Ինչ փուլում է Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի քննությունը

Ինչ փուլում է Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի քննությունը

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը շուրջ մեկ տարի է՝ դատական քննության փուլում է։ Գործը դատարան է մուտքագրվել 2022 թ. ապրիլի 18-ին, քրեական հետապնդումը սկսվել է 2021 թ. սեպտեմբերի 7-ին, Հովսեփյանը կալանավորվել է, իսկ մեկ տարի անց` 2022 թ. օգոստոսի 11-ին, ազատվել է արգելանքից։

Հիշեցնենք, որ Հովսեփյանի մեղադրանքում նշված է. «2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թ. հուլիսի 18-ից մինչեւ 2018 թ. հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երեւան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015թթ. Ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաեւ անձամբ եւ վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թ. հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել եւ 2011 թ. փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2017 թ. ապրիլի 10-ին, իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով, դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը»:

Գործով եւս մեկ մեղադրյալ կար՝ Վրեժ Մարկոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել Աղվան Հովսեփյանի չարաշահումներին մասնակցելու համար, եւ նրա ցուցմունքի վրա է նաեւ կառուցված Հովսեփյանի մեղադրանքը, բայց նա ամիսներ առաջ մահացել է եւ դատարանում վկայություն տալ չի կարող:

Մեզ հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց․ «Մենք ներկա պահին դատական քննության փուլում ենք գտնվում, որի շրջանակներում հետազոտում ենք գործում առկա նյութերը եւ արդեն հետազոտել ենք քրեական գործի 4 հատոր նյութ։ Նյութերի հետազոտությունից հետո անցնելու ենք վկաների հարցաքննությանը, այնուհետեւ՝ տուժողի հարցաքննությանը եւ ամենավերջում՝ պարոն Հովսեփյանի հարցաքննությանը։ Քրեական գործի նյութերը բաղկացած են 16 հատորից, հետազոտել ենք դեռեւս 4 հատոր, դեռ 12 հատոր կա, որից եթե հանենք մոտ 2 հատոր վկաների ցուցմունքները, ապա մնացածը պետք է հետազոտենք։ Բավականին երկար ժամանակ է պահանջվելու նյութերի հետազոտման համար, բացի այդ՝ դատակոչված վկաների ցուցակը բավականին մեծ է, վկաները պիտի հարցաքննվեն, հետո՝ տուժողը, հետո՝ նոր պարոն Հովսեփյանը։ Ես կարծում եմ՝ դեռեւս երկար կտեւի»։
Նրան հարցրինք՝ գործում առկա նյութերը, իր կարծիքով, որքանո՞վ են ապացուցում Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը։ «Մենք ի սկզբանե ասել ենք, այսօր եւս ասում ենք՝ մեղադրանքն ընդհանրապես իրավաչափ չէ։ Մեղադրանքի հիմքում դրված են ընդամենը 2 անձանց ցուցմունքներ, ովքեր քրեական գործի ելքով շահագրգռված անձինք են։ Ավելին ասեմ՝ նույնիսկ այդ ցուցմունքներով պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում, որովհետեւ նույնիսկ այդ ցուցմունքներում առկա են բազմաթիվ դեֆեկտներ ու ներքին հակասություններ եւ գործով առկա այլ ապացույցներով չեն հաստատվում։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այստեղ մեղադրանքի մասին առհասարակ խոսք չի կարող լինել»։

Այսինքն` արդարացնող դատավճի՞ռ են ակնկալում, թե՞, հաշվի առնելով Աղվան Հովսեփյանի անձը, իշխանությունների հետ հակասությունները, գործի ելքի վրա կարող են նաեւ քաղաքական ազդեցություններ լինել։ «Անկեղծ ասած՝ չգիտեմ «իշխանությունների հետ հակասություններ» ձեւակերպումը որքանով է ճիշտ, որովհետեւ պարոն Հովսեփյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ձեր առաջին ասածը՝ նրա անձը, եւ որոշակի անձանց ամբիցիաները կամ ճաշակները, որեւէ բան ակնկալել կամ կանխատեսելն անշնորհակալ գործ կլինի։ Մեղադրանքն ու գործում առկա նյութերն այնպիսին են, որ, բնականաբար, եթե խոսք գնա իրավաբանության մասին, ապա պետք է կայացվի արդարացման դատական ակտ»,- պատասխանեց պաշտպանը։

Աղվան Հովսեփյանի գործով դատավորը  Տիգրան Դավթյանն է։ Պաշտպանին հարցրինք՝ իր գնահատմամբ, որքանո՞վ է դատավորն անաչառ տանում դատաքննությունը։ «Այսքան ժամանակ դեռեւս որեւէ կողմնակալ վերաբերմունք կողմերից որեւէ մեկի նկատմամբ չի դրսեւորվել, հետեւաբար, անաչառության նկատմամբ որեւէ կասկած չեմ կարող հայտնել»։