Իսկ ո՞ւր է մեր «փայը»` Արցախը ծախելու առեւտրից

Իսկ ո՞ւր է մեր «փայը»` Արցախը ծախելու առեւտրից

Արցախում ներքաղաքական թեժ պայքար է. Արցախի նախագահի եւ պետնախարարի հրաժարականը պահանջողների պակաս չկա: Նրանց անգործության եւ իրավիճակից ելքեր գտնելու անկարողության մեջ հեշտ է մեղադրել, բայց դրա փոխարեն ի՞նչ են առաջարկում նրանց քննադատները: Հնարավոր է, որ եթե իրենք զբաղեցնեին Հարությունյանի եւ Ներսիսյանի պաշտոնը, Լաչինի միջանցքը բացվեր, կամ Ադրբեջանը հրաժարվեր Արցախը դատարկելու իր մտադրությունից, կամ ի՞նչ կանեին իրենք, եթե լինեին նրանց փոխարեն: Այնպիսի տպավորություն է, որ Արցախում պայքարը գնում է ոչ թե հանուն Արցախի փրկության, այլ որոշ գործիչներ պայքարում են, որ հենց իրենք Ադրբեջանի հետ առեւտուր անեն Արցախը հանձնելու շուրջ, որ առեւտրի հասույթն էլ իրենց բաժին հասնի: Երբ բոլոր նպատակներն ու գաղափարներն արժեզրկվում են, թվում է, թե միակ կայուն արժեքը մնում է փողը:

Արցախի տարածքային եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանն Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին անվանում է «դատարկախոս, պոռոտախոս, որեւէ բան անելու անընդունակ գործիչ»: Խանումյանը Ներսիսյանին մեղադրում է այն բանի համար, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել հանդիպել եւ բանակցել միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ, խաղաղապահների նստավայրում կամ մեկ այլ վայրում, բայց նրանց երաշխիքների ներքո: Խանումյանն ասում է, թե ինչպե՞ս կարելի է ռուսական կողմին միջնորդ ընդունել, երբ Ռուսաստանը վերջերս Արցախի հարցի կարգավորման մի ծրագիր է ներկայացրել, որով արցախցիները պետք է ճանաչվեն էթնիկ փոքրամասնություն: «Ոչինչ չեք կարողանում անել, նշանակողիդ էլ վերցրու, գնացեք ձեր տները»,- Ներսիսյանին կոչ է անում Հայկ Խանումյանը: 

Խանումյանը հայտնի է նրանով, որ Արցախի պետնախարարի պաշտոնին հավակնող Սամվել Բաբայանի թիմակիցն է, նաեւ նրանով, որ 2022 թվականի ամռանը, երբ դեռ զբաղեցնում էր Արցախի տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, հանդիպել էր Բերձորի եւ Աղավնոյի բնակիչների հետ ու նրանց հորդորել լքել իրենց բնակավայրերը՝ զգուշացնելով, որ ռուս խաղաղապահներն այլեւս իրենց չեն պաշտպանելու, եւ լավ կլինի, որ իրենք անաղմուկ ազատեն բնակավայրերը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Խանումյանը նաեւ համոզում էր բնակիչներին, որ նրանք չայրեն իրենց տները, դրանք անվնաս հանձնեն Ադրբեջանին՝ սպառնալով, որ այրողները կենթարկվեն պատասխանատվության կամ կզրկվեն փոխհատուցում ստանալու իրավունքից: Շատերի մոտ, դեռ այն ժամանակ, տպավորություն էր ստեղծվել, որ Խանումյանը ներկայացնում է ոչ թե Արցախի, այլ Ադրբեջանի իշխանության շահերը, այլապես ինչո՞ւ պետք է մտահոգվեր Ադրբեջանին հանձնվող գույքի անվնաս լինելով: 2022 թվականի նոյեմբերին, երբ Խանումյանն ավարտել էր Բերձորը եւ հարակից գյուղերը հայաթափելու գործը, այլեւս չնշանակվեց նախարար եւ դարձավ ընդդիմադիր:
Ինչպես Խանումյանի առաջնորդ Բաբայանը, այնպես էլ Արցախի պետնախարար Ներսիսյանը պատրաստ են Ադրբեջանի հետ բանակցել՝ համարելով, որ դրան այլընտրանք չկա: Բայց Խանումյանը Ներսիսյանին ասում է` հրաժարական տուր եւ գնա, բայց չի ասում, որ ինքը դեմ է Ադրբեջանի հետ բանակցություններին, չի ասում, որ պետք է չհանձնվել եւ թեկուզ մինչեւ վերջին շունչը որեւէ շփում չունենալ թշնամու հետ: Խանումյանը դեմ է ոչ թե բանակցություններին, այլ բանակցողին եւ բանակցային որոշ դետալների: Մասնավորապես նա համարում է, որ Սամվել Բաբայանն ավելի լավ բանակցող է, քան Ներսիսյանը, եւ այս գործին ռուսներին իմաստ չունի խառնել: 

Ի՞նչ կփոխվի Խանումյանի եւ Արցախի համար, եթե Ադրբեջանի հետ բանակցի ոչ թե Ներսիսյանը, այլ՝ Բաբայանը: Մեր կարծիքով՝ Արցախի համար տարբերություն գրեթե չի լինի, անկախ նրանից՝ Բաբայա՞նը կբանակցի, Ներսիսյա՞նը, թե՞ Արցախի մեկ այլ ներկայացուցիչ, Ադրբեջանը պնդելու է իր պահանջները եւ դրանցից հետ չի կանգնելու: Քանի դեռ Արցախի թիկունքում կանգնած չէ ուժեղ Հայաստանը, Ադրբեջանը միայն մի նպատակ է հետապնդելու՝ կուլ տալ Արցախը: Ինչ վերաբերում է Խանումյանին, ապա նրա համար բանակցողի փոփոխությունը կարող է շատ էական տարբերություն բերել: Խանումյանը, թերեւս, նկատի ունենալով Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի փորձը, տեղյակ է, որ Ադրբեջանը հանձնված տարածքների փոխարեն ինչ-որ փոխհատուցում է տալիս, այլ կերպ չես բացատրի նրա ջանասիրությունն այդ բնակավայրերի դատարկման հարցում: Նա կտրականապես դեմ է, որ բանակցություններում ներգրավվի ռուսական կողմը, քանի որ Խանումյանը կարող է մտավախություն ունենալ, որ ինչպես ցանկացած միջնորդ, ռուս խաղաղապահների հրամանատարությունը եւս կարող է որոշակի մաս պահանջել գործարքից:

«Ինչո՞ւ մենք պետք է ռուսներին փայ տանք, եթե կարող ենք վերցնել ամբողջը, կամ` ո՞վ է Կոզլեւիչը, ես ոչ մի Կոզլեւիչ էլ չեմ ճանաչում» տրամաբանությամբ: Խանումյանը մտածում է, որ եթե բանակցի Ներսիսյանը, կնշանակի, որ Բաբայանը, հետեւապես՝ եւ ինքը, դուրս կմնան բանակցային գործընթացից, հետեւապես՝ եւ չեն կարող որեւէ շահ ակնկալել գործարքից, եթե այն կայանա: Եթե Բաբայանը նշանակվեր պետնախարար, Խանումյանը կրկին կնշանակվեր նախարար եւ, ինչպես 2022 թվականի ամռանը, թեւերը քշտած՝ կմասնակցեր Արցախի մյուս շրջանների հայկական բնակչության տարհանմանը՝ կրկնելով նույն բացատրությունը`ռուս խաղաղապահների վրա հույս դնել չարժե, ձեր միակ փրկությունը որոշակի ժամկետի մեջ հեռանալն է: 

2018 թվականի հունիսին ոգեւորված իր համերկրացի Նիկոլ Փաշինյանի` Հայաստանում իրականացրած իշխանազավթումից՝ Հայկ Խանումյանն ուզում էր հեղաշրջումն արտահանել Արցախ, այնտեղի խորհրդարանում թունդ ընդդիմադիր խաղալով: Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, չդիմանալով Արցախի խորհրդարանում Խանումյանի բեմականացրած ներկայացումներին եւ զգալով, թե ինչ աղետ են իր հայրենիքի համար ներկայացնում նիկոլիզմն ու դրա արցախյան դրսեւորումները, Խանումյանին անվանեց «գյալմա», որը հետագայում պարզվեց, որ նշանակում է եկվոր: Շատերն այն ժամանակ դատապարտեցին Գալստյանին, որ նա վիրավորում է պատգամավորին՝ հայաստանցի-արցախցի տարանջատում մտցնելով եւ չդրսեւորելով զսպվածություն: Այդ դատապարտողների մի մասը հիմա կորցրել է իր տունն ու հայրենիքը, իսկ մյուսները կեսճանապարհին են, քանի դեռ Հայկ Խանումյանը եւ նրա նման մտածողներն ավարտին չեն հասցրել իրենց գործը:

Ավետիս Բաբաջանյան