Հայաստանը չի կիսում անվտանգային մոտեցումները Պակիստանի և Ադրբեջանի հետ. Մարգարով

Հայաստանը չի կիսում անվտանգային մոտեցումները Պակիստանի և Ադրբեջանի հետ. Մարգարով

Հուլիսի 1-ին Դուշանբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում որոշվել էր հիմնել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտը:

Ինստիտուտը հիմնելու համապատասխան առաջարկով հանդես էր եկել Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Պետդումայի նախագահը նշել էր, որ դիտորդ-գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, բայց «իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի նախապատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը»: Իսկ Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանն ու Պակիստանը:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, Երևանում ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, հայ-ռուսական «Լազարյան ակումբ»-ի խորհրդի անդամ,  քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարգարովի հետ։

 

- Պարո՛ն Մարգարով, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում որոշվել է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ։ Եվ Պակիստանն ու Արդբեջանը ցանկություն են հայտնել լինել դիտորդ-գործընկեր։ Ձեր գնահատմամբ՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի դրան, և սա ի՞նչ նշանակություն կունենա։

- Նախ, կազմակերպությունում երևի վերաիմաստավորման, վերաֆորմատիզացիայի խնդիրներ կան, որովհետև վերջերս կազմակերպության որոշ անդամ երկրների հետ կապված խնդիրներին արձագանքը, համենայնդեպս ըստ տվյալներ երկրների ներկայացուցիչների, ՀԱՊԿ-ի կողմից եղել է ոչ այդքան միանշանակ, ոչ այդքան սպասվող, այսինքն՝ դա մի հարց է։ Յուրաքանչյուր կարգավիճակով կազմակեպության անդամ դառնալու համար, եթե չեմ սխալվում, անհրաժեշտ է կոնսենսուս։ Սկսենք աշխարհագրական հեռվից։ Պակիստանն այն երկիրն է, որը Հայաստանի հետ չունի համապատասխան հարաբերություններ (ճիշտ է, մենք ՄԱԿ-ի անդամ ենք), և առնվազն էկզոտիկ կդիտվի, որ Հայաստանի հետ հարաբերություններ չունեցող պետությանը դիտարկի որպես երկիր, որը Հայաստանի հետ միասին կիսում է անվտանգային խնդիրների վերաբերյալ նույն տեսլականը և ունի նույն մոտեցումն անվտանգային խնդիրների կարգավորման հետ կապված։ Սա մեկ։

Երկրորդը։ Ավելի տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան միգուցե ինչ-որ այլ երկրների հետ իրենց համար առանձին անվտանգային կազմակերպություն ստեղծեն։ Որովհետև այդ տեսանկյունից իրենց մոտ ընհանուրն ավելի շատ է լինելու, քան թե այն երկրների հետ որոնք մտնում են ՀԱՊԿ։ Այս տեսանկյունից նույն Պակիստանի դիրքորոշումը՝ Աֆղանստանի հետ կապված, կարող է ունենալ տարբերություններ միջինասիական մի շարք պետությունների հետ, որոնք ՀԱՊԿ-ին անդամակցում են։ Իսկ Ադրբեջանի անվտանգային և տարածաշրջանային մոտեցումները, մեղմ ասած, միշտ չէ, որ համընկնում են Հայաստանյան տարածաշրջանային, անվտանգային դիրքորոշումների հետ։ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս որպես կազմակերպություն, որը նպատակ ունի պաշտպանել ընդհանուր անվտանգային տեսլականը, մոտեցումը խնդիրների վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ առնվազն մի քանի ճակատներով Հայաստանը չի կիսում անվտանգային մոտեցումները նշված երկու երկրների հետ, որը տրամաբանորեն պետք է բերի նրան, որ Հայաստանը կարող է իր, մեղմ ասած, անհամաձայնությունն արտահայտել կապված տվյալ երկրների անդամակցության հետ։

 

- Եթե ի վերջո Պակիստանը և Ադրբեջանը դառնան այդպիսի դիտորդ-գործընկեր, տեսականորեն դիտարկենք, Հայաստանն ինչպե՞ս պետք է գործի, ի՞նչ նոր իրավիճակ կստեղծվի։

- Եկեք «եթե»-ներով չխոսենք։ Ենթադրում ենք, որ տվյալ երկրների անդամակցությունն այլ կազմակերպության մեջ, որտեղ Հայաստանն ունի կամ փորձում է պաշտպանել սեփական շահերը, և որին Հայաստանը դիմել է, ինչպես հիշում եք, հենց Ադրբեջանի հետ կապված խնդիրների կապակցությամբ, անդամակցությունը նույն կազմակերպության մեջ առնվազն դիտվելու է ոչ այնքան բարենպաստ։ Դուք կարող եք ասել, որ Հունաստանն ու Թուրքիան անդամակցում են միաժամանակ ՆԱՏՕ-ի մեջ, և ունեն համապատասխան խնդիրներ։ Բայց տվյալ պարագայում եթե անդրադառնանք համագործակցությունը, որ առկա է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև, կարելի է գուցե դա դիտարկել, երբ այդպիսի գործունեության մակարդակ լինի։ Կարո՞ղ ենք Ադրբեջանի հետ ապրել։ Մենք ապրում ենք Ադրբեջանի պետության կողքը վերջին տասնամյակի ընթացքում, և ինչպես դուք տեսնում եք, այդ ապրուստը չի եղել նույն անվտանգային մոտեցումը կիսելով։ Համապատասխանորեն անդամակցության հարցն ինքնին առնվազն, նորից եմ ասում, պետք է դիտարկվի համապատասխան այն բոլոր մարտահրավերներով և խնդիրներով, որոնք ապահովում են ոչ միայն տվյալ դեպքում մինիմումը հարևանությունը, այլև մաքսիմումը՝ անդամակցությունը միևնույն անվտանգային կազմակերպության մեջ, այսինքն՝ տեսլականները, մոտեցումներն են տարբեր։ Ուստի խոսել նրա մասին, որ անդամակցությունը հնարավոր է, առայժմ բարդ է։

 

- Իսկ ըստ Ձեզ՝ Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում այդ հնարավորությանը։

- Չգիտեմ՝ ինչպես է վերաբերվում։

 

- Ռուսաստանի գործողություններն ի՞նչ են ցույց տալիս այս առումով։

- Ռուսաստանը, անդամակցելով ՀԱՊԿ-ին, ինքը տեսնում է, որ խնդիրներ ունի Հարավային ճակատում, ինքը ունի խնդիրներ միջինասիական ճակատում, որոնք բնականաբար պայմանավորված են նրանով, որ Աֆղանստանում տեղի է ունենում արևմտյան ուժերի, մասնավորապես Միացյալ Նահանգների դուրս գալը, «Թալիբան» շարժման ակտիվ առաջխաղացումը տարբեր ուղղություններով։ Եվ դա ստեղծում է խնդիրներ մի քանի այլ ՀԱՊԿ անդամ պետություններին համար, մասնավորապես Տաջիկստանի համար, որն Աֆղանստանից եկած ռադիկալների հետ շփվելու «փորձ» ունի։ Հարց, որը քննարկվում է տվյալ պարագայում՝ արդյո՞ք «Թալիբանը» պատրաստ է լինելու անցնել սահմանը և ստեղծել իրական վտանգ։ Եվ մյուս խնդիրը, որը որ կա, ռադիկալ իսլամիստական կազմակերպությունները չեն, այլ խնդիրը դրանք ներկայացնելն է ուղղակի ահաբեկչության տեսանկյունից։ Հարցն այն է՝ ինչքանո՞վ են նրանք վերահսկելի, ինչքանո՞վ են նրանք պատրաստ լինելու մնալ Աֆղանստանի սահմանների մեջ։ Կան տարբեր կարծիքներ։ Այս տեսանկյունից Ռուսաստանի համագործակցությունը ՀԱՊԿ-ի միջինասիական թևում որոշ չափով կարող է պայմանավորված լինել նաև նրանով, թե ինչ փոխհարաբերություններ է կարելի է կառուցել նույն Պակիստանի հետ այս հարցի շուրջ։ Բայց այստեղ պետք է ունենալ ավելի խորքային գիտելիքներ, որոնց ես չեմ տիրապետում՝ չլինելով դրա մասնագետը։ Դրա համար դժվարանում եմ Ձեր հարցին պատասխանել։