Բողոքի ցույցեր՝ «հարեւանի տանը»․ ինչպես եղավ դա․ մաս 2-րդ

Բողոքի ցույցեր՝ «հարեւանի տանը»․ ինչպես եղավ դա․ մաս 2-րդ

Իրականում Իրանում բավականին հաճախ են բողոքի գործողություններ տեղի ունենում։ Ընդ որում, հատկանշական է այն, որ այդ գործողություններում հիմնականում արտահայտվում են տնտեսական պահանջներ։ Վերջին ծավալուն բողոքի ցույցերն Իսլամական Հանրապետությունում տեղի են ունեցել 2017 թվականի դեկտեմբեր-2018 թվականի հունվար ամիսներին, ինչպես նաեւ 2019-ի նոյեմբերին։ Առաջին դեպքում ձվի թանկացումը պատճառ դարձավ, որ հազարավոր շարքային իրանցիներ դուրս գային փողոց, երկրորդ դեպքում՝ բենզինի թանկացումը, որքան էլ դա քիչ հավանական հնչի նավթով հարուստ Իրանի համար։ 

Այդ շրջանում ոչ մեծ ծավալների բողոքի ակցիաներ, որոնք հիմնականում տեղական բնույթի են եղել, կազմակերպվել են՝ ամառվա սեզոնին երկրում էլեկտրականության անջատումների, որոշ նահանգներում ջրի դեֆիցիտի, ինչպես նաեւ՝ հիջաբ կրելու խնդրի հետ կապված։ Այժմյան ցույցերն աչքի են ընկնում թե իրենց տեւականությամբ եւ թե նրանով, որ այս դեպքում օրակարգում տիրապետողը քաղաքական հարցերն են։ 

Իհարկե, մինչ այս էլ ցույցերի ժամանակ հնչել են «Ոչ Իսլամական Հանրապետությանը» կամ «Մահ Գերագույն առաջնորդին» կարգախոսները, բայց դրանք քաղաքական օրակարգով թելադրված չեն եղել, այլ տնտեսական։ Այժմ սակայն հիմնական քաղաքական պահանջը մեկն է՝ հաստատել կառավարման աշխարհիկ մոդել եւ վերջ տալ թեոկրատիային։ Հստակ է այն, որ իրանական հասարակությունը դժգոհ է իշխանություններից, ինչը պայմանավորված է Արեւմուտքի կողմից Թեհրանի հանդեպ սանկցիոն պրեսսինգի ավելացմամբ նաեւ, որը բնականաբար չի կարող իր հետեւանքներ չունենալ իրանական տնտեսության վրա։ 

Երբ կնքվեց իրանական միջուկային գործարքի համաձայնագիրը մի քանի տարի առաջ, դա շարքային իրանցիների մոտ բավականին վառ հույսեր արթնացրեցին, որ ուր որ է «սանկցիոն դժնդակ ժամանակները» կմնան անցյալում եւ երկիրը դուրս կգա ծանր վիճակից։ Սակայն գործարքի ճակատագիրը իրանական հասարակության համար «սառը ցնցուղի» էֆեկտ ունեցավ եւ մարդիկ հիասթափվեցին։ Բացի այդ, պաշտոնյաների եւ իշխանական համակարգի ներկայացուցիչների հանդեպ բավականին շատ դժգոհություններ կա կուտակված։ 

Ընդ որում, իրանցիները սկսել են հասկանալ, որ խնդիրը պարզապես կառավարությունների փոփոխությունը չէ, այլ պետք է փոխել երկրի ողջ քաղաքական համակարգը, պետք է փոխել տնտեսության եւ սոցիալական կյանքում առկա ընկալումներն ու պատկերացումները։ Այս ամենը ի մի բերելով, կարելի է ասել, որ Մահսի Ամինիի մահը պարզապես այն կայծն էր, որը պետք էր, որպեսզի բռնկվեր կրակ իրանական հասարակության ներսում։ 

Իշխանությունների խնդիրն այստեղ հստակ է, ամեն գնով հանգցնել այդ «կրակը», որպեսզի այն չսկսեն «սնունցել» հատկապես պանթյուրքական տրամադրություններով տոգորվածները։