«Հրապարակ». Թուրքիան իրեն չի պահում տարածաշրջանային գերտերությանը վայել կեցվածքով

«Հրապարակ». Թուրքիան իրեն չի պահում տարածաշրջանային գերտերությանը վայել կեցվածքով

Երեւանում շաբաթներ առաջ տեղակայված Նեմեսիսի հուշարձանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Չնայած որոշ պաշտոնատար անձինք հայտարարեցին, թե դա Հայաստանի ներքին գործն է, սակայն իշխանական որոշ շրջանակներում ծածուկ քննարկում են թուրքական իշխանության պահանջին ընդառաջելու հարցը՝ ապամոնտաժել հուշարձանը, քանի որ այն կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ, ինչու ոչ՝ Արցախի համար։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ խմբակցությունում հարցը չեն քննարկել, սակայն ինքն անձամբ թեեւ դեմ է եղել հուշարձանի տեղադրմանը, սակայն դեմ է նաեւ դրա ապամոնտաժմանը։ Ներկայացնում ենք ՔՊ-ական պատգամավորի հետ մեր զրույցը։

- Նեմեսիսի հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիայի իշխանությունները վրեժխնդիր եղան՝ հայտարարելով, որ այդ պատճառով են արգելել հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի Հայաստանի դեմ, եթե չապամոնտաժվի Նեմեսիսի հուշարձանը։ Հնարավո՞ր է ՀՀ իշխանությունները, իսկապես, հուշարձանն ապամոնտաժելու որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այս սպառնալիքները։

- Նախ՝ մի երկու արձանագրում․ առաջինը, ես տեղյակ չեմ եղել այդ արձանի տեղադրման մասին, երկրորդ՝ Թուրքիան իրեն չի պահում տարածաշրջանային գերտերությանը վայել կեցվածքով, եւ, հետեւաբար, դրանից կարելի է հետեւություն անել, որ ինքը ցանկացած առիթ կարող է օգտագործել՝ հարաբերությունների հաստատման գործընթացը տորպեդահարելու համար։ Բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ անթույլատրելի է արձանն ապամոնտաժելը։

- Իսկ ինչո՞ւ խանդավառված չեք եղել արձանի տեղադրմամբ։

- Որովհետեւ մենք հիմա գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում եւ փորձում ենք մեր հարեւանների հետ համակեցության կանոններ հաստատել, որպեսզի փորձենք խաղաղություն հաստատել, չեմ կարծում, որ այս պահին հուշարձանի տեղադրումը նպաստում էր այդ գործընթացին, եւ նույնիսկ հակառակը։ Դա եղել է քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը, բայց տեղադրելուց հետո դրա ապամոնտաժումը համարում եմ անթույլատրելի։

- Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունները մեկ տարուց ավելի բանակցություններ են վարում ընդհանուր սահմանի բացման եւ հարաբերությունների կարգավորման շուրջ, եւ չնայած դրան՝ Թուրքիայի արտգործնախարարը, եթե չեմ սխալվում՝ Ֆրանսիայում մեր հայրենակիցներին գորշ գայլերի նշանն էր ձեռքով ցույց տվել։ Դա նպաստո՞ւմ է հաշտեցման գործընթացին, պարզ չէ՞, որ եթե անգամ արձանն էլ հեռացնենք, ապա հաշտեցում չի լինելու, հակառակը` Թուրքիան նոր պահանջներ է դնելու։

- Իհարկե, դա էլ չի նպաստում, բայց չեմ կարծում, որ իրենց բոլոր քայլերին սիմետրիկ պատասխաններ պիտի տանք։ Ընդունենք, որ Նեմեսիսի արձանի որոշումը քաղաքապետարանը շուտվանից է ընդունել եւ կյանքի կոչել, բոլոր դեպքերում՝ եղածը եղած է։

- Որոշումն ընդունած Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով այժմ Փաշինյանի խորհրդականն է, հայտարարեց, որ ինքն է կայացրել այդ որոշումը եւ չի զեկուցել Փաշինյանին` Փաշինյանը տեղյակ չի եղել։ Դուք հավատո՞ւմ եք այդ բացատրությանը։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել։

- Դուք անձամբ դեմ եք, բայց հաշվի առնելով, որ ձեր իշխանությունը պատերազմից հետո զիջման կուրս է վերցրել, անընդհատ եւ միակողմանի զիջում է, հավանական համարո՞ւմ եք, որ այս հարցում էլ կզիջեն՝ վերջնականապես հաստատելով, որ մենք այլեւս ինքնիշխան պետություն չենք։

- Գիտեք, դուք՝ լրագրողներդ, մեր ընդդիմադիր գործընկերները թեզեր են առաջ տանում, թե մենք զիջում ենք՝ միջանցքը տվեցին, մնում է՝ ստորագրեն: Աշոտյանը վստահ դեմքով վեց կետից բաղկացած ցուցակ է ներկայացնում, անընդհատ նման գնահատականներ են հնչում, բայց, բարեբախտաբար, դրանք երբեւէ իրականության հետ աղերս չեն ունենում։ Հիմա այս դեպքում էլ ես վստահ եմ, որ նման քայլի իշխանությունը չի գնա։ Այո, վարչապետը հայտարարեց, որ ճիշտ չի համարում, ես էլ եմ համարում, որ ժամանակավրեպ էր, բայց ես կպայքարեմ, որ Նեմեսիսի արձանը չապամոնտաժվի։ Նորից եմ ասում՝ Թուրքիան իր քաշին համապատասխան քայլեր չի անում, տարածաշրջանում ունեցած իր հեղինակությանը համապատասխան, դա չի սազում Թուրքիային, բայց մենք էլ դա համարում ենք մեր ներքին գործը, սա պետական քաղաքականություն չէ, հետեւաբար՝ պետք չէ մեր ներքին գործերին խառնվել։

- Որ ասում եք՝ ոչ մի բան էլ չենք զիջել, պատերազմը չհաշված: Արցախն արդեն  հինգ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է, անցակետ է տեղադրվել, որը ոչ մի փաստաթղթում չկար․ սրանք զիջումներ չե՞ն։

- Դա միայն մեր հարցը չէ, դրա երաշխավորը Ռուսաստանն է, մեր բացթողումն ավելի քիչ է։

- Ձեր իշխանությունն է Ռուսաստանին վերահսկելու լիազորություն տվել, ուրեմն պարտադրեք, որ կատարի, կամ՝ Հայաստանն է, չէ՞, փաստացի Արցախի երաշխավորը։

- Բան չեմ ասում, բայց դա այն քայլը չէ, որ Հայաստանն ուրիշ դիրքերից խոսի Ադրբեջանի հետ։

- Այսինքն՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ ուրիշ դիրքերից խոսեք։

- Իհարկե, պետք է կոշտացնել հռետորաբանությունը, պետք է պայքարել, ամեն ինչ անել, որ այդ խոչընդոտը վերանա, բայց, բոլոր դեպքերում, դա այն քայլը չէ, որ մեր որդեգրած կուրսին ոչ համարժեք քայլեր կատարենք, որովհետեւ մենք ուրիշ մոտեցում ունենք հարցերի լուծմանը։