Մարմնավաճառի ասածն ինչքա՜ն իրական էր․․․

Մարմնավաճառի ասածն ինչքա՜ն իրական էր․․․

Կոմունիստների ժամանակ էլ լրագրող եմ եղել։ Մինչև հիմա մի հարցազրույց եմ հիշում, այն ժամանակների համար դա սկանդալային թեմա էր, հիմա քմծիծաղով կլսեք։ Զրուցել էի մի մարմնավաճառի հետ ու հարցրել՝ հոգեբանորեն դժվա՞ր չէ մարմնավաճառ լինելը։ Այդ ժամանակ կլինեի 18 տարեկան և բարոյական անկումը ֆիզիկականից ավելի ահավոր էի պատկերացնում։ Գիտե՞ք ինչ ասաց մարմնավաճառը, մինչև հիմա տառ առ տառ հիշում եմ։

-Դժվարը մի անգամ տալն է, հետո հարմարվում ես։ 

Հիմա ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են հարմարվել հայրենիքի կորստյան, տալու հետ։ Ովքե՞ր են Արցախը տալուց հետո մոռացել, որ Արցախ ունեինք, սրբություններ ունեինք։ Ովքե՞ր են հարմարվել, որ 120 հազար հայ պատանդ է պահվում, որ Հայաստանը շրջափակման մեջ է։ Ինչո ՞վ են նրանք տարբերվում այն մարմնավաճառից, ով ասում էր՝ դժվարը մի անգամ տալն է, հետո հարմարվում ես։ 

Կես դար է անցել իմ հարցումից, ու այն կրկին վերակենդանացել է։ Հիմա 18 չեմ, բայց փորձառության բարձունքից նայում ու տեսնում եմ, որ բան չի փոխվել։ Արցախցիներին փորձում են համոզել՝ հարմարվելու դժվարին առաջին քայլերի հետ, հետո սովորական է դառնալու, հարմարվելու են։ Համոզողներն  այդ բնագավառում ԱՍ են ու զարմանում են, երբ արցախցին  արժեքներից, սրբություններից, հողից ու հայրենիքից է խոսում։ 

Մարմնավաճառի ասածն ինչքա՜ն իրական էր․․․ Տվին Սև լիճը, հետո սովորական դարձավ տալը․․․ Այնքան սովորական, որ նախկին տվածներից ոչինչ չեն հիշում ու զարմանում են, երբ ասում են՝ Արցախն ինչու՞ տվիք․․․ Շուշին ինչու՞ տվիք․․․ Դժվարը, առաջին անգամ տալն է՝ տալու, հանձնելու հոգեբանությունը, հետո դա դառնում է ապրելակեպ․․․ 
Կես դար առաջ, երբ ես հարցազրույց էի վարել մարմնավաճառի հետ, խմբագրիցս նկատողություն ստացա՝ ստորին շեմի հետ հարցազրույց վարելու համար,  հիմա ամեն օր մեր զրույցը, կռիվը բարոյապես անկվածների հետ է։ Հիմա խմբագրիս փոխարեն ժողովուրդն է ինձ նկատողություն անում՝ հերիք չի՞ դրանց մասին գրեք․․․