Յուրան ներողամտորեն ժպտում է․․․

Յուրան ներողամտորեն ժպտում է․․․

Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, վաղուց էի սպասում։ Քանի որ Յուրան իմ մանկության ընկերն էր, հարևաններ էինք ու շատ հուշեր ունեմ նրա հետ կապված, ցավ էի զգում, երբ Յուրայի կինը Նիկոլին տղաս էր անվանում։ Մտածում էի՝ ուշքի արի, Անահիտ, նույնիսկ Նիկոլի հայրը երևի նրան տղաս չէր ասել, բայց դու ասում ես։ Յուրայի մայրը՝ Համեստ Հակոբյանը, քիմիայի իմ ուսուցչուհին էր։ Ինչքան հիշում եմ աշակերտական տարիներից, վաստակավոր ուսուցչի կոչում ստացավ։ Ակնածանքով էինք վերաբերվում նրան։ Հայրը՝ Գուրգեն Բախշյանը, շատ խիստ ու պահանջկոտ մարդ էր, անաչառ ու ազնիվ, սկզբունքային ու անզիջում, նրան այդ հատկությունների համար շատերը չէին ընդունում՝ չհասկանալով։ Նրանից մի տեսակ սառնություն էր փչում, բայց դա առաջին հայացքից։

Յուրայի հորը ավելի լավ ճանաչեցի, երբ աշխատանքի անցա «Զանգեզուր» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող։ Նա թերթի արդյունաբերության բաժնի վարիչն էր։ Շատ հատու խոսք ուներ ու ասածը ասած էր։ Ոչ մեկը, անգամ խմբագիրը՝ չէր կարող նրա գրած մի տառի վրա «կանգ առնել»։ Ինքը հեղինակություն էր, անկաշառ, ծանր գրչի տեր։ Տարիքով փոքր էի, փորձ չունեի, «աշխատանքային ստաժ էր պետք», որ կարողանայի ԲՈՒՀ ընդունվելու կոնկուրսին դիմանայի։ Նա՝ ի տարբերություն մյուս աշխատողների, թևերը փռեց ինձ վրա՝ լավ կադր է, կաճեցնեմ։

Աշխատասենյակում միասին էինք նստում, գիտեի՝ ինչ է մտածում։ Զարմանում էի, որ այդքան նուրբ հոգու տեր մարդն արտաքինից այդքան սառն է ցույց տալիս։ Ինձ մոտ այն համոզմունքը ձևավորվեց, որ նրա տղաները երբեք չեն կարող որևէ սխալ բան անել․․․Յուրան ու Գագիկը, թեև ինձնից մեծ էին, բայց ազնվագույն ընկերներ էին։ 

Ծանր տարա, երբ Անահիտը Նիկոլին տղաս էր անվանել։ Այսօր, երբ կարդացի Նիկոլին ուղղված Անահիտի բաց նամակը, ինձ թվաց, որ ոչ միայն ես եմ ներողամտորեն ժպտում, այլ ինձ հետ ներողամտորեն ժպտում է Յուրան ու իր ողջ ընտանիքը։ Ժպտում է նաև սառը թվացող, ժպիտից անչափ հեռու Յուրայի հայրը՝ Գուրգեն Բախշյանը։ Չեմ անդրադառնա բաց նամակի բովանդակությանը, կանդրադառնամ միայն իրողությանը, որը գրել էր Անահիտը․ «Ձեզ դիմել էի՝ «տղաս», Յուրան ու ես ձեզ նման տղա չէինք կարող ունենալ»։ Ամեն ինչ ասված է։ Հավատում եմ Անահիտի խոսքի անկեղծությանը, որովհետև խոսքի մեջ անսահման ցավ կա, որը ինձ սովորեցրել է տեսնել Յուրայի հայրը։ 

Մնում է պարզել՝ հայ ազգը կարո՞ղ է նման զավակ ունենալ․․․