Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․Վերաքննիչը մերժեց միջնորդությունը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․Վերաքննիչը մերժեց միջնորդությունը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը մերժեց։ Այս մասին լրագրողներին դատարանում հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Անդրադառնալով առողջական վիճակին՝ պաշտպանը նշեց․ «Կա բացասական դինամիկա, դա ակնհայտ է, ինչը հանձնաժողովային փորձագետեները չեն ժխտում։ Մենք ունենք էն վիճակը, որ 7 շաքար ունեցող մարդը, ունի 27 շաքար եւ 110 ինսուլին է ստանում։ 2 տասնյակից ավելի հիվանդություններ կան, որոնք շատանում են։ Քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու շնորհիվ է, որ վիճակը քիչ թե շատ կայուն է պահում»։ 

Պաշտպանը նաեւ նշեց, որ Մանվել Գրիգորյանի տեսակցություների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը հանվել է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետև Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: