Ես ուզում եմ ապրել 2017 թվականի Հայաստանում

Ես ուզում եմ ապրել 2017 թվականի Հայաստանում

Արդեն երկար ժամանակ է, ինչ ես ուզում եմ ապրել 2017 թվականի ամառային վերջին օրերի Հայաստանում: Չէ, իմ ցանկացածը «Հ1-ի Հայաստան»-ը չէ: Դա այն պետությունն էր, որն ընդամենը մեկուկես տարի առաջ էր կասեցրել թշնամու ագրեսիան Արցախի ուղղությամբ եւ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի եւ թե՛ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի մեջ կրկին ամրապնդել ազգային արժանապատվության զգացումը: Այն պետությունն էր, որի հետ հաշվի էին նստում համաշխարհային մակարդակի խաղացողները: Որը թե՛ պատերազմի դաշտում եւ թե՛ գերտերությունների մայրաքաղաքներում ստիպում էր իրենից մի քանի անգամ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին խեղճանալ իր առջեւ: Որի զինված ուժերն ապահովում էին արժանապատիվ խաղաղություն ու անվտանգություն պայթյունավտանգ մեր տարածաշրջանում: Այսօր արդեն ավանդույթ դարձած շրջափակումների ու առեւանգումների մասին ադրբեջանցիները երազել անգամ չէին համարձակվի:

Այն պետությունն էր, որն արդեն շուրջ մեկ տարի ուներ նոր վարչապետ, որին ես, որքան էլ զարմանալի թվա, հարգում էի: Այո, լինելով ընդդիմադիր թե՛ հանրապետականներին եւ թե՛ նրանց իշխանությանը, ես հարգանքով էի վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանին: Շաբաթը մեկ ուշադրությամբ հետեւում էի նրա ղեկավարությամբ անցկացվող կառավարության նիստերին: Ու թեեւ ընդդիմադիր էի, բայց որպես օբյեկտիվ դիրքորոշում ունեցող անձ՝ անընդհատ արձանագրում էի, թե ինչպես են նրա գործունեության շնորհիվ աստիճանաբար մաքրվում մեր «ավգյան ախոռները»:

Միակ խնդիրը կապված էր վարչապետի անձի հետ՝ դժվարությամբ էր խոսում միկրոֆոնով, ու լարվում էի, որ հասկանայի այն հանձնարարականները, որ տալիս էր նիստերի ընթացքում: Ի դեպ, տարիուկես զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ ենթականերին տվել էր ավելի քան 300 հանձնարարական, որոնցից չէր կատարվել ընդամենը մեկ տասնյակը: Մնացածի մեծ մասն արդեն կատարվել էր, իսկ ավելի բարդերը գտնվում էին կատարման ընթացքում:
Ես ուզում եմ ապրել 2017 թվականի Հայաստանում, որտեղ գործող իշխանությունն արդեն սկսել էր գիտակցել, որ երկրի խորհրդարանը չպետք է լինի ընդամենը երկոտանի արարածների հավաքատեղի: Ու, ըստ այդմ, ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրությանն ընդառաջ հիմնականում դադարեցրել էր տարատեսակ շմայսների հավաքագրումը: Եվ Հայաստանի Ազգային ժողովը դարձրել էր այնպիսի վայր, որտեղ երկար ընդմիջումից հետո սկսում էին հավաքվել եւ քննարկումներ անել իրենց գործի գիտակները: Իհարկե, 2017 թվականին դեռեւս առկա չէր կախարդական փայտիկը, որի շարժումով պետք է ինքնաբերաբար վերանար երկրում դեռեւս տիրող «բեսպրեդելը»: Ու դեռեւս առկա էին «տասովշչիկներ», որոնք, որպես թաղային հեղինակություններ, փողի միջոցով կարգավորում էին ընտրական գործընթացը: Նաեւ առկա էին տառաճանաչ «չեբուրաշկաներ», որոնք էքստազի մեջ էին ընկնում՝ ՀՀ երրորդ նախագահի անունը լսելիս: 

Բայց այդ ամենը նախորդ ժամանակաշրջանին բնորոշ երեւույթներ էին, որոնք աստիճանաբար գտնում էին իրենց լուծումները՝ դանդաղորեն, սակայն հաստատակամ վերածվելով պատմության: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ՝ պետական սեփականության սեփականաշնորհման ընթացքում փաստաթղթեր ու նույնիսկ գործող անձանց առեւանգությունները: Կամ՝ ավելի ուշ, քվեարկության օրը, օրինակ, քվեարկության արկղ քվեաթեթիկներ լցոնելը կամ այդ արկղը գողանալը: Հասկանալի է, սակայն, որ հենց այդ ամենի հետեւանքով տեղի ունեցան 2018 թվականի գարնանային իրադարձությունները: Բայց հաջողություն գրանցած տարբեր երկրների պատմությունը վկայում է, որ համարյա բոլորն անցել են զարգացման նման փուլերի միջով: Որովհետեւ որեւէ մեկին չի տրվում օրինականության կամ ժողովրդավարության բարձր աստիճան միանգամից ու առանց դրան հասնելու համար պայքարի: Բայց բոլոր այն երկրներում, որտեղ աստիճանական զարգացումն ընդհատվում է փողոցային բռնի կամ իբրեւ թե ոչ բռնի շարժումներով, ստիպված են վերադառնալ նախնական փուլին ու ամեն ինչ սկսել նորից: Թեկուզ մի աստիճան ավելի բարձր՝ սեփական սխալներից դասեր քաղելու մակարդակում: