Փաշինյանի արտախորհրդարանական կլուբում մնացել են միայն կոմերսանտները

Փաշինյանի արտախորհրդարանական կլուբում մնացել են միայն կոմերսանտները

Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգահեռ փոքրանում է նաեւ նրա, այսպես կոչված, աջակից արտախորհրդարանական կուսակցությունների շրջանակը: Նախորդ օրը Փաշինյանի հետ հանդիպման էր գնացել ընդամենը 5 կուսակցության ղեկավար: Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այս անգամ բոյկոտել է Փաշինյանի հետ հանդիպումը: Մեր տեղեկություններով, Խզմալյանը համարել է, որ ինքը չի կարող քննարկում ունենալ մի մարդու հետ, ով նախորդ օրը`մայիսի 9-ին, ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը եւ նրա հետ ներկա գտնվել ԽՍՀՄ հաղթանակի 78-ամյակի առիթով կազմակերպված ռազմական շքերթին: Խզմալյանի նման քայլը կարելի է միայն ողջունել. ի վերջո, դա խոսում է նրա սկզբունքայնության մասին՝ հանուն գաղափարների, որոնց նա զոհել է իշխանության ղեկավարի հետ լավ հարաբերությունները:

Փաշինյանի արտախորհրդարանական շրջապատում մնացել են բացառապես կոմերսանտները, ովքեր, չնայած կոչվում են կուսակցության ղեկավարներ, սակայն իրականում այդ կուսակցությունները ծառայեցնում են որպես իրենց բիզնեսի տանիք: Նրանց համար կարեւոր չէ՝ Փաշինյանն ում հետ կհանդիպի, ինչ առիթով կամ ինչ հայտարարություն կանի դրանից հետո, իրենք անվերապահորեն սատարում են Փաշինյանին, քանի որ այդ սատարման դիմաց ապահովում են իրենց բիզնեսի համար նպաստավոր պայմաններ:

Ամենավառ օրինակը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է: Թվում է, թե նա կուսակցության ղեկավար է, տարբեր քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանություն է անում, տեսակետ հնչեցնում, մասնակցում ընտրությունների: Բայց նա քաղաքականության մեջ հայտնվել է պատահականության արդյունքում՝ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ներքաղաքական կայունությունն ապահովելու համար որոշ շրջանակներ առաջարկեցին սպանված վարչապետի եղբորը նշանակել նրա պաշտոնին: Մինչ այդ նա աշխատում էր Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն: Հետո նա սեփականաշնորհեց ցեմենտի գործարանը եւ սկսեց կիր արտադրել: Արարատում կա երկու ցեմենտի գործարան`նոր եւ հին: Արամ Սարգսյանին բաժին հասավ հին գործարանը: Սարգսյանի գործարանում արտադրվող կիրն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, եւ որպեսզի հանքարդյունաբերող ձեռնարկությունները գնեն այդ կիրը, Սարգսյանը պետք է լավ հարաբերություններ ունենա իշխանության հետ: Հայաստանում միշտ է այդպես եղել. եթե դու իշխանության հետ վատ ես, չես կարող փող աշխատել: Արամ Սարգսյանը ձեռքի հետ էլ զբաղվում է կուսակցական գործունեությամբ`աջակցում է Փաշինյանին:

Փաշինյանի արտախորհրդարանական մյուս գործընկերը Սեդրակ Աճեմյանն է: Նա մի ժամանակ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն էր, հետագայում չվերընտրվեց: ԱՄՆ քաղաքացի Աճեմյանը շինարարական բիզնեսով էր զբաղվում ԱՄՆ-ում, իսկ 2008-2010 թթ․ Հանքավանում գնեց հանգստյան տուն եւ մի քանի միլիոնի ներդրում արեց՝ այն ամբողջովին հիմնանորոգելով եւ վերակահավորելով: Այդ ժամանակ նա ջերմ հարաբերություններ հաստատեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ ՍԴՀԿ-ն ծառայեցնում էր նախագահ եւ վարչապետ Սարգսյաններին, 2018-ից հետո ծառայության անցավ նոր իշխանության մոտ: Հայաստանում Հնչակյան կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, բայց կա դրա հայաստանյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Նա երբեք եւ ոչ մի հարցով տեսակետ չի հայտնում: Պատճառն այն է, որ Աճեմյանը հրապարակային չի կարող խոսել, եթե փորձի` կխայտառակվի, իսկ դրանից խուսափելու լավագույն ձեւը լռելն է: Փաշինյանի հետ հանդիպումներին նա հրավիրվում է որպես դեկորացիա, որ լուսանկարի մեջ երեւա, ու հաղորդագրության մեջ գրվի՝ «ներկա էր ՍԴՀԿ ատենապետը»:

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի անձն ընդհանրապես անիմաստ է քննարկել: Նա նույնպես գործարար է, կոնյակի արտադրություն ունի Ֆրանսիայում, Հայաստանում: Նախկինում նա իր բիզնես գործունեությանը տանիք ապահովելու համար ՀՀ խորհրդարանի պատգամավորական մանդատ էր գնում, հիմա կուսակցություն է հիմնել ու պարտաճանաչորեն մասնակցում է Փաշինյանի հետ հանդիպումներին, ինչով էլ գրեթե սահմանափակվում է նրա կուսակցական գործունեությունը: 

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի կենսագրությունն այս կամ այն տնտեսական ոլորտում նրա աշխատանքից է կազմված` հիմնականում Հայաստանից դուրս: Հայտնի է, որ Հայաստանում նա զբաղվում է խաղողագործությամբ եւ գինեգործությամբ` Վայոց Ձորում ունի հեկտարներով խաղողի այգիներ: Անհասկանալի է նրա կուսակցության անվանումը` «Միասնական հայրենիք»` ո՞ւմ հետ միասնական: Նախկինում երբ ասում էին՝ միասնական հայրենիք, նկատի ունեին Խորհրդային Միությունը` որպես այդ միությանն անդամակցող պետությունների եւ ժողովուրդների միասնական հայրենիք: Արդյոք Տերտերյանը նոր միության կողմնակի՞ց է` դժվար է ասել։ Նա այդ թեմայով ասում է, որ Ռուսաստանի իշխանություններից չի լսել հրապարակային հայտարարություններ՝ նոր միութենական պետություն ստեղծելու մտադրության մասին: Իրականում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են նման միություն ստեղծելու նպատակահարմարության մասին, այլ հարց է, որ Տերտերյանը կարող էր չլսել կամ լսել է, բայց չի ուզում հանդես գալ նման միություն ստեղծելու գաղափարի դեմ. ի վերջո՝ ինքը «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահն է:

Մնաց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը: Վերջինս գործարար չէ, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ներկայացնում է մեկ այլ գործարարի, ով էական ազդեցություն է ունեցել Փաշինյանին իշխանության բերելու հարցում, եւ հիմա էլ սատարում է նրա իշխանությանը: Շիրինյանի կուսակցական գործունեությունը սահմանափակվում է ՌԴ նախագահ Պուտինին եւ Ռուսաստանին հայհոյելով ու Փաշինյանին սատարելով: Կարող էր Շիրինյանը Խզմալյանի նման բոյկոտել Փաշինյանի հետ հանդիպումը՝ դրանով ցույց տալով իր նեղացածությունը Փաշինյանից` Պուտինի հետ նույն սեղանի շուրջ նստելու եւ նույն սեղանից հաց ուտելու հարցում: Կարող էր, բայց երեւի նման բան անելու համար չունի ինքնուրույնություն: 

Եթե նախկինում Փաշինյանի արտախորհրդարանական շրջապատը բավական բազմազան էր, եւ նրա հետ հանդիպման գնացողների թիվը մեկ տասնյակից ավելի էր, ապա այժմ մնացել են միայն մաքուր կոմերսանտներն ու դրանց սպասարկուները: Սրանք կշարունակեն Փաշինյանի հետ հանդիպել, քանի դեռ նա ունի իշխանություն, եւ քանի դեռ նրա միջոցով հնարավոր է լուծել սեփական բիզնեսի առաջմղման հետ կապված հարցերը:

Ավետիս Բաբաջանյան