Հաշտեցրին անհաշտելիի հետ

Հաշտեցրին անհաշտելիի հետ

Վերջին 2 տարին ՀՀ իշխանությունները, մի կողմից, հերքել են Հայաստանի եւ Արցախի շահերին հակասող նոր կապիտուլյացիայի ստորագրման հավանականությունը, մյուս կողմից` հող նախապատրաստել նոր փաստաթուղթ ստորագրելու համար: Իհարկե, փորձել են հավատացնել, թե այդ ստորագրումը բխում է հայերիս շահերից, եւ դա մեզ երանելի խաղաղություն եւ տնտեսական բարգավաճում կբերի: Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի․ հենց իշխանավորների խոսքում պարբերաբար հնչել է այն միտքը, որ այդ ստորագրումից հետո ստորագրողին հասարակությունը չի հասկանա, դավաճան կանվանի, եւ որ խնդիրն «իրատեսությունը, ընդունելիությունը եւ հարցի հետ կապված էմոցիաներն» իրար մոտեցնելն է: Ինչը, եթե մարդկային բառերով շարադրենք, նշանակում է, որ պատրաստվում են հայ ժողովրդի համար անընդունելի փաստաթուղթ ստորագրել եւ հիմա ամեն ինչ անում են ժողովրդին դրա հետ հաշտեցնելու համար: Եվ հաշտեցնում են:

Մենք, որ ամիսներ առաջ վրդովվում էինք, երբ հղում էին անում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին եւ ասում, որ 2 երկրները պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդ հռչակագրի հիման վրա, որը Հայաստանը վերապահումով է ընդունել, այսօր «երազում» ենք, որ Ադրբեջանը համաձայնի դրան: Մենք, որ 2020-ի պատերազմից հետո վառ հույսեր ունեինք, որ հետ ենք բերելու Հադրութն ու Շուշին, որ Լաչինի միջանցքն անխափան գործելու է, իսկ Արցախը` ԼՂԻՄ-ի տարածքով, ճանաչվելու է անկախ, այսօր կռիվ ենք տալիս արցախահայության պարզ կենսապահովման համար եւ ադրբեջանական անցակետը հանելու մասին ենք երազում: Մենք, որ վստահ էինք, որ Հայաստանը երբեք չի դառնա հարձակման թիրախ, այսօր հանգիստ հետեւում ենք մեր տարածքում ծավալվող մարտական գործողություններին: Ինչից ուր հասանք: