1995-ին Հ1-ի աշխատողները պատժվեցին նախագահի ելույթը խախտումներով հեռարձակելու համար

1995-ին Հ1-ի աշխատողները պատժվեցին նախագահի ելույթը խախտումներով հեռարձակելու համար

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական վարչության կոլեգիայի անդամ, ՀՀՌԸ լրատվական ծառայության եւ «Լրաբեր» լրատվական ծրագրի նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եթերի տեխնիկական կադրերի հետ կապված սկանդալին, գրել էր, որ ազդանշանի խնդրի հետ կապված, ընդհանուր առմամբ, վարչապետի մամուլի քարտուղարը սխալ չի արտահայտվել՝ այո, «գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների, պրոֆեսիոնալիզմի բացակայության, թափթփված աշխատելաոճի, գործից անտեղյակների ու նման բաների հետ»։  Բայց նաեւ նշել էր, որ արդարությունը պահանջում է ասել, որ վարչապետի մամուլի քարտուղարի ու վարչապետի մեդիա-պատասխանատուների մասով նույնպես գործ ունենք նույն երեւույթների հետ։ Մեր հարցին, թե ինչպես է դա հնարավոր, Արայիկ Մանուկյանն ասաց․ «Կարդալով այդ տղայի գրածը, եւ, ինչպես ինքն է ասել՝ «մենք REC. ենք», ու իր պարտականությունը չի համարել դրանից հետո զգուշացնելու, որ ձայնագրման փուլում են, նա համարում է, որ իր պարտականությունները կատարել է, բայց էդպես չի, էլի։ Բոլոր մարդիկ, ովքեր հեռուստատեսությունում են, գիտեն․ նույնիսկ եթե իր աշխատանքային պարտականությունների անձնագրի մեջ գրված է, որ ինքը, այսպես կոչված՝ քաղաքական կողմի հետ կապ չունի եւ չպետք է վարչապետի աշխատակազմին կամ մամուլի քարտուղարին զգուշացնի, բայց չէ՞ որ կա «հեռուստատեսության մարդ» հասկացություն, հեռուստատեսության մարդը բոլորովին ուրիշ բան է։ Եվ սա, նախեւառաջ, հեռուստատեսության պատիվն է ու խնդիրն է, քան վարչապետի կամ մյուսների, ըստ էության»։ Այլ խոսքով՝ աշխատակիցը, որն արդեն ազատման դիմում է գրել, նկատի ունի, որ իր «Rec» ասելուց հետո վարչապետի արարողակարգը, մամուլի քարտուղարը պետք է ավտոմատ հասկանային, որ ձայնագրման փուլում են, եւ դա պարտադիր ընթացակարգ է։ Բայց Արայիկ Մանուկյանն ասում է․ նա պետք է հավաստիանար՝ դիմացիններն այդ մասին գիտե՞ն։ «Կամ էդ մարդկանց օգնես, հուշես, չէ՞ որ վարչապետի՝ երկրի ղեկավարի ուղիղ եթերի մասին է խոսքը»։ Նա ավելացնում է՝ ի վերջո, ուղիղ եթեր տալու կանոններ գոյություն ունեն, որոնց մասին բոլոր պրոֆեսիոնալները 2 օր է՝ գրում են։

«Ազդանշանը չեն տալիս, որ վարչապետի փորձը եթեր մտնելով գնա, ազդանշան տալու հազարումի ձեւ կա․ «գեցեպե» են եթեր տալիս, պատկեր, ձայն, այսինքն՝ ազդանշան են տալիս, որպեսզի մնացածները ստուգեն, իսկ, ինչ է, ազդանշան տալուց առաջ վարչապետին որեւէ մեկը հեռուստատեսությունից պետք է չզգուշացնե՞ր, որ ազդանշան ենք տալիս, եւ որ «Ձեր փորձը» հիմա եթեր է մտնելու, տեսնում են բոլորը․․․»,- մեկնաբանեց Արայիկ Մանուկյանը։ Նա մեջբերեց հեռուստատեսության փորձառու օպերատորներից Վարդան Աբելյանի՝ հեռուստաեթերի տեխնիկական հեռարձակման անվտանգության կանոնների մասին գրառումը՝ ասելով, որ դա հարկավոր է անել 2 տեսախցիկով։ Առաջին հիմնական տեսախցիկն անհրաժեշտ է վարչապետի կադրը կառուցելու համար, իսկ երկրորդն ուղիղ եթերի ժամանակ պետք է պահի ճիշտ նույն կադրը, ինչ առաջինը։ Եվ հեռուստաընկերություններին տեխնիկական ազդանշան ուղարկելուց առաջ անհրաժեշտ է երկրորդ տեսախցիկով պահել որեւէ ուրիշ պատկեր։ Արայիկ Մանուկյանն ասում է․ օրինակ՝ Ազգային պատկերասրահի շենքը։ Կամ «Գեցեպե»։ Եվ կամ ձայնի ուրիշ ազդանշան։ Նաեւ նշում է՝ եթերն ունենում է տարբեր պատասխանատուներ, թողարկիչ ռեժիսոր եւ այլն։ Սակայն չէ՞ որ նախկինում նույն Հանրայինը վարչապետի հետ աշխատել է, ինչո՞ւ առաջ նման բաներ չեն եղել։ Հարցին ի պատասխան, Արայիկ Մանուկյանն ասաց, որ, նախ, դավադրությունների տեսությունների կողմնակից չէ եւ ուզում է հավատալ, որ դա փնթի աշխատանքի արդյունք է, եւ երկրորդ․ չգիտի՝ միգուցե նախկինում ա՞յլ մարդիկ են եղել, տեխնիկական պատասխանատունե՞ր են փոխվել։ Սրանք խնդիրներ են, որոնք կարող են հասկանալ Հ1-ի ներսում։
Մեր զրույցի պահին ազատման դիմում գրել էր Վարդան Հակոբյանը՝ եթերի պատասխանատուն, խոսվում էր, որ գրելու են նաեւ Մարգարիտա Գրիգորյանը, Արա Շիրինյանը։ Արայիկ Մանուկյանի կարծիքով՝ պատասխանատվություն պետք է կրեն բոլորը։ «Ես չգիտեմ՝ Մարգարիտա Գրիգորյանը պետք է հեռանա, թե չէ, բայց պատասխանատվություն պետք է կրեն հեռուստատեսության ղեկավարները։ Այն փաստի հետ կապված, որ երկրի ղեկավարի ելույթը Հ1-ով ոչ պատշաճ է հեռարձակվում։ Այո, որեւէ սարսափելի բան չկա այն փաստի մեջ, որ Նիկոլ Փաշինյանը հազում է կամ ջուր է խմում եւ այլն, բայց այստեղ խնդիրն այն չէ՝ հազում է, թե ջուր է խմում, այլ այն, որ երկրի ղեկավարի ելույթը հեռուստատեսությունը պարտավոր է պատշաճ եթեր տալ՝ բոլոր տեխնիկական անվտանգության կանոններով։ Ուստի, եթե պատշաճ չի հեռարձակվել, անպայման պետք է դրա համար մարդիկ կրեն պատասխանատվություն։ Դա իրենց բարոյական պատասխանատվության խնդիրն է, անկախ նրանից՝ իրենք վերցնո՞ւմ են այն, թե՞ ոչ։ Բայց բարդել այն ուրիշի վրա, առնվազն բարոյական չէ, որովհետեւ հեռուստատեսությունը մենակ էդ տղան չէ»,- ամփոփեց Մանուկյանը։ Եվ մի հարց տվեց՝ նախկինում նման ուղիղ եթերների ժամանակ արդյոք հեռուստաընկերության ողջ ղեկավար կազմը չէ՞ր գնում ու կանգնում այդ ամենի գլխին, ներկա լինում ընթացքին։ Եվ ավելացրեց՝ պարտավոր են գնալ ու ներկա լինել։

Ի դեպ, կա նման՝ 1995 թվականի  մի նախադեպ, երբ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ երկրի առաջին դեմքի ելույթի պատճառով, ՀՀՌԸ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ նրա հետ շատ-շատերը, այդ թվում՝ Արայիկ Մանուկյանը հրաժարական տվեցին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նախատեսված ժամանակից 20 րոպե ավել  էր եթեր գնացել եւ հեռուստատեսության երկրորդ ալիքով կրկնվել։ Այն ժամանակ համապատասխան հաշվարկ չէր արվել, եւ նախագահի ելույթը քարոզարշավի փուլում հեռարձակվել էր օրենքի խախտումներով։ «Այն մարդիկ, որոնք 95-ին հրաժարական տվեցին, իրենք անձնապես ոչ մի կապ չունեին խախտման հետ, իրենք չէին ուղղակիորեն պատասխանատուները: Ի դեպ, անմիջական պատասխանատուները հրաժարական չտվեցին կամ ազատման դիմում չգրեցին»,-հիշեց Արայիկ Մանուկյանը։