Մայիսյան տոներին ընդառաջ

Մայիսյան տոներին ընդառաջ

Եթե դու մի անգամ ոչ հաշվենկատորեն, միայն զգանցմունքով տված երդմանդ հավատարիմ,- չնայած աչքիդ առաջ կատարված անլուր դավաճանություններին եւ քաղաքական խարդախություններին,- նույնիսկ բոլշեւիկյան հեղաշրջումից հետո ես հավատ փայփայում, որ ռուսական իմպերիան անատոլիական վիլայեթներից քեզ համար Հայաստան պետություն է կերտելու եւ քո զինուժի ընտիր ջոկատները Բաքվում դնում ես Ստեփան Շահումյանի հրամանատարության տակ՝ մի դատարկ խոստման դիմաց, թե Կովկասի արտակարգ կոմիսարը թույլ չի տա, որ ռուսական զորքերը մերկացնեն ճակատը, եւ քո զինվորները Բաքվում խառնվում են բոլշեւիկ-մուսավաթ քաղաքացիական կռիվներին, եւ Համազասպն ու Սեպուհը Շամախիում, Ղուբայում, Լենքորանում եւ Մուղանի անապատներում այստեղ-այնտեղ ծվար եղած՝ ռուս աղավանդավորների գյուղերում խորհրդային իշխանություն են սկսում հաստատել՝ երբ օսմանյան բանակները Երզնկան էին գրոհում, եւ վրաց մենշեւիկ Օդիշելիձեն Թիֆլիսից ուղիղ հեռագրաթելով Ֆոմա Նազարբեգովին կարգադրում էր ամրոց առ ամրոց դատարկել քո հայրենիքը՝ մինչեւ Ալեքսանդրապոլ, երբ աչքիդ առաջ վրացիներն սկսում են Գերմանիայի հետ բանակցել՝ հռչակելու իրենց անկախությունը, եւ Չխենկելին Խատիսյանին ասում է, որ Վրաստանը սովոր չէ Թուրքիայի լծի տակ ապրելուն, իսկ հայերը սովոր են, եւ մի գիշերով Անդրկովկասյան սեյմի թուրք պատգամավորներն իրենց հայտարարում են Ադրբեջանի ազգային խորհուրդ, իսկ ցարական Ռուսաստանի Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները՝ հայրենիք, երբ, ի տես այդ ամենի, համարձակություն չես ունենում ինքդ էլ որպես ինքնիշխան ազգ քո երկիրը հռչակել, այլ ինքնակոչվում ես հայաբնակ գավառների իշխանություն՝ ուրեմն վերջին, վճռական ճակատամարտը պիտի տաս քո տան-դռանը՝ Սարդարապատում, եւ քո զավակները դառնանան, թե ստացածը հայրենիք չէ, հազիվ կհերիքի աշխարհի բոլոր հայերին՝ որպես գերեզմանատեղի, եւ օտարը քմծիծաղի, որ հայերին տրվեց Սեւանում լողանալու իրավունք, բայց չորանալու տեղ՝ ոչ, որովհետեւ դու լուռ նայում էիր հեռացող ռուսական զորքերին, իսկ վրաց մենշեւիկներն ու թուրք մուսավաթականները Շամխորում կանգնեցրին գնացքը, մինչեւ վերջին թելը մերկացրին զինվորներին, կողոպտեցին զենք ու զինամթերթ, պարեն, բժշկական պիտույքներ, ամեն ինչ, որ պատերազմում պիտանի է, եւ Պարսկաստանից Գանձակ մտած Նուրի փաշան, որ հրամանի տակ միայն չորս հարյուրյակ այրուձի ուներ, շրջակայքների թուրք խաժամուժից ռուսական զենք-զինամթերքի հաշվին կազմավորեց Կովկասի իսլամական բանակ եւ շարժվեց Բաքվի վրա. դու քո վերջին ճակատամարտն էիր տվել, թուրքական հրետանին Երեւանից յոթ կիլոմետր հեռավորության վրա էր, Ալեքսանդրապոլ-Ջուլֆա գիծն էր հսկում, Թիֆլիսի ճանապարհը եւ պիտի երկիրդ համեստորեն կոչեիր Արարատյան հանրապետություն եւ գոհանայիր, որ Օսմանյան կառավարությունը պարտավորվել է Գառնու ձորը դատարկել թուրք բնակչությունից, ի երախտագիտություն ինչի քո Արամ փաշան երկաթուղու (թուրքերի տնօրինությանն անցած) Երեւանի կայարանում պիտի զինվորական պատիվներով ընդուներ Խալիլ փաշային եւ սուլթանական կառավարությունից գաղթականության համար մի քանի հազար փութ հաց խնդրեր եւ, իհարկե, չմերժվեր. իրենց բորենիության զոհերն էին՝ արեւմտահայության խլյակները, եւ թուրքերը «մեծահոգաբար» խոստանում էին սովի չմատնել նրանց, ինչպես եւ խաղաղության կոչել Զանգիբասարի, Վեդիբասարի, Բասարգեչարի թրքությանը, որ ընդունեն հայկական կառավարության իրավունքը երբեմնի մե՜ծ Հայաստանից մի պատառ հողի վրա, որ մի տեսակ ինքնավարություն էր Թուրքիայի աչալուրջ հայացքի ներքո- քո կենաց-մահու ճակատամարտը պիտի տայիր Երզնկայի պատերի տակ, բայց եղավ այնպես, որ կատակասեր ալեքպոլցիները նույնիսկ մահտարաժամի պահին չկորցրին իրենց եւ նահանջի հրաման տված քո զորավարին, որ քոնը չէր, իմպերիայի բանակի գեներալ էր, ծաղրեցին, թե դու Նազարբեգով չես, Նազադբեգով ես, եւ այս ու էլի նման բաները քո պատմության դասագրքերում տեղ չունեն, եւ քո սերունդներն այդպես էլ քեզ եւ իրենց չեն ճանաչում…