Բայդենը ոչմիթիզակա՞ն

Բայդենը ոչմիթիզակա՞ն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այդ երկրի վրա ոչ թռիչքային գոտի չի սահմանելու: «Նախագահը հասկացրել է, որ մեր զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի հետ մարտերին»,- ասել է Օստինը` հավելելով, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումը կնշանակի Միացյալ Նահանգների անմիջական ներքաշումը պատերազմական գործողություններին: «ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջուկային տերություններ են, որոնց ոչ ոք չի ցանկանում տեսնել հակամարտության մեջ: Դա լավ չէ տարածաշրջանի համար, դա լավ չէ աշխարհի համար», - ասել է նա: Պենտագոնի ղեկավարը, սակայն, չի մոռացել նշել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի երկրների տարածքի «ամեն թիզը»։

Այն որ ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցներն այսօր խղճի խայթ չեն զգում Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների, այդ երկրի կրած մարդկային և տարածքային կորուստների համար, միանշանակ է: Առավելագույնը, ինչին այս ամենից հետո պետք է պատրաստվեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և էլի մի քանի առանցքային ՆԱՏՕ-ական երկրներ, դա իրենց հարկատուներին տրվելիք բացատրության տեքստն է, որտեղ պարտավոր են ներկայացնել, թե ուր են կորել այն միլիարդները, որոնք հարկատուների գրպանից ծախսվել են վրացական, սիրիական, բելառուսական, ղազախական և, իհարկե, ուկրաինական խնդիրները կարգավորելու համար:

Հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով չես կարող մարդկանց բացատրել, թե ինչու էին վրացական բանակի զինվորները փախչում` թողնելով ամերիկյան տեխնիկան, ինչո՞ւ Սիրիայում այդպես էլ քիմիական զենք չհայտնաբերվեց, ինչո՞ւ Բելառուսում տապալվեց իշխանազավթման փորձը, ինչու Ղազախստանում կես օր տևեց «թավշյա» հեղափոխությունը և վերջապես ինչո՞ւ է Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մի ամբողջ երկիր հոտնկայս ծափահարում իր` արևմտյան չափանիշներով «բոբո» նախագահին: Չէ՞ որ արևմտյան հարկատուներն արել են ամեն ինչ, որ թվարկված ուղղություններում տեղի ունենան դեմոկրատիայի շքահանդեսներ:

Եվ հիմա հարց է առաջանում, Պենտագոնի հարգելի ղեկավար, ինչո՞ւ էիք մտել Ուկրաինա, եթե գիտեիք, որ ի վերջո հանդիպելու եք Ռուսաստանի հաստ մահակին: Իսկ գուցե Ռուսաստանը միայն վերջե՞րս է միջուկային գերտերություն դարձել, և դուք օրվա թերթերից եք իմացել այդ մասին:
ԱՄՆ-ի հանրահայտ հնգաթև շենքում մարդիկ շարունակում են քառակուսի մտածել: Այդպես եղել է բոլոր ժամանակներում և նույնիսկ Պենտագոնի շենքը շահագործման հանձնելուց առաջ: Խոսքը Օսթենի հայտարարության վերջին պարբերության մասին է, թե ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի երկրների տարածքի «ամեն թիզը»։ Ճիշտն ասած` այս պահին աշխարհում ոչ ոք տեղեկություն չունի այն մասին, որ  ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վտանգ է սպառնում տարածքների կորստի տեսքով: Եվ իսկապես` ԱՄՆ-ն ինչո՞ւ է անհանգստացած Ֆրանսիայի մի թիզ հողի անվտանգությամբ: Չլինի՞ Բայդենին թվում է` դրսում 45 թիվն է, ու սովետական տանկերը հիմա-հիմա կմտնեն Բեռլին: Իսկ 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ ո՞ր երկրի վրա էր պատրաստվում հարձակվել Ռուսաստանը, որ ամերիկյան ավիակիրները մտնում էին Միջերկրական և Սև ծովեր` ուկրաինական Մայդանին աջակցություն ցույց տալու համար: Մի՞թե դա հղի չէր երկու միջուկային գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախման վտանգով:

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները վաղուց են հասկացել, որ Ռուսաստանի հետ ոչ թե հակամարտել, այլ համագործակցել է պետք, եթե ուզում են զերծ մնալ ԱՄՆ տափակ ազդեցություններից ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության ոլորտներում: Վարշավայի պակտի լուծարումով Ռուսաստանն ամեն ինչ ասել է Եվրոպային` նրա առաջ բացելով համագործակցության բոլոր հնարավորությունները և աշխարհի մի ծայրից մյուս ծայրը հասնելու ճանապարհները: Այսօր արդեն նույն ուկրաինացիներն են իրենց հարց տալիս` ինչո՞ւ 2014թ. իրենց մոտ Մայդան տեղի ունեցավ, իրենց ի՞նչ էր պետք` անկախությո՞ւն` ունեին, ելք դեպի ծո՞վ` ունեին, հսկայական տարածքնե՞ր` ունեին, ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ծանր արդյունաբերություն ու մեքենաշինությո՞ւն` ունեին, սահման ազատ Եվրոպայի հե՞տ` ունեին, Կիևի, Լվովի նման հրաշալի քաղաքնե՞ր` ունեին, Օդեսա ու Ղրի՞մ` ունեին, քարածուխ, հացահատիկ, շաքար, բուսական յո՞ւղ` ունեին: Ո՞ր հարևանն էր Ուկրաինային սպառնում բնաջնջումով... Իրենց պե՞տք էր Մայդանն, առհասարակ, կամ ձրի կարկանդակները, որ ամերիկյան էմիսարները բաժանում էին Կիևի փողոցներում: Բայց, ինչպես ասում են` որտեղ ԱՄՆ, այնտեղ խառնակչություն: Սա արդեն աքսիոմա է:

Հ.Գ. Լավ, ենթադրենք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէր և ԱՄՆ-ը հրաժարվեց նրանից: Իսկ ի՞նչ կարող է անել այդ նույն ԱՄՆ-ը, երբ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանն, օրինակ, հավակնի Ուկրաինայի Լվով քաղաքին, ինչի մասին ակնարկներ արել է Ռուսաստանը: Կարծում եմ` բանը դրան չի հասնի, բայց հարց էր, տվեցի, որ Պենտագոնում սկսեն մի քիչ քառակուսի չմտածել: