Սպասենք նաեւ ԱԺԿ հայտարարությա՞նը

Սպասենք նաեւ ԱԺԿ հայտարարությա՞նը

ՀՅԴ Արցախի կառույցը հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, որ հիմք ընդունելով համապետական ընտրությունների եւ ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները, նպատակահարմար չեն գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը: 

Դաշնակցությունը նման հայտարարություն կարող էր անել ապրիլի 14-ին կամ ավելի վաղ, քանի որ ի սկզբանե չէր ընդունվել համաձայնեցված օրակարգի հիմքով նախագահի միասնական թեկնածու առաջադրելու՝ նրա տեսլականը, բայց, երեւի, ինչ-որ սպասումներ ուներ: Երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Արայիկ Հարությունյանը հստակ հայտարարեց, որ չի կազմավորելու կոալիցիոն կառավարություն, քաղաքական ուժերի հետ չի քննարկվում, այսպես ասած՝ պաշտոնների բաժանման հարց:

Ըստ էության, նախագահը հասկանալ տվեց, որ օգտվելու է սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից, որոշելու է կառավարության կառուցվածքը եւ նշանակումներ է անելու՝ ելակետային ընդունելով պրոֆեսիոնալիզմը: Դաշնակցությունը փաստացի կառավարության մաս կազմելու առաջարկություն նախագահից չի ստացել: Երեւում է, քննարկումներն ընթացել են խորհրդարանական մակարդակում որոշակի պայմանավորվածությունների շուրջ:

ՀՅԴ երեք պատգամավորներից մեկն ընտրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: Դա, անշուշտ, քաղաքական համաձայնության արդյունք է: Կարելի է ենթադրել, որ Դաշնակցությունը կգործի ազատ ռեժիմում: Որոշ հարցերում կաջակցի գործադիր իշխանությանը, իր համար սկզբունքային դեպքերում հանդես կգա որպես ընդդիմախոս: Տվյալ իրավիճակում դա արդարացված մարտավարություն է: Համենայն դեպս, ՀՅԴ Արցախի ԿԿ հայտարարությունից հետեւում է, որ «Արդարության» կուսակցության նախաձեռնած բանակցությունները ցանկալի հանգրվանի չեն հասել, այսպես ասած՝ «երեքի դեկլարացիան» չի ստացվել: Հիշեցնենք, որ հետընտրական մի փուլում հայտնի էր դարձել, որ ,«Արդարությունը» ՀՅԴ-ի եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ բանակցություններ է սկսել՝ միասնական պլատֆորմ ձեւավորելու եւ այդ հիմքով խորհրդարանում համախոհ գործելու նպատակով: Դաշնակցությանը հետեւելով՝ ԱԺԿ-ն նույնպե՞ս հայտարարություն կտարածի: