Վարչապետը սպառվել է

Վարչապետը սպառվել է

Աշխատանքային պարտավորություններից ելնելով ստիպված նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը։ Ստիպված, քանի որ ի սկզբանե արդեն իսկ գիտեի, թե ինչ է խոսելու։ Իրականում բոլորը գիտեն, նույնիսկ ամենաանկիրթ մարդն էլ կարող է կանխատեսել վարչապետի մտքի թռիչքը և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը վերջին մեկ ու կես տարիներին նոր բան չի ասել և դժվար էլ կարողանա ասել։ Պարբերաբար ստիպված ենք գործ ունենալ նույն մաշված ու չարչրկված տեքստերի հետ, որոնք ոչ միայն ձանձրալին են, այլ նաև հոգնեցնող։ Օրինակ «Մատրիցան» 20 անգամ նայել եմ ու ամեն անգամ նոր բան եմ բացահայտել։ Այսինքն մեկ ֆիլմը շատ ավելի բազմաշերտ է ու բովանդակային, քան Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները միասին վերցրած։ 

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է իրավիճակն այսքան միագույն և նույնական։ Այս հարցի պատասխանը փորձել եմ տալ դեռևս ամիսներ առաջ և եկել եմ այն համոզմանը, որ հեղափոխությունը՝ որպես ինտելեկտուալ գործընթաց, արդեն իսկ սպառվել է։ Այն ինչ-որ պայմանական կետից մեկնարկել է, այնուհետև քարացել ու անշարժացել է՝ դառնալով անպետք հուշարձան։ Իսկ հուշարձանը ոչ առաջ կարող է շարժվել և ոչ էլ ետ, այն պետք է մնա նույն տեղում և իր պատվանդանին սոսնձված։ 

Փաստացի Նիկոլ Փաշինյանը հենց այդ հուշարձանի կարգավիճակում է, ինչի հետևանքով էլ առաջադիմական քաղաքական շարժումը փոխակերպվել է քաղաքական կրոնի։ Իսկ կրոնները, ինչպես գիտեք, խիստ պահպանողական և ավանդույթներից կառչած համակարգեր են։ Այսինքն, հեղափոխություն կոչվածն արդեն իսկ կրոն է, որին Նիկոլ Փաշինյանը փորձում է պետական կրոնի կարգավիճակ շնորհել։ Իսկ պետական կրոնը բացառում է ամեն տեսակի այլախոհության հնավարությունը, ինչից հետևում է, որ «Նիկոլականությանը» հակադրվող յուրաքանչյուր մեկը դիտարկվում է որպես հերձվածող (աղանդավոր)՝ պաշտոնական դավանանքից շեղված։ Եկեղեցի-իշխանություն բախման համատեքստում տեսությունն այս ավելի հաստատուն դարձավ, քանի որ տպավորությունն այնպիսին էր, թե հակամարտությունը երկու իրարամերժ կրոնական հոսանքների միջև է՝ «Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի սրբերի» և Հայ առաքելական եկեղեցիների միջև։ 

Թերևս հենց այս կրոնականությամբ են բացատրվում Նիկոլ Փաշինյանի անփոփոխ և փաստարկներից զուրկ տեքստերը։ Նա հայտնվել է հոգևոր առաջնորդի դերում և բնականաբար պետք է ամեն առիթով և անվերջ խոսի նույն կրոնական դոգմաների մասին, որոնք ո՛չ ապացուցելի են և ո՛չ էլ հիմնավորման ենթակա, քանի որ կրոնական տեքստերը մետաֆիզիկայի ժանրից են ու գիտականորեն անաապացուցելի։ Այս ամենի հետևանքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ժամանակը և՛ շարժվում է և՛ չի շարժվում, օրացույցն իր պարբերական ընթացքով փոխվում է, իսկ մենք շարունակում ենք քարշ գալ ու մոլորվել 2018-ի տափաստաններում։ Իրականությունը քարացած է, փոխվում են միայն իրերն ու դրանց վերաբերյալ ընկալումները։ Երկու տարի առաջվա ձնծաղիկները փոխակերպվել են փշի և մոլախոտի, իսկ ազատության ոգին փոխարինվել է պաշտամունքային գարշահոտով։ 

Որքան էլ, որ իրավիճակը ողբերգական լինի, միևնույն է ողբերգությունն ունի պատճառ և դրա հաղթահարումը պայմանավորված է այդ պատճառի ընկալմամբ։ Ընթերցողներից շատերը ճշմարտացիորեն կնկատեն, որ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, որը քարացել և հուշարձան է դարձել։ Արձանագրելով այս փաստը՝ մարդիկ կգան հետևյալ եզրակացությանը․ անհրաժեշտ է վերակենդանացնել քարացածին, որպեսզի նա վերածնվի և շարունակի ճանապարհը։ 

Ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ մենք հայտնի հեքիաթում չենք ապրում, որտեղ համբույրի միջոցով մարդիկ կենդանության շունչ են առնում։ Այսինքն, վարչապետ Փաշինյանն արդեն իսկ զրկված է պրոգրեսիվ շարժումը շարունակելու հնավորությունից, նա այլևս չի կարող փոխվել, քանի որ մոլորվել է ժամանակի և տարածության անվերջությունում։ Այս արձանագրումից հետո մարդիկ կարող են գալ տրամաբանական այն հետևությանը, որ վերածնվելու հեռանկարներ չունեցող հուշարձանը դատապարտված է հիմնովին ոչնչացման։ 

Սա նույնպես անհեռանկար մտահղացում է, քանի որ խաղասեղանին դրված է պետության անվտանգությունն ու ընդհանրապես բնականոն գոյությունը։ Հետևաբար պետք է ուրիշ տարբերակ մտածենք։ Իմ համոզմամբ ՀՀ քաղաքացիները պետք է հասնեն այն գիտակցմանը, երբ կամովին կհամաձայնեն կրոնաթափ լինել։ Այսինքն, բացասական էներգիայով կուտակված փակ տարածության փոխարեն կստեղծվի մի նոր տարածություն, որտեղ տիրապետող կլինեն բանական և ռացիոնալ միավորները։ Այս նոր տարածությունում մարդն այլևս հետաքրքրված չի լինի ոչնչացման գաղափարով, քանի որ բանականը բանական է հենց իր ստեղծելու կարողությամբ։ Հենց այս փոփոխության հետևանքով նախկինում հպարտ, իսկ ապագայում բանական քաղաքացիների միջավայրում ի հայտ կգա հուշարձանը թանգարանում մեկուսացնելու և առանց նրա ճանապարհը շարունակելու անհրաժեշտությունը։ Բնականաբար նրանք չեն մոռանա նաև հուշարձանից շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն զուտ անցյալում գոյություն ունենալու համար, քանի որ դիալեկտիկական մեթոդի համաձայն նրա լինելիությունը բնական անհրաժեշտություն էր՝ որպես պարտադիր հակադրություն։