Աշխարհում լավագույնը համարվող բանակներից մեկի պաշտպանական գիծը ճեղքվում է հողաթափերով, ինքնաձիգերով մարդկանց կողմից

Աշխարհում լավագույնը համարվող բանակներից մեկի պաշտպանական գիծը ճեղքվում է հողաթափերով, ինքնաձիգերով մարդկանց կողմից

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա այսօրվա հարձակումը բազմաթիվ կարծրատիպեր կոտրեց՝ ռեզինից հողաթափերով պաղեստինցիները գերեվարել են հրեա գեներալի, շուրջ հիսուն մարդու և առավոտյան վեցից անընդհատ հրթիռակոծել են Իսրայելը, ներխուժել Իսրայելի տարածք։ Ի՞նչ էր նշանակում այս հարձակումը։

-Իհարկե առաջին հայացքից տպավորություն է, որ հողաթափերով մարդիկ գնացին և քանդեցին կամ ճեղքեցին Իսրայելի պաշտպանական գիծը։ Իրականում, եթե սա համարենք ոչ կոնվենցիոնալ պատերազմ, ապա ոչ կոնվենցիոնալ պատերազմի տեսանկյունից բավականին լավ քարոզչական և տեղեկատվական արշավ է սկսել պաղեստինյան կողմը։ Մասնավորապես և արաբական մամուլում, և տարբեր լրատվամիջոցներում, և սոցիալական հարթակներում արաբական կողմը՝ հատկապես պաղեստինցի արաբները կարողացել էին բավականին լուրջ տեղեկատվական արշավ սկսել, ցույց տալ իրենց հաջողությունները։ Տեսեք, որքան տպավոիչ է, երբ կազմավորված և տարածաշրջանում, աշխարհում լավագույնը համարվող բանակներից մեկի պաշտպանական գիծը ճեղքվում է հողաթափերով, ինքնաձիգերով մարդկանց կողմից։ Հայաստանում շատ են ասում, չէ, ութսունականների զենքերով, իսկ այնտեղ նույնիսկ ոչ թե ութսունականների զենքերով, այլ հաճախ տեսնայութերում տեսնում ենք ինքնաշեն զենքերով մարդիկ անցնում են, ճեղքում են պաշտպանական գիծը։ Սա նաև ոչ կոնվենցիոնալ պատերազմի տեսանկյունից մենք տեսանք սինխրոն գործողություններ Իսրայելի տարբեր կետերում։ Նույնիսկ առաջին կոնտակտի պայմաններում Իսրայելի զինված ուժերը և հատուկ նշանակության ջոկատները զբաղված էին Իսրայելի ներսում մաքրման աշխատանքներով, որովհետև արաբները թափանցել էին Իսրայելի բուն տարածք և Իսրայելի խոշոր քաղաքներից աջակցում էին Իսրայելի վրա հարձակում գործած ՀԱՄԱՍ-ի և մյուս խմբավորումների անդամներին։ Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք գործողությունների սինխրոնիզացիա, ՄՈԲ-ի փոքր խմբերով որոշակի հաջողություններ հատկապես առաջին կոնտակտի պայմաններում։

-Պաղեստինյան կողմի այս հաջողությունը երկարատև կարո՞ղ է լինել։

-Իհարկե երկարատև ժամանակահատվածում ես կարծում եմ, որ հաջողությունը իսրայելական բանակի կողմն է լինելու, սակայն մենք տեսանք, որ ցանկացած բանակ, այդ թվում աշխարհում անպարտելի համարվող կամ լավագույնը համարվող ցանկացած բանակ ունի իր աքիլեսյան գարշապարարեը և ՀԱՄԱՍ-ի և մյուս խմբավորումների ջոկատները ցույց տվեցին, որ իսրայելական բանակը ևս բացառություն չէ՝ այդ թվում շատ էր տիրաժավորվում իսրայելական «Երկաթե գմբեթը» որպես աշխարհում լավագույն ՀՕՊ համակարգերից մեկը և այլն, բայց տեսանք նաև դա հաղթահարելու միջոցը ինչպես են գտել։ Միաժամանակ պարապլանների, ցածր թռիչքների միջոցով ինչպես են հաղթահարում իսրայելի օդային տարածքը։ Այս իմաստով սա բավականին հետաքրքիր էր և ցույց տվեց Իսրայելին և իսրայելցիներին, որ այնպես չի, որ իրենք պաշտպանված են բացարձակապես, և իրենք ևս խոցելի են, ինչպես աշխարհի ցանկացած պետություն և իրենց ևս հնարավոր է հաղթահարել։Միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում ի վերջո իսրայելական բանակը հաղթելու է, ծանր հարվածներ է հասցնելու հատկապես, եթե պաղեստինցիներին աջակցող Հեզբոլլահ շարժումը չմիանա, կարևոր է, թե «Համասին» աջակցողների դիրքորոշումն ինչպիսին կլինի, Իրանի դիրքորոշումն ինչպիսին կլինի։

-Իրանն արդեն աջակցող հայտարարություն արել է։

-Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ իրենք սրա հետևում տեսնում են Իրանին և Իրանը հյատրաարեց, որ պատրաստ են աշխարհի ցանկացած շարժման, ազգի, պետության աջակցել, որը պայքարում է այսպես ասած սիոնիստական ռեժիմի դեմ, բայց սրանով հանդերձ կարևոր է, թե այդ աջակցությունն ինչպիսին կլինի։ Եթե այդ աջակցությունն ուղիղ կոնտակտի միջոցով լինի, ապա այն կվերաճի ոչ միայն ռեգիոնալ պատերազմի, այլ նաև տարածաշրջանից դուրս պատերազմի։

-Հավանականություն կա՞, որ այն համաշխարհային պատերազմի կվերածվի։

-Տեսեք, Իսրայելին իր բացարձակ աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգները և դա տրամաբանական է, որովհետև Իսրայելի հիմնական դաշնակիցը Միացյալ Նահանգներն են։ Կարող ենք արձանագրել, որ եթե պատերազմը դուրս գա Պաղեստին-իսրայել տիրույթից, ապա այն, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների հետ միասին աջակցելու է Իսրայելին, ես այստեղ գրեթե կասկած չունեմ։ Եվ այդ պարագայում հաջորդիվ Իրանի և իր պոտենցիալ դաշնակիցների, պարզապես այս դեպքում էլ լինելու է բավականին լուրջ խնդիր՝ Իրանի ո՞ր դաշնակիցներն են պատրաստ աջակցելու Պաղեստինին։ Այսինքն, եթե Իրանի և իր դաշնակիցների դաշտում, ընդհանրապես արաբական աշխարհում չկան միատեսակ ը ընդհանուր ճակատ կազմելու իմաստով չկա ընդհանուր դիրքորոշում, ապա Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների պարագայում կարծում եմ լինելու է միանշանակ դիրքորոշում՝ հօգուտ Իսրայելի։ Եվ այստեղ է, որ հնարավոր է ուժային լուրջ բալանսի խախտում ՝ հօգուտ Իսրայելի։ 

-Դուք նշել էիք, որ պետք է ուշիուշով հետևել ՀԱՄԱՍ-ի կիրառած գործիքակազմին, որովհետև դա մեզ պետք է գալու։

-Իհարկե Աստված մի արասցե, եթե պատերազմի ալիքները հասնեն մեր տարածաշրջան, այդ մարտավարությունը ես չեմ կարծում, որ կաշխատի։Սա մեզ անհրաժեշտ է, հատկապես վերջին՝ սեպտեմբերի 19-ի բախման ընթացքում, Արցախում մենք ունեցանք լուրջ կորուստներ և այստեղ մարտավարական և ռազմավարական պլանավորման տեսանկյունից կարծում եմ մենք ունեինք խնդիրներ։ Հայաստանը որպես ռազմավարական խորություն չունեցող պետություն, մեր սահմանագծից յուրաքանչյուր մետր հետ, գյուղ է, բնակավայր է, այսինքն մենք հնարավորություն չունենք պաշտպանական գծեր շատ ունենալու։ Այս պարագայում զուտ պաշտպանական կամ խրամատային մարտավարությունը մեզ համար ուղիղ պարտություն տանող ճանապարհ եմ տեսնում։ Նույնը Արցախում, այն պահին, երբ մեր արցախցի հայրենակիցները հասկացան, որ խրամատում հնարավոր չէ կանգնել և ապշտպանական գիծ պահել, նրանք փոխեին մարտավարությունը և իմ ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո արդեն՝ ռազմական գործողությունները սկսելուց մի քանի ժամ հետո, ՄՈԲ-ի խմբերը հարձակումների միջոցով էին փորձում պահել իրենց բնագծերը։ Որորվհետև իրականում խրամատային պատերազմների ժամանակները, հատկապես մեր նման պետությունների պայմաններում մոտենում է ավարտին։ Տեսեք ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումները ինչպիսի մարտավարություն էին ընտրել՝ փոքր խմբերով, փոքր մեքենաներով գործում էին հարձակումներ տարբեր կետերից՝ սինխրոնիզացված գործողություններ և այդ գործողությունների տրամաբանությունն այնպիսին էր, որ իսրայելական կողմն առաջին ժամվա ընթացքում նույնիսկ չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես կազմակերպի հետագա պաշտպանությունը և դրանից բխող արդեն հայտարարեցին, որ սա պատերազմ է և այլն․ և այլն, տեղի ունեցավ ռեզերվիստների մոբիլիզացիա և այլն։ Այսինքն, նրանք բածվեցին այնպիսի մի իրավիճակի, երբ որ իրենց համար անպսասելի էր գործողությունների նման սինխրոնիզացիան և գործողությունների աշխարհագրական սփռվածությունն ու մոբիլությունը։