Ինչո՞ւ միայն Զելենսկին…

Ինչո՞ւ միայն Զելենսկին…

Պարզվում է, որ եվրոպացի քաղաքական գործիչներից ոմանք ցանկանում են Խաղաղության Նոբելյան մրցանակակիր տեսնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ու դրա համար հատուկ կայք են բացել: Միաժամանակ դիմել են Նորվեգական Նոբելյան կոմիտե թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը երկարաձգելու խնդրանքով: Դա էլ արվել է, որպեսզի հասցնեն Զելենսկուն առաջադրել։

Ի դեպ, 2022-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար ավելի վաղ առաջադրվել էր 2021-ին Բելառուսի նախագահի ընտրությանը մասնակից՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Որի անունից (անունից, քանի որ ինքը, մեղմ ասած, հեռացել էր երկրից) մի քանի շաբաթ հետընտրական բողոքի ակցիաներ էին կազմակերպվում Մինսկում: Բայց քանի որ Զելենսկու պատմությունը (քեյսը՝ քաղհասարակության բառապաշարով) ավելի թարմ է, ապա նա էլ, ենթադրաբար, կդառնա մրցանակակիր: Եթե, իհարկե, Նոբելյան կոմիտեն ընդառաջի դիմումատուներին և ընդունի հայտը: Ինչում ես որ չեմ կասկածում:

Կամ էլ Նոբելյան կոմիտեի կողմից կընդունվի սողոմոնյան որոշում, և իրար հետ առնչություն չունեցող երկու հայցվորներն էլ կդառնան մրցանակակիրներ: Եվ դրանով էլ արևմտյան աշխարհը «բարոյական ապտակ» կհասցնի թե՛ Ռուսաստանի և թե՛ Բելառուսի նախագահներին: Իսկ խաղաղության գծով Նոբելյան մրցանակաբաշխությունն էլ կվերածվի զավեշտի:
Բայց այդ զավեշտը, եթե այն կյանքի կոչվի, միայն բելառուսական ընդդիմադիր թեկնածուով և Ուկրաինայի նախագահով չպետք է սահմանափակվի: Հիշենք՝ Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հաջողությունից ոգևորված Վլադիմիր Զելենսկին ողջ 2021 թվականն օգտագործեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ պատերազմի նախապատրաստվելուն: Ինչը ենթադրում էր ճիշտ այնպիսի ագրեսիա, ինչպիսին իրականացվեց Արցախի դեմ: Հենց միայն թուրքական բայրաքթարների գնումը դրա խորհրդանիշն էր: Դրան գումարած այլ երկրներից սպառազինության գնումը: Եվ ճիշտ այնպես, ինչպես ագրեսիա չհամարվեց Ադրբեջանի ագրեսիան, այդպիսին չէր համարվելու նաև ուկրաինական ագրեսիան: Ի դեպ, առաջին դեպքում հրթիռակոծվել, ռմբակոծվել և հրետակոծվել էին այն տարածքները, որ Իլհամը համարում էր ադրբեջանական: Որոնց արդյունքում սպանվում կամ անտուն էին մնում արցախցիները, որոնց Իլհամը ժամանակին համարում էր Ադրբեջանի քաղաքացիներ: Նույնը, բնականաբար, տեղի էր ունենալու Դոնեցկի և Լուգանսկի դեպքում:

Զելենսկու ոգևորությունը հասավ բարձրակետին՝ երբ ԱՄՆ-ի նախագահը չընդառաջեց ՌԴ նախագահի՝ երկկողմանի անվտանգության բանաձևի ընդունման առաջարկին: Դրա փոխարեն ՆԱՏՕ-ական շրջանակները Ուկրաինան կազմակերպության մեջ ներառելու խոստումներով թև տվեցին Զելենսկուն: Եվ նախքան ռուսական հատուկ ռազմական գործողությունը ուկրաինական ահաբեկչական խմբեր «գործուղվեցին» Դոնեցկ և Լուգանսկ: Ինչպես տեսնում ենք, այդ տարածքներում կրկնվելու էր այն, ինչ իրականացվել էր 2020-ին Ադրբեջանի կողմից: Բայց, զարմանալիորեն, ի տարբերություն Զելենսկու, չգիտես ինչու, Արևմուտքը  չորոշեց Իլհամ Ալիևին ներկայացնել Նոբելյան մրցանակի: Երևի արևմտյան քաղաքական գործիչների ուղեղի «հեռավոր» ծալքերում Իլհամն, այնուամենայնիվ, որպես ագրեսոր էր ընկալվում: Եվ, բացի դրանից, հայերի նկատմամբ էլ Արևմուտքում մրցակցություն չկար՝ ինչպես ռուսների դեպքում է: Իլհամը նաև հաջողության էր հասել և, բնականաբար, բարոյական աջակցության կարիք չուներ: Իմիջիայլոց ասեմ, որ նման աջակցության կարիքը հաստատ զգում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ինչևէ, վերադառնանք Ալիևին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ներկայանալի թեկնածու կլիներ ինքը… Հատկապես, որ ինքն առաջինն էր օրինակ տվել, թե ինչպես կարելի է ագրեսիա իրականացնել և չբնորոշվել որպես ագրեսոր: Իսկ այսօրվա խեղճուկրակ Զելենսկին ընդամենը փորձում էր ընդօրինակել իր ավագ եղբոր վարքագիծը: Ուղղակի նրա բախտը չբերեց՝ նրա դեմը ոչ նիկոլանման մեկն էր, այլ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը: Դրանով էլ պայմանավորված՝ իրադարձություններն այլ հունով ընթացան՝ Զելենսկու երազանքն անկատար թողնելով:

Բայց այս գործընթացում առկա է նաև երրորդ դերակատարը. դա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն է: Վերջինս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ական զինվորը չի կռվելու Ուկրաինայի համար՝ ինքն ընդամենը կնոջ հետ կաղոթի Ուկրաինայի համար: Զելենսկին, իհարկե, զինվորի կարիք ունի և ոչ թե աղոթքի: Ամեն դեպքում, ամերիկյան հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Զելենսկուն համոզելը, որպեսզի վերջինս իրական բանակցություններ սկսի Պուտինի հետ խաղաղություն հաստատելու նպատակով: Որովհետև առանց ՆԱՏՕ-ի ռազմական ուժի մասնակցության Ուկրաինան ոչինչ չի կարող անել ընդդեմ Ռուսաստանի: Թեկուզ անընդհատ ռուսական արտադրության սպառազինություն ստանա Արևելյան Եվրոպայի երկրներից:

Եվ հրաժարվի այն ներկայացումից, որը որպես բանակցություն է ներկայացվում նրա կողմից: Եվ որի իմաստն ընդամենը ժամանակ շահելն է: Երևի հույս ունի, որ մի օր ռուսական հատուկ ռազմական գործողության թափը կկոտրվի: Իսկ Ուկրաինան էլ, անընդհատ սպառազինություն ստանալով Արևմուտքից, կանցնի հակահարձակման: Ու փոխանակ խաղաղության մասին մտածի՝ անընդհատ թեժացնում է պատերազմը: Այնպես որ նա իսկապես «արժանի» է Խաղաղության Նոբելյան մրցանակին (տիկին Տիխանովսկայայի առումով արդեն ասվել է): Իսկ եթե անկեղծ լինենք, ապա նույն տրամաբանությամբ այդ մրցանակին, թեկուզ կիսով չափ, «արժանի» է նաև ԱՄՆ-ի նախագահը: Մի քառորդ չափով կարելի էր հիշել նաև Իլհամ Ալիևին: