Հպարտ քաղաքացու մտահոգություն 

Հպարտ քաղաքացու մտահոգություն 

Կորոնավիրուսի նկատմամբ երկրի համաճարակային անապահով իրավիճակը կայունացման որևէ միտում չունի: Հայաստանում համաճարակն առնվազն 5 ամսից ավելի տևողությամբ գտնվում է հետևողական զարգացման փուլում, իսկ ձեռնարկված գործողությունները՝ համաճարակաբանական տեսակետից, թե տեսակով, թե քանակով, թե որակով, թե մասնագիտական տիրույթներում, ժամանակի և ռեսուրսների արդյունավետության առումով խնդրահարույց էին, ինչի ապացույցը պաշտոնական հրապարակված վիճակագրությունն է։ Ցուցանիշները համաճարակաբանական առումով, մեղմ ասած, չեն բնորոշում վարակի ընթացքը, զարգացումը: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում կորոնավիրուսի զարգացման ելքը, բնականաբար՝ համաճարակային կանխատեսումը անբարենպաստ է՝ դրանից բխող հանրային առողջապահական, սոցիալական և տնտեսական ծանր, եթե ոչ՝ աղետալի հետևանքներով: Համաճարակի գնահատման, վերլուծության և կանխատեսման իրական հիմքը այլ ցուցանիշներ են, որոնցից կարելի է առանձնացնել հիվանդացության և անապահովության ցուցիչները, իսկ համաճարակի էքստենսիվության և ինտենսիվության մասին՝ կարելի է հուսալ, որ պետական բարձր մակարդակում տեղյակ են և այս իրավիճակում չարժե մտածել դրանց նվազման մասին: 

Հիվանդացության ցուցիչը՝ հիվանդացածների թվի հարաբերությունն է տվյալ վարակի նկատմամբ ընկալունակների թվին, իսկ անապահովության ցուցիչը՝ վարակի կամ հիվանդության դեպքերն արձանագրած անապահով բնակավայրերի /համայնքների/ թվի հարաբերությունն է ընդհանուր բնակավայրերի /համայնքների/ թվին: Հանրությունը պետք է գիտակցի, որ ամեն օր՝ ժամը 11-ին  հայտարարվող թիվը, օրինակ՝ այսօրվա 452-ը, ընդամենը տվյալ օրվա ախտորոշումներով հայտնաբերված դրական դեպքերի /հակազդածների/ թիվն է, հետևաբար իրական հիվանդացության մասին եզրահանգումը կարելի է թողել հանրության երևակայությանը: Ինչ վերաբերում է անապահովության մասով իրականությանը, ապա կոչ եմ անում կառավարությանն ու պաշտոնյաներին հրապարակել այս պահի դրությամբ հանրապետության այն բնակավայրերի /ոչ համայնքների, որտեղ առկա է խոշորացման փաստը/ ցանկը, որտեղ առայսօր արձանագրվել են դեպքեր, որովհետև ՀՀ հպարտ քաղաքացին իրավունք ունի իմանալ անապահով բնակավայրերը, որտեղ անձնական նպատակներով կամ գործի բերումով կարող է հայտնվել՝ որևէ կերպ սեփական անվտանգությունը գոնե իր միջոցներով ապահովելու նպատակով: Ի վերջո, ՀՀ քաղաքացին, իր ազատ տեղաշարժի և կյանքի սահմանադրական երաշխավորման պայմաններում, իրավունք ունի իմանալ դեռևս ապահով այն բնակավայրերը, որոնց տարածքում կարող է լինել՝ անձնականից մինչև բիզնես և այլ նպատակներով: 

Առողջապահական համակարգին կոչ եմ անում անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ կորոնավիրուսով բնական վարակվածության մակարդակը՝ բնակչության շրջանում վարակի նկատմամբ ձևավորված  իմունիտետի /անընկալունակության/ առկայությունը և լարվածությունը բացահայտելու ու գնահատելու նպատակով, ինչը խիստ անհրաժեշտ է իրական համաճարակային կանխատեսման և հետագա գործողություններ կամ ռազմավարություն մշակելու, իրացնելու համար: Ակնհայտ է, որ մինչ օրս ընտրված գործելաոճով՝ վարակի զարգացման ու հիվանդության տարածվածության իրական մասշտաբների պայմաններում, թեստավորումն այլևս չունի իր նշանակությունն ու արդյունքը՝ մանավանդ, որ այս իրականությունում անխուսափելի է ամբողջ բնակչության վարակվելը, խնդիրը միայն ժամանակի մեջ է, որն առերևույթ կարծես թե արագացվում է, չգիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն առողջապահական, այլև հանրապետության կենսագործունեության գոնե նվազագույն պահպանման առումով: 
Կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայությանը՝ վերցնել իրավիճակի պատասխանատվությունը և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ փաստացի ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակը սանձելու և յուրաքանչյուր բնակավայրում՝ տեղական ինքնակառավարման մարմնի մասնակցությամբ, իրավիճակի նկատմամբ տեղում օպերատիվ հսկողություն կազմակերպելու նպատակով: Հանրապետության տարածքում համայնքային՝ ըստ բնակավայրերի, և մարզային  մակարդակներում ձևավորել հակահամաճարակային տեղական /մարզային/ հանձնաժողովներ՝ տվյալ համայնքի ղեկավարի /մարզպետի/ ղեկավարությամբ և անմիջական պատասխանատվությամբ, շահագրգիռ բոլոր պետական, այդ թվում՝ ուժային կառույցներից, հասարակական և հանրության այլ շրջանակներից պարտադիր ներկայացուցիչներով և կամավորներով: Համաճարակի դեմ պայքարում տարածքային կոտորակման ռազմավարությամբ և տեղական հանձնաժողովներով, որոնք  պատասխանատվություն կստանձնեն կորոնավիրուսի համաճարակի փոխանցման գործոնի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու, որը մինչ օրս պատշաճ չիրականացվեց՝ դիտավորյալ կամ ոչ՝ կարեւոր չէ: Դեռևս ուշ չէ կիրառել վիրուսի տարածման գործոնի դեմ պայքար՝ վիրուսի փոխանցման շղթան կոտրելը, որը կարող է իրավիճակի նույնիսկ նման վատթարացման դեպքում արդյունավետ գործիք լինել, եթե հրատապ վերանայվեն հանված սահմանափակումները և կյանքի կոչվի իրական կարանտինը՝ անապահով համայնքի կամ դրա մի մասի /թաղի, հատվածի/ կամ մի քանի համայնքների սահմաններում կարանտին սահմանելու, պահելու և կարանտինը չեղարկելու ռեժիմների պատասխանատու և ամբողջական փաստացի կիրարկմամբ: Հակառակ դեպքում այսօրվա վիճակին ու վիճակագրությանը կարճ ժամանակ անց կարելի է նախանձել…

Հակահամաճարակային հանձնաժողովներին հրատապ տրամադրել և ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները, որոնք պահանջվում են անապահով բնակավայրում վարակը մեկուսացնելու և տարածումը կանխելու տրամաբանությամբ և բխում են ազգային անվտանգությանն ուղղակի սպառնացող վտանգների և հետևանքների բացառումը ապահովող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: 
Պարետատունը ոչ մի դեպքում չի կարող ստանձնել ողջ երկրում իրավիճակին արձագանքելու պատասխանատվությունը, որովհետև համաճարակային նման իրավիճակում ուղղակի անիրատեսական է, ողջամիտ չէ, որ ցանկացած վայրում և դեպքում առաջացած խնդրով պարետատունը, նույնիսկ բավարար կոմպետենտության դեպքում, ֆիզիկապես ի վիճակի կլինի ամբողջությամբ և պատշաճ զբաղվել ու տվյալ իրավիճակից բխող ոչ ստանդարտ լուծումներ տալ: Պարետատունը պետք է լուծեր /լուծի/ անհրաժեշտ ռեսուրսները և միջոցները տրամադրելու և կառավարության մակարդակով լուծման ենթակա որոշակի հարցեր ու խնդիրներ՝ ստանձնելով համակարգող դերակատարություն:  

Հրապարակային հարց՝ ի՞նչ է արվել մինչ օրս կորոնավիրուսով անապահով ցանկացած բնակավայրում՝ տեղական ինքնակառավարման և մարզպետի, կառավարության մակարդակներում: 
Թափանցիկ և հաշվետու աշխատելու ամենօրյա հայտարարությունների հիմքով՝ հանրությունը հրապարակային կերպով պետք է ստանա համայնքների ղեկավարների և մարզպետների, այնուհետև կառավարության կամ պարետատան հաշվետվությունները՝ գործողությունների հստակ շարադրմամբ, որը կներառի կորոնավիրուսի 1-ին դեպքի կամ դեպքերի արձանագրումից հետո ընկած ժամանակահատվածը՝ վարչապետի կամ նախարարի ու մարզպետի մակարդակով դեպքերի թվի հայտարարության փոխարեն, որտեղ նույնիսկ տվյալ մարզի բնակիչները տեղյակ չեն, թե իրենց մարզի որ համայնքներում են արձանագրվում հիվանդության դեպքեր և քանի հիվանդ կա: 

Արմեն Վարդանյան