«Հրապարակ». Արդյո՞ք, եթե դիտորդները չլինեին, գլոբալ պատերազմն արդեն սկսված չէր լինի

«Հրապարակ». Արդյո՞ք, եթե դիտորդները չլինեին, գլոբալ պատերազմն արդեն սկսված չէր լինի

Մայիսի 11-ի ռազմական սադրանքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` հայտարարելով, որ չի չեղարկել բրյուսելյան այցը։ Հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե սրանով Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել հայկական կողմին։ Զրուցել ենք ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

- Ադրբեջանի գործողություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում, ըստ Ձեզ։

- Ադրբեջանի համար ավանդույթ է դարձել` կարեւոր բանակցություններից առաջ փորձում են ուժ կամ ուժի սպառնալիք կիրառել՝ փորձելով խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը։ Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն բովանդակային հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ անընդունելի, ամոթալի է՝ բանակցությունների ընթացքում հանդես գալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ, այդ գործիքակազմով Ադրբեջանը չի կարող ազդել Հայաստանի վրա։

- Պատերազմից հետո առաջին անգամ չեն նման գործողությունների դիմում, ՀՀ իշխանությունները, ի պատասխան, մշտապես խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին: Նման հարեւանի հետ խաղաղություն հնարավո՞ր է հաստատել, գուցե ժամանակն է՝ այլ մարտավարություն ընտրելու։

- Ադրբեջանի այս գործելաոճը նոր չէ, մենք սա տեսնում ենք դեռեւս 2014 թվականից, եթե հիշում եք՝ 2011-ի կազանյան գործընթացի՝ Ադրբեջանի կողմից ձախողվելուց հետո չնայած շարունակվում էր բանակցային ինտենսիվ գործընթացը, բայց 2014-2015 թթ․ Ադրբեջանի զինուժի կողմից սահմանային դիվերսիաները գրեթե ամենշաբաթյա բնույթ էին կրում, որոնք հաճախ ուղեկցվում էին մարդկային կորուստներով։ Դրա կուլմինացիան եղավ 2016 թ. քառօրյա պատերազմը, որից հետո կրկին բանակցային գործընթաց սկսվեց՝ սահմանային թվացյալ կայունությամբ, եւ դա խախտվեց նախ Տավուշում, ապա 2020-ի 44-օրյա պատերազմը եղավ։ Այսինքն՝ սա գրեթե 10 տարվա գործելաոճ է։

- Բայց 14 թվականին բոլորովին այլ իրավիճակ էր, հիմա՝ այլ, Ադրբեջանը, կարելի է ասել, հասել է իր նպատակին, սակայն շարունակում է ոտնձգություններն արդեն ՀՀ սահմաններին` ակնհայտ ծավալապաշտական նկրտումներով։

- Այսօր էլ Ադրբեջանը բանակցային գործընթացը զուգակցում է սադրանքներով, բայց մենք պետք է կարողանանք դիմակայել եւ շարունակել բանակցությունները՝ հասնելով արժանապատիվ խաղաղության։

- Պատերազմից հետո սկզբում խոսվում էր, թե դեմարկացիա-դելիմիտացիա է նախ լինելու, որ վերջում խաղաղության պայմանագիր կնքենք, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն ուժի միջոցով է սահմանազատումն անում: Փաշինյանը հայտարարում էր նաեւ, թե զորքերը պետք է հայելային հետ քաշվեն, դա էլ չեղավ: Ադրբեջանն ինչ ուզում` անում է: Առանց հակադրանքի միջոցների՝ նրա ախորժակը չի զսպվելու։

- Այո, Դուք  ճիշտ եք, բայց Ադրբեջանը ոչ թե իր պայմաններն է թելադրում, այլ ուզում է թելադրել։

- Շատ հարցերում դա ստացվում է։

- Եթե ստացվեր, ապա պայմանագիրն արդեն ստորագրված կլիներ, չի ստորագրվում, նշանակում է՝ չի ստացվում։ Մենք փոխզիջումների մասին կկարողանանք հանգամանալից խոսել, երբ կունենանք ստորագրված պայմանագիր կամ ստորագրման ներկայացված պայմանագրի նախագիծ։

- Երբ հայտարարվում է, որ դեմարկացիայից հետո նոր կարելի է խոսել պայմանագրի մասին, իսկ դեմարկացիայի համար նախապայման է հայտարարվում զորքերի հետքաշումը, բայց դա էլ չի արվում, փոխարենը նոր կտորներ են գրավում, սա չի՞ նշանակում զիջում։

- Կան պահանջներ, որ դրել է Ադրբեջանը, կան պահանջներ, որ մենք ենք դրել, եւ երկուստեք կանգնած ենք մեր պահանջների դիրքերում, բանակցությունների գործընթացը, ըստ երեւույթին, նրա համար է, որ բերելու է փոխզիջումային տարբերակով որեւէ պայմանագրի ստորագրման, քանի դեռ պայմանագրի նախագիծը չունենք, չենք կարող խոսել զիջումների մասին եւ իմանալ, թե ինչ փոխզիջումների են գնացել։

- Երբ բանակցությունները զուգորդվում են սահմանային լարվածությամբ, գուցե ճիշտ է բոյկոտե՞լ այդ բանակցությունները՝ պարտադրելով, որ ադրբեջանական կողմը գա կառուցողական դաշտ։

- Սահմանին կրակում են ադրբեջանցիները, պատասխանում է հայկական ԶՈՒ-ն, եթե հայկական կողմում մարդկային կորուստներ կան, ապա նույնը կա նաեւ Ադրբեջանի կողմում, ուստի Ձեր հարցադրումը պետք է նաեւ իրենց տալ։ Իմ կարծիքով, բանակցությունները պետք է շարունակել, այլ հարց է, եթե կողմերից մեկը հայտարարի բանակցություններից հրաժարվելու եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին։ Այո, կրակում են, իսկ արդյոք մեր կողմը չի՞ կրակում, այսինքն՝ պատասխանում։

- Խոսքը նախահարձակ լինելու մասին է, որով փորձում են ճնշում գործադրել, ինչ-որ բան պարտադրել․․․

- Անմտություն է ձախողել բանակցությունները, իսկ ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է, որ չեն կարողանալու, եւ այստեղ գլխավորն այն է, որ հայկական բանակը համարժեք պատասխան է տալու։ Սրանք ոչ թե բանակցությունները ձախողելու, այլ որոշակի առավելությունների հասնելու փորձեր են։

- Գուցե բոլորովին ա՞յլ նպատակով են կրակում: Ադրբեջանի ԱԳ նախարարը նախօրեին հայտարարել էր, որ, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում գործընթացը, եւ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ իրենք մեկ քայլ առաջ են գնացել։

- Բայրամովը հայտարարել է, որ շահագրգռված են շարունակել բանակցությունները, հետեւաբար՝ եթե մենք հենվում ենք Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունների վրա, ուրեմն իրավիճակը գնահատում ենք բանակցային գործընթացում առավելության հասնելու մարտավարություն՝ այս ուժի սպառնալիքի կիրառումը։

- Վաշինգտոնից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն չէ ճանաչել մեր 29 800 ք/կմ-ն: Կարո՞ղ ենք ենթադրել, որ որոշել են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

- Բանակցությունների տրամաբանության կարեւորագույն սկզբունքներից մեկը ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումն է, քանի դեռ չունենք այդ պայմանագիրը եւ ունենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, ոչինչ բացառել հնարավոր չէ։ Խնդիրն այլ դաշտում է պետք դիտարկել, որ Հայաստանը նպատակադրված գնում է դեպի խաղաղություն՝ ապացուցելով միջազգային հանրությանն իր այդ ձգտումը, իսկ եթե Ադրբեջանը դա ձախողում է եւ մի օր փորձելու է ռազմական ճանապարհով հարց լուծել, ապա այստեղ մենք՝ բոլորս միասին պետք է նեցուկ կանգնենք ՀՀ ԶՈՒ-ին, դիմակայենք եւ թույլ չտանք նման  ոտնձգություններ։

- Իսկ վերջին պատերազմից հետո մենք պատշաճ պատրաստվածության բերե՞լ ենք մեր բանակը: Զենք ներկրե՞լ ենք, մենք մերժում ենք մեր դաշնակիցների հետ համատեղ զորավարժություններ անելու առաջարկները եւ այլն։ Բոլոր փաստերը խոսում են այն մտահոգության օգտին, որ մենք հակված չենք ինքներս մեզ պաշտպանել։

- Մտահոգություններ մենք միշտ պետք է ունենանք, բայց ես ինձ, ձեզ, բոլորիդ խորհուրդ կտամ՝ ձեր հարցադրումների վերաբերյալ հրապարակային քննարկում չծավալել...

- Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդների հրավիրեց Հայաստան, շատ գոհ էր, սակայն սահմանային սրացումները փաստում են, որ դիտորդների ներկայությունը զսպող գործոն չէ։

- Ես կարծում եմ, որ ԵՄ դիտորդները շատ լավ էլ զսպում են, արդյո՞ք, եթե դիտորդները չլինեին, գլոբալ պատերազմն արդեն սկսված չէր լինի, մենք փաստացի ունենք ԵՄ-ի կողմից Ադրբեջանին զսպելու գործիք, եւ սահմանային այս սրացումներն Ադրբեջանի ցանկությունների փոքրիկ դրսեւորումներն են: