Կոմպրոմիսին այլընտրանք չի երեւում

Կոմպրոմիսին այլընտրանք չի երեւում

Երեկ առավոտյան Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրանքի՝ հերթական անգամ մեղքը բարդելով Հայաստանի վրա: Հերթական անգամ Նիկոլն ու Արոն միջազգային հանրությանը փորձեցին բացատրել, որ Հայաստանը մեղք չունի: Միջազգային հանրությունն էլ օրվա ընթացքում հերթական անգամ կողմերին կառաջարկի՝ զերծ մնալ իրադրության սրացումից: Բայց այդ ամենում մի դրական պահ կար. մենք զոհ չտվեցինք, ագրեսորները, իրենց ասելով, տվեցին մեկ զոհ: Եթե, իհարկե, հավատանք թե՛ մեկին եւ թե՛ մյուսին: Սրացումների ժամանակ, որպես հայ եւ հայաստանցի, անընդհատ հետեւում եմ ՀՀ ՊՆ տեղեկատվությանը: Բայց շատ վաղուց դրա նկատմամբ չունեմ այն հարգանքը, որն առկա էր մինչեւ 2020 թվականի պատերազմը: Թեեւ գիտակցում եմ, որ զոհերի առումով տվյալներն արդեն հնարավոր չէ կեղծել: 

Ներկայացնելով առավոտյան տեղի ունեցածը՝ Նիկոլը կառավարության նիստում օգտագործեց «ադեկվատ պատասխան» բառակապակցությունը: Ինչը նշանակում է, որ ինքը գիտակցում է այդ բառակապակցության իմաստը: Հատկապես երբ այն վերաբերում է արդեն երեք տարի ձգվող պատերազմի առանձին դրվագին: Ինչի առումով խիստ ուրախ եմ: Որովհետեւ Սեւ լճի առումով մի ժամանակ ինքն ասում էր, որ 30 տոկոսի համար մեր զինվորը չպետք է զենք կիրառի թշնամու դեմ: Նույնը՝ նրա եւ նրա կամակատարների խոսքով, վերաբերում էր Գեղարքունիքի մարզի անբնակ տարածքներին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ առկա է որոշակի առաջընթաց նիկոլական մտածողության մեջ: Ինչը խիստ զարմանալի, սակայն դրական երեւույթ է:

Բայց այդ առաջընթացը թերի է, ու այն դեռեւս չի ամրապնդվում հետագա շարունակությամբ: Այն է՝ եթե սահմանի առանձին հատվածի մարտի դաշտում մեր զինվորն ադեկվատ պատասխան է տալիս թշնամուն, ապա նույնը, նախ, պետք է կատարվի ողջ սահմանի երկայնքով: Եվ երկրորդ՝ այդպիսի պատասխան պետք է տրվի նաեւ իր երբեմնի «կիրթ գործընկերոջը»՝ բանակցությունների ընթացքում: Ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, այսինքն՝ հենց ինքը, Նիկոլը, պետք է հրաժարվի պարտվողական խաղաղությունն առաջ մղելու ջանքերից: Ես գիտակցում եմ, որ երբեմնի «դուխով» Նիկոլի համար դա սարսափելի տարբերակ է: Բայց այլ տարբերակ չկա՝ կա՛մ ինքը պետք է հրաժարական ներկայացնի, որպեսզի փրկվի Հայաստանը, կա՛մ էլ մեր երկրին սպառնում է կործանում: Իսկ եթե ինքը չի ցանկանում ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը, ապա պետք է սովորի հաղթահարել իր սարսափը՝ Իլհամին տեսնելիս: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ աշխատավարձերի բարձրացումների ու պարգեւավճարների ողջ գումարն ուղղի բանակի վերազինմանն ու վերափոխմանը:

Ես, իհարկե, կողմ կլինեի, եթե Նիկոլից դա չպահանջվեր: Այսինքն, մեր հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը կարողանար հրաժարական պարտադրել Նիկոլին: Նույնիսկ համաձայն կլինեի, որ ինքն առանց դատ ու դատաստանի եւ հետագա խնդիրների լքեր մեր հայրենիքը: Այն, ինչ իրեն առաջարկվում էր դեռեւս երկուսուկես տարի առաջ: Բայց այն ժամանակ իրեն թվում էր, թե պատերազմից կես տարի անց ինքը կվերականգնի բանակն ու կլուծի պարտությամբ առաջացած բոլոր խնդիրները: Հիշո՞ւմ եք՝ նույնիսկ ճանապարհային քարտեզ էր հրապարակել: 
Սակայն կյանքը ցույց տվեց, որ վարչապետի պաշտոնն իր տեղը չէ: Ու իր հետ քայլածներն էլ այն անձինք չեն, որ իրենց ողջ ժամանակը, էներգիան, մի խոսքով՝ իրենք իրենց ամբողջովին նվիրեն հայրենիքի վերականգնմանը: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ընտրենք կոմպրոմիսային տարբերակը. կոմպրոմիսին այլընտրանք ուղղակի չի երեւում: Նիկոլին ու նրա կամակատարներին թույլատրվում է անվտանգ լքել հայրենիքը: Իշխանությունը փոխանցվում է խայտառակ պարտությունից հետո ձեւավորված դիմադրության շարժման ղեկավարությանը: Այնուհետ ՀՀ իշխանությունը կարող է ձեւավորվել այն տարբերակով, որն առաջարկել էի «ՀՀ կառավարման բանաձեւ» հոդվածում՝ հրապարակված ս. թ. ապրիլի 8-ին: