Նժդեհին անվանեցին ֆաշիստ` չընդվզեցինք, եկեղեցուն կպան` ձայն չհանեցինք

Նժդեհին անվանեցին ֆաշիստ` չընդվզեցինք, եկեղեցուն կպան` ձայն չհանեցինք

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ 1,5 մլն ցեղասպանված հայերի ցուցակը կազմելու մասին հայտարարությունը շատերին է վրդովվեցրել, զայրացրել է նաեւ ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանին։ 

Հիշելով հին անեկդոտը, երբ կաշառակեր դասախոսն ամեն գնով փորձում է քննությունից կտրել գերազանց պատասխանող ուսանողին եւ պահանջում է, որ մեկառմեկ նշի Կուրսկի ճակատամարտին մասնակցած սովետական տանկերի ու գերմանական նավերի համարանիշները, նա այս անեկդոտը համեմատում է Քոչարյանի հայտարարության հետ։ «Սրանք այնքան են լկտիացել, որ անուն առ անուն ճշտել են ուզում մեկ դար առաջ մորթվածներին ու նրանց հասցեները։ Իմ խորին համոզմամբ՝ դա անում են թուրքի պատվերով, որ ասպարեզից հանեն ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ասաց նկարիչը։ 

Սասունցի մեծ տոհմի ժառանգ է Ղազար Միրզոյանը։ Տղամարդիկ ֆիդայիներ են եղել․մի մասը զոհվել է ազգային-ազատագրական պայքարում, մյուսները նահատակվել են գաղթի ճամփին։ Իսկ մեծ տատը՝ Սոսե մայրիկի զարմուհին, որ ականատես է եղել գաղթի ճամփի բոլոր սարսափներին, տեսածը պատմել ու սերնդեսերունդ հասցրել է Ղազար ծոռանը։ 

«Մորս մորից եմ լսել, որ շատերը գաղթի ժամանակ մահացել են սովից, ոմանց սպանել են՝ կրակելով, նաեւ գլխատել են, քառատել, իսկ աղջիկներին սպանել են` բռնաբարելուց հետո։ Հիմա Քոչարյանն ասում է՝ որպեսզի լինի թիրախային, պետք է պարզել՝ ինչ հանգամանքներոմ են մահացել։ Սրանից անհեթեթ բան ես չեմ պատկերացնում։ Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, թե մեկ դար առաջ ինչ հանգամանքներում եւ ինչպես է մահացել մարդը։ Ես վստահ եմ, որ այս հակահայ կառավարությունը հիմքեր է ստեղծում՝ իր իսկ կամքով հերքելու ցեղասպանությունը։ Եթե նկատել եք՝ Թուրքիան գրեթե ոչինչ չի անում դա աշխարհին ապացուցելու համար։ Այդ ծառայությունը ստորաբար նրանց են մատուցում կամակատար հայ ղեկավարները՝առանց ամաչելու, առանց խղճի խայթի»,-ասաց Ղազար Միրզոյանը։
Նա նույնիսկ չի էլ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են մահացած մարդկանց անձը հաստատող փաստաթղթեր հայթայթել թշնամի մի երկրում, որտեղ այրել-հողին են հավասարեցրել ամբողջական քաղաքներ, գյուղեր, տներ ու եկեղեցիներ։ 

«Նրանց փաստաթղթերը կա՛մ թուրքական արխիվներում են եղել, որոնք, կարծում եմ, ոչնչացրած կլինեն, կա՛մ եկեղեցու ծխամատյաններում։ Եթե թուրքն ավետարաններ է այրել, ծխամատյանն ի՞նչ էր, որ խնայեր։ Եվ հետո, թուրքի նպատակը հային բնաջնջելն է, ոչ թե հայկական հետքը պահպանելը։ Անդրանիկ Քոչարյանը սա չի՞ հասկանում, որ անուն-ազգանուն ու մահվան հանգամանք է ուզում պարզել։ Թե՞ արդեն այնքան թքած ունի հայ հասարակության վրա, որ իր հարազատ կուսակցության հետ միասին բացահայտ ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Հրեաներն էլ ցեղասպանվեցին, բայց ո՛չ Իսրայելի կառավարությունը, ո՛չ Գերմանիան կասկածի տակ չառան մոտ 6 մլն զոհի թիվը։ Ավելին, Գերմանիայի կառավարությունը մինչեւ 90-ականների կեսերը դեռ արյան գին էր վճարում հրեաներին»։

Գեղանկարչի կարծիքով՝ ՔՊ-ականների օրեցօր ահագնացող ցինիզմը հասարակության ու հատկապես մտավորականների լռության պատճառով է։ «Երբ ատելություն գեներացրին, լռեցինք։ Նժդեհին անվանեցին ֆաշիստ՝ չընդվզեցինք։ Կպան եկեղեցուն, ազգիս մտավոր սերուցքը վախեցավ ձայն հանել, որ կառավարության աչքից չընկնի ու մեռնելուց հետո տեղ ունենա Պանթեոնում։ Հիմա հասել են բուհերին ու ստեղծագործական միություններին։ Դարձյալ լուռ ենք։ Ես վախենում եմ, որ սրանք ցեղասպանության թեման էլ հանգիստ կմարսեն եւ մի օր կհայտարարեն, թե մեզ 100 տարի խաբել են ու փաթեթավորել ցեղասպանվածի բարդույթով։ Իսկ որպես «փաստի» տրամաբանական շարունակություն՝ անիմաստ կհամարեն Ծիծեռնակաբերդի գոյությունը։ Չմոռանանք՝ մի քանի տարի առաջ էլ այրեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից դուրս բերած փաստաթղթերն ու վավերագիր նյութերը։ Ո՞վ իմացավ՝ իրականում ինչ այրեցին, ինչ կարեւոր փաստեր ոչնչացրին»։

Արեգ Մարգարյան