Ոչ մի տրամաբանություն

Ոչ մի տրամաբանություն

Ոչ մի պատահական բան չկա նրանում, որ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին չառաջադրվեց համալսարանի խորհրդի նոր կազմում, իսկ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը ոչ միայն առաջադրվեց, այլեւ վերընտրվեց։ Պատահական չէ, բայց նաեւ տրամաբանական չէ, քանի որ առողջ տրամաբանությունն ասում է, որ Վահան Արծրունին ավելի մեծ շանսեր պետք է ունենար առաջադրվելու եւ ընտրվելու, քան Գեւորգ Մուրադյանը։ Եվ խնդիրն անգամ այն չէ, որ Վահան Արծրունին նախկին իշխանությունների օրոք եղել է ազատ երգահան եւ կապված ու կախված չի եղել իշխանություններից, իսկ Գեւորգ Մուրադյանը եղել է Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդականը, ու եթե ընդունենք, որ հեղափոխական իշխանությունները պայքարում են «նախկինների» դեմ, ապա նրանց կարկառուն ներկայացուցիչներից մեկին մայր-բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելը առնվազն տարօրինակ է։ Խնդիրն ավելի շուտ այն է, որ Բժշկական համալսարանը հեղափոխությունից հետո՝ գուցե ռեկտորի, գուցե՝ հոգաբարձուների խորհրդի եւ նրա նախագահի շնորհիվ բնականոն գործել է եւ կրթական ու կազմակերպչական առումով հետընթաց չի ապրել, ինչը չի կարելի պնդել Երեւանի պետհամալսարանի մասին։ ԵՊՀ-ն վերջին երկու տարում այնպիսի հետընթաց ու անկում է ապրել, որ բոլոր համալսարանականները միաբերան պնդում են՝ անտերություն է, անկառավարելի վիճակ, ամենաթողություն, ինչը երբեւէ չի եղել մայր բուհում։ Եվ դրա պատճառը ոչ միայն ռեկտոր չունենալն է (շուրջ մեկ տարի է՝ ԵՊՀ-ն ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, որն անգամ չի հավակնում մասնակցել ռեկտորի պաշտոնի մրցույթին), այլ նաեւ հոգաբարձուների խորհուրդն ու իր ղեկավարը, որոնք ակնհայտորեն իրենց տեղում չեն եղել։