Դատարանը բացահայտ ոտնահարել է գործող օրենքը

Դատարանը բացահայտ ոտնահարել է գործող օրենքը

2021թ․ հունվարին, խիստ անհրաժեշտությունից ելնելով, ես մեր ընտանիքին պատկանող «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքում շահագործել եմ առանց ապահովագրական պայմանագրի՝ 13 օր։ ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը կապված էր անձնագրի գործողության ժամկետը լրանալու եւ նոր անձնագիր ստանալու հետ։

2021թ․ հունվարի 23-ին ենթարկվել եմ վթարի։ Ճանապարհային ոստիկանությունը, պարզելով, որ ես 13 օր ԱՊՊԱ պայմանագիր չունենալով շասհագործել եմ ավտոմեքենան, ինձ տուգանել է 100 հազար դրամով՝ համաձայն ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1292 հոդվածի 2-րդ մասի։ Նշված հոդվածը 2-րդ մաս չունի, այն ամբողջական է եւ մասերի բաժանված չէ։ Այսինքն՝ ՃՈ-ն ինձ տուգանել է ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1292 հոդվածի գոյություն չունեցող մասով։

Նշված հոդվածի 1-ին պարբերությունում հստակ գրված է, որ ավտոմեքենան առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործելու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նախատեսվում է տուգանք՝ 5 հազար դրամի չափով։ ՃՈ-ն, անտեսելով վերը նշված օրենքի պահանջը, ինձ՝ որպես տուգանքի մատերիալի, տուգանել է 100 հազար դրամով, ինչն իր վճռով հաստատել է ՀՀ վարչական դատարանը (նստավայրը՝ Սեւան), եւ իր որոշմամբ վճիռը թողել է անփոփոխ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը։ 

Գտնում եմ, որ դատարանները կայացրել են ակնհայտ հակաօրինական, օրենքը խեղաթյուրող եւ ոտնահարող դատական ակտ։ Որպեսզի հասարակությանը պարզ լինի, որ ես ճիշտ եմ, իսկ դատարանները՝ սխալ, ներկայացնեմ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1292 հոդվածի առաջին պարբերությունն ամբողջությամբ․

«ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան 10 օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Դատարանների կողմից թույլ տրված բացահայտ անօրինականությունները շտկելու պահանջով դիմել եմ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, Բարձրագույն դատական խորհրդին, Դատարաններրի ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որտեղից ստացել եմ պատասխաններ, որ իրենք չեն կարող միջամտել դատարանների գործունեությանը, իսկ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ դատավորը ճիշտ է վարվել, որ վճռել է 5 հազար դրամի փոխարեն ինձ տուգանել 100 հազար դրամով, քանի որ դատավորին վերագրվող գործողություններում առկա չէ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում։ Եթե այդպես է, ապա ո՞ւր մնաց ՎԻՎ օրենսգրքի 1292 հոդվածի առաջին պարբերությունում գրվածը, եւ այն ո՞ւմ համար է գրված։ Եթե դատավորը վճռում գրեր, որ օրենքի այդ նորմն ուժը կորցրել է, ես կհամաձայնեի նրա վճռի հետ։ Եվ քանի որ նշված նորմն առայսօր գործում է, ուստի դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, որը ես փաստացի ապացուցում եմ։ 

Դիմելով ձեր թերթի խմբագրությանը՝ ցանկանում եմ այս անօրինականությունը հանրայնացնել եւ ներկայացնել, թե դատարաններն ինչպես են կիրառում օրենքները՝  վճիռներ եւ որոշումներ կայացնելիս։ 

Խմբագրությանը հայտնում եմ նաեւ, որ ես 84 տարեկան թոշակառու եմ, բարձրագույն կրթություն ստացել եմ Մոսկվայում, վերապատրաստվել ԱՄՆ-ում եւ 50 տարի աշխատել եմ որպես իրավաբան։ 

Յուրի ԶԱԽԱՐՅԱՆ