Ասվում է մի բան, ընկալվում՝ այլ բան

Ասվում է մի բան, ընկալվում՝ այլ բան

Իրանի հյուսիսային սահմաններում փոփոխություն չհանդուրժելու վերաբերյալ այդ երկրի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը Հայաստանի պետական շահերի շրջանակում է: Կարելի է ասել, որ նույնիսկ այսօրվա իշխանության շահերի շրջանակում է: Հայտարարությունը, որ արվել է Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումների համատեքստում, նորություն չէ: Իրանում դրա մասին անընդհատ բարձրաձայնվել է 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո: Բայց, չգիտես որ տրամաբանությամբ, Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարարությունը ոմանց համար հիմք է ծառայել, որպեսզի հերթական մեղադրանքն ուղղեն ընդդեմ Ռուսաստանի: ՌԴ նախագահը, ըստ այդ մեկնաբանության, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ դաշնակցած, ցանկանում է ստիպել Նիկոլին «Զանգեզուրի միջանցքը» հանձնել Ադրբեջանին:  

Եվ մոռանում են, որ միջանցքի թեման Իլհամ Ալիեւի կողմից բացվեց խայտառակ պարտությունից հետո, եւ սկզբնական շրջանում շոկի մեջ հայտնված Նիկոլն ու նրա «ուսապարկերը» դրան արձագանք չէին տալիս: Ավելի ուշ, 2021 թվականին Հայաստան այցելած ՌԴ փոխվարչապետներից մեկը հայտարարեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցքի վերաբերյալ ոչինչ չկա գրված: Ու դրանից հետո «դուխովցած» Նիկոլն ու նրա «ուսապարկերը» սկսեցին կրկնել ռուս պաշտոնյայի ասածը: Եվ ոչ միայն կրկնել, այլեւ հղում տալ հենց նրա խոսքին: Դա, ի դեպ, արել է հենց Նիկոլը: Նման հայտարարությունից հետո Ռուսաստանում այդ հարցում ոչինչ չի փոխվել: Ինչը նշանակում է, որ տվյալ հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ դաշնակցության խնդիր չկա: Հատկապես, որ Ռուսաստանում այնպիսի մթնոլորտ չի տիրում, որ աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը: 

Ներռուսական կարգավորումներից զատ, առկա է մեկ այլ՝ արտաքին հանգամանք: Դա 2006 թվականին Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ձեւավորված՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի (2010-2011 թթ. ընթացքում նաեւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության) միջպետական միավորումն (BRICS՝ անգլերենով հապավումն ըստ պետությունների անվանումների առաջին տառի) է: Այսօր միավորման անդամ դառնալու հերթի են կանգնած Իրանն ու Արգենտինան: Միավորումն աստիճանաբար դուրս է մղում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին համաշխարհային տնտեսական շուկայի առաջատարների շարքից: Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը՝ չեմ կարծում, թե ՌԴ-ն կանի այնպիսի քայլ, որ Իրանին դրդի վերանայել BRICS-ին միանալու ծրագիրը:

Ինչ մնում է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի հետ կապելու գաղափարին՝ ենթադրում եմ, որ դրա «մեղավորը» եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետեւյալ դրույթն է. «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Սակայն այդ կետում խոսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու, Ադրբեջանի արեւմտյան մասի եւ Նախիջեւանի միջեւ անվտանգ տեղաշարժը ՀՀ-ի կողմից երաշխավորելու եւ հաղորդակցությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից հսկելու մասին: Իսկ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը ենթադրում է վերահսկողություն հենց Ադրբեջանի կողմից: Ուրիշ հարց, որ որեւէ մեկի ուղեղում կարող է ծագել վերահսկողությունը ՌԴ-ից Ադրբեջանին փոխանցելու ցնդաբանությունը: Բայց նույնիսկ Նիկոլի վարչապետության պայմաններում դա նման կլինի աջ ականջը ձախ ձեռքով գլխի հետեւից բռնելու փորձին: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ երկիր, որտեղ հստակ ասված խոսքը, չգիտես ինչու, ընկալվի այլ իմաստով: