SOS-Հայաստան

SOS-Հայաստան


SOS-Հայաստան
Ցանկացած մարդ գթասրտության, կարեկցանքի արժանի է, թեկուզև՝ հանցագործը, ռազմագերին՝ թշնամիդ: Սակայն բաներ կան, որ տարակուսանք են առաջացնում: 
ՊՊԾ գունդը գրավողներից Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց են իրականացնում «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները:
Ինչո՞ւ է ոմանց թվում, թե ՔՊ-ականները չէին կարող բռնի ոչ թավշյա հեղափոխություն անել: Այժմ արդեն պարզ է, որ նրանք բազմապատիկ ավելիին են ընդունակ, քան ՊՊԾ գունդը պարզունակ, ահաբեկչական եղանակով գրավելն է. նրանք մի ամբողջ երկիր են գրավել, բայց ոչ-ոք դեմ չի եղել դրան, ոչ-ոք չի էլ փոշմանել, ոչ-ոք չի էլ դատապարտել: 
Պատերազմը, հազարավոր զոհերը ներվել են այս քաղաքական ուժին, որովհետև լեգիտիմ ուժ է, ընտրությունների մասով: Նրանք բավական նուրբ տեխնոլոգիաների են տիրապետում, ուստիև որևէ մեկը չի կարող ինչ-որ բան ասել նրանց: Ավելին, եթե կրկին արտահերթ ընտրություններ լինեն, նրանք գուցե եւ նորից ծամասնություն կազմեն ԱԺ-ում, նույնիսկ, ՀՀ սահմանամերձ տարածքների օկուպացիայի, հայուհու խոշտանգման ու անդամահատման, հղի կնոջ վրաերթի, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ բռնության, ռազմական գերիների՝ Ադրբեջանում բարբարոսաբար գնդակահարության եւ այլ փաստերի առկայությամբ: 

Գոնե այս խորապատկերին՝ նստացույց անողները պետք է գիտակցեն, որ այդ խնդիրը լավ կլիներ լուծվեր ոչ հրապարակային ձևով: Համազգային ողբերգության այս վիճակում իրենց արածը չի ընկալվում: Եթե առողջական խնդիրներ կան, հավանաբար, ՀՀ օրենսդրությունն ինչ-որ բան նախատեսել է: Պետք է բանիմաց փաստաբան գտնել և դատական կարգով հարցին լուծում տալ:
Նստել են Հյուսիսային պողոտայում ու պարզել ինչ-որ SOS պաստառներ, հետն էլ ասում են՝ «Եկեք անտարբեր չլինենք, եկեք չնպաստենք ռեժիմի վայրագություններին»։

Ենթադրաբար՝ եթե Վարուժան Ավետիսյանն ազատության մեջ լիներ, ապա «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները երբեք չէին խոսի «ռեժիմի վայրագությունների մասին»: Բայց, այս պարագայում, ինչո՞ւմ է կայանում «ռեժիմի վայրագությունը»: Նրանում, որ ահաբեկչական գործողության արդյունքում մարդիկ են զոհվե՞լ: Թե՞ նրանում, որ համապատասխան պատժամիջոց է կիրառվել սեփական պետության ինչ-որ հաստատության հանդեպ ահաբեկչություն իրականացնողների նկատմամբ:

Թվում է, ավելի տեղին ու ընկալելի կլիներ (նաև, ցավոք, օտարների համար, որոնք ներկայում որոշում են մեր երկրի ճակատագիրը), եթե նստացույց անողները պարզած լինեին SOS-ՍԵՎ ԼԻՃ,  SOS-ՋԵՐՄՈՒԿ, ի վերջո,  SOS-ՀԱՅԱՍՏԱՆ պաստառներ ու հետն էլ ասեին՝ «Եկեք անտարբեր չլինենք, եկեք չնպաստենք հայոց պետության նվաստացմանն ու կործանմանը: 

Առողջություն՝ Վարուժան Ավետիսյանին:

Գագիկ Վարդանյան