Եթե շահարկում ես Արցախի հարցը` առանց լուծում առաջարկելու, ձայն ես փախցնում

Եթե շահարկում ես Արցախի հարցը` առանց լուծում առաջարկելու, ձայն ես փախցնում

Երեւանի ընտրությունների քարոզարշավն օրեցօր թափ է հավաքում` քաղաքական ուժերի ներկայացուցիչները, թաղեթաղ ընկած, քարոզչություն են անում, մայրաքաղաքում ամենուր պլակատներ են փակցված: Որքան էլ ասենք, որ այս անգամվա ընտրությունները բավարար հետաքրքրություն չեն առաջացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, այնուամենայնիվ, նախընտրական փուլն ընթանում է իր կանոններին համապատասխան:

Լուրեր կան, որ ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերը քննարկում են համատեղ հայտարարությամբ հանդես գալու հարցը: Ոմանք պնդում են, որ մի կարեւոր հարց կա` հետընտրական ինչ համագործակցության են պատրաստ քաղաքական ուժերը: Դա կորոշակիացնի, թե ով ով է, եւ երեւանցիները կկարողանան կողմնորոշվել, թե ում ձայն տան: Ըստ այդմ, մի հարց է քննարկվում` որ ուժերը կհայտարարեն, որ «Քաղպայմանագրի» հետ կոալիցիա չեն կազմելու: Մեր զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է:

- Պարոն Խաժակյան, աշխարհում ընդունված պրակտիկա կա, համաձայն որի` ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը հուշագիր են ստորագրում, ըստ որի՝ խոստանում են կեղծիքներ թույլ չտալ, սեւ փիառ չկիրառել եւ բացառում են համագործակցությունն իշխող թիմի հետ: Հետաքրքիր է` դուք եւ մնացյալ ուժերը, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, չե՞ք քննարկել իշխանության հետ կոալիցիան բացառելու հարցը:

- Ես նման քննարկում ոչ մեկի հետ չեմ ունեցել եւ նման բնույթի քննարկման մասին ոչինչ չգիտեմ: Ինչ վերաբերում է Ձեր նշած պրակտիկային, ապա, ըստ իս, դա ավելի շատ վերաբերում է քաղաքական ընտրություններին` պառլամենտական կամ նախագահական:

- Քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ չե՞ն:

- Պայքարը քաղաքական է, սակայն առաջադրված խնդիրները քաղաքային են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական պայքարի մեջ կան սկզբունքային տարբերություններ: Օրինակ` մի ուժը սոցիալիստական ուժ է, մյուսը` լիբերալ: Մեր պարագայում այդպես չէ: Խոսում ենք, օրինակ, տրանսպորտի խնդրի լուծման մասին, այստեղ կարող են տարբեր լինել լուծման ուղիները: Կան, իհարկե, մոտեցումների տարբերություններ, սակայն դրանք այլ են:

- Կա տեսակետ, որ Երեւանի ավագանու այս ընտրությունները բացառիկ են, քանի որ երկրում տիրող իրավիճակն է բացառիկ: Օրինակ, «Մայր Հայաստան» դաշինքն Արցախի մասին ավելի շատ է խոսում, քան՝ Երեւանի:

- Երբ կազմում էինք մեր ընտրական պլանը, բնականաբար, քննարկել ենք, թե ինչ տեսակ հարցերի պետք է անդրադառնանք: Որոշել ենք, որ Արցախի բարդ իրավիճակը չպետք է դառնա քաղաքական շահարկումների առիթ: Մարդիկ չպետք է դիվիդենտներ շահեն Արցախում առկա իրավիճակից: Եթե շահարկում ես Արցախի հարցը, բայց չես առաջարկում լուծման տարբերակը, դա նշանակում է, որ այն օգտագործում ես որպես ձայն հավաքելու պատրվակ: Մենք նման բաներից ձեռնպահ եք մնացել:

- ՔՊ-ի հետ կգնա՞ք կոալիցիայի:

- Ո՛չ բացառում եմ, ո՛չ ուզում եմ, ո՛չ էլ այդ հարցը քննարկել եմ: Այդ հարցի պատասխանը կստանանք միայն ընտրություններից հետո: Ընտրություններին չենք մասնակցում, որ կոալիցիա կազմենք: Մասնակցում ենք, որ մեծամասնություն ունենանք: Ուժերի բաշխվածությունից հետո պարզ կլինի, թե ինչ ենք անելու: