Կանգ առնենք

Կանգ առնենք

Մեր գրական ընտանիքի ավագների պատմածով (հիմա արդեն մեզնից շատերն էլ են ավագ դարձել) եկած մի պատմություն գիտեմ, որքանով է իրական եղել` չգիտեմ, բայց շատ հավանական է, որ եղած լինի: Ընթերցողներից շատերն էլ սա լսած կլինեն: Հասկանալի պատճառներով` անուններ չեմ տալիս, բայց այսպիսի մի դեպք է եղել ժամանակին: Մեր շատ հայտնի գրողներից մեկը սիրային կապերի մեջ է եղել պակաս հայտնի գրողներից մեկի կնոջ հետ:

Այս «պակաս հայտնին»` անինքնասեր մեկը, «հարցը» մտցրել է ՀԳՄ կուսկազմակերպության ժողովի օրակարգ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտել, թուքումուր են տեղացել «հայտնի» դոնժուանի երեսին, որովհետեւ ուրիշ դրդապատճառներ էլ են ունեցել (նման գրողական «համերաշխություններով» քանի՜ տաղանդավոր գրողի գլուխ են կերել...) կամ հո իրենք սուրբ չե՞ն եղել... Ինչ որ է։ Վերջում ձայնը տրվել է ՀԳՄ այն ժամանակվա նախագահին, վճռակա՛ն ձայնը: Իսկ ո՞վ է եղել նախագահը... Ավ. Իսահակյանը: Ասում են` ճանճի տզզոց չէր լսվում, բոլորը շունչները պահած՝ սպասում էին Վարպետի խոսքին: Եվ ի՞նչ է ասում Վարպետը, ասում է. «Առաջարկում եմ «հայտնի» այսինչի... առնանդամը կտրել»: Ասում են` դրանից հետո ավելի խորը լռություն տիրեց... Վարպետը` Եվրոպա տեսած մա՜րդ, ի՜նչ ապտակ է հասցնում («Բա չե՞ք ամաչում` ի՞նչ հարց եք քննարկում կուսակցական ժողովում...»․ սա էլ` լռության թարգմանությունը): 

Սա ինչու եմ ասում: Մի տրանսգենդերի պատճառով ազգը խառնվել է իրար: Ի՜նչ է եղել, այ մարդ... Կուսակցություններն այդ «փաստը» քաղաքական նպատակներով են շահարկում, ոմանց համար էլ առիթ է` ազգի հերոսի «էնիք» թափ տալու համար (էն, որ Ավ. Իսահակյանն ասում էր` կտրենք...):

Տրանսգենդերն ի՞նչ է՝ ընդամենը հիվանդ մարդ: Դե եկեք տանք-սպանենք մեր հոգեկան հիվանդներին, ջեբկիրներին, չգիտեմ էլ ում...

Բայց էս տրանսգենդերներն էլ իրե՛նց չափի մեջ չեն մնում (երեւի դրսից են բզբզում, ներսում էլ որոշ «գրանտասուններ», որոնք բնավ կաթնասունների անվտանգ տեսակից չեն, իրենց են պաշտպանում): Ախպե՜ր ջան կամ քո՜ւր ջան (սեռն էլ նորմալ չգիտես, որ դիմես), ի՜նչ ուզում ես, արա, քամելեոնի պես ի՜նչ գույն ուզում ես, փոխիր, բայց... աչքից հեռո՜ւ... Ցույցերով-բանով մի՛ գրգռեք ժողովրդին, մեզ մոտ ձեր էդ ասածի պահանջը, փառք Աստծո, դեռ չի հասունացել... Տեսե՞լ եք, որ մենք` «բնականներս», ցույց անենք, թե՝ տեսեք-տեսեք, նորմալ ուղղությամբ ենք սեքս անում... Եթե, Ձե՛րդ ախպերություն կամ Ձե՛րդ քուրություն, քեզ վրա իսկապես ճնշում կա, հարեւանները հարձակվում են տանդ վրա, դա ուրիշ բան, մենք` իրավապահների հետ միասին, պարտավոր ենք պաշտպանել քեզ: Հո չի՞ կարելի թույլ տալ, որ հիվանդ մարդուն քարկոծեն: Բայց ո՜ւր մնաց` տերտեր բերենք, ԱԺ ամբիոնն ախտահանենք, մի հատ էլ ժավելով լվանանք... Հո աշխարհով մեկ խայտառակ չե՞ք անելու (առանց այն էլ խայտառակ եղած ենք` մի հեղափոխությո՛ւն չենք կարողանում հորով-մորով անել...): Թշնամի՞ ենք ուրախացնում: Դա նման կլիներ այն բանին, որ մի օր Ադրբեջանում արգելեին... Գյոթեի գրքերի տպագրությունը, ինչ է թե իրենց լեզվով հեղինակի անունն ուրիշ բան է նշանակում (թող ների մեծ գրողի հիշատակը...): Մինչեւ հիմա մեր հայտնի ֆուտբոլիստ Մարկոս Պիցելիի ազգանունը հանիրավի աղավաղում ենք՝ ասելով Պիզելի...

Զավեն ԲԵԿՅԱՆ