի վնաս մեր պետականության։ 

-Որո՞նք են Երևան քաղաքի առաջնահերթ երեք խնդիրները, որ կլուծեք, եթե ստանձնեք մայրաքաղաքի ղեկավարումը։ 

-Երևան քաղաքում, անշուշտ, խնդիրները բազմաթիվ են և բոլորն էլ առաջնային են։ Սակայն առանձնացնեմ երեքը, որոնք մինչ օրս վերջնական լուծում չեն ստացել` աղբահանության, տրանսպորտի, քաղաքաշինության խնդիրները։ 

-Հնարավո՞ր չէր համախմբվել այլ ուժերի հետ, որոնք նոր են, բայց ներկայանում են արմատական ընդդիմադիր դիրքերից և իշխանությանը ցույց տալ ավելի ուժեղ հակազդեցություն։ 

-Մենք առաջին քաղաքական ուժն ենք եղել, որ համախմբման կոչ ենք արել բոլոր առողջ ուժերին և հանդես գալ մեկ միասնական, չվարկաբեկված, կոռուպցիոն գործարքներում երբևէ չթաթախված թեկնածուով։ Սակայն բազմաթիվ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները արդյունք չտվեցին։ Այդ իսկ պատճառով մենք այս ընտրություններին մասնակցում ենք առանց որևէ այլ քաղաքական ուժի հետ համախմբվելու։ 

Կարեն Քերիմյան