Ռեստորանները՝ արտակարգ դրությունից դուրս

Ռեստորանները՝ արտակարգ դրությունից դուրս

Ռեստորատորները սկզբում արտակարգ դրություն ասվածը ընկալեցին այնպես, որ իրենք փակվելու են անխուսափելիորեն, կարելի է ասել թյուր ընկալվեց նախնական ինֆորմացիան, այնինչ վերջնական հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ միայն պարետի որոշմամբ է սահմանափակումներ մտցվում ոլորտի գործունեությունում։ 

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց հանրային սննդի, ռեստորանային ոլորտի էքսպերտ Աշոտ Բարսեղյանը։

«Պարզվեց, որ իրականում ոչ մի տեղաշարժի սահմանափակում չկա, ոլորտի գործունեության մեջ որևէ սահմանափակում չկա։ Սա, իհարկե, որոշ ռեստորատորների անակնկալի բերեց, որ կարող էին չդադարեցնել գործունեությունը, բայց շատերը արդեն փակվել էին։ Ես երեկ մոնիտորինգ եմ արել և կարող եմ ասել՝ որոշները փակվել են, որոշները որոշել են բաց մնալ: Մի մասը մտածել է, որ որոշումը բոլորին է վերաբերվում, դրա համար ավտոմատ փակվել են։ Երեկ, օրինակ, կենտրոնի ռեստորանների, սրճարանների առնվազն 30% գործում էին։ Որոշները փակվել են, հետո որոշել են վերաբացվել, մի մասը՝ մեկ շաբաթ, մյուսները` 10 օրով  աշխատակիցներին տուն է ուղարկել, երևի սպասում են պիկը անցնի, հետո նոր որոշում կայացնեն։ Օրինակ ռեստորան կա, անուններով չխոսենք, որոշել է իրավիճակը օգտագործել և, ասենք, ռեստորանը վերանորոգել, գիտեք՝ ինչ դժվար է, 365 օր ռեստորանը աշխատում է»,- նշեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝  սպասում են պետության արձագանքին, թե իրենք հիմա իրավիճակը ոնց պետք է մեկնաբանեն, իրավիճակը պետք է դիտարկել որպես ֆորս-մաժորա՞յին, թե որպես հարկադիր պարապուրդ։

«Եթե դու որպես ֆորս-մաժոր ես դիտարկում, ապա քո պայմանագրի համաձայն դու ոչ մեկի պարտավոր չես պարտավորությունների մասով, եթե աշխատողներին տուն ուղարկելուց դու դիտարկում ես որպես հարկադիր պարապուրդ, պետք է արդեն աշխատավարձի 2/3-րդը վճարես աշխատավարձի, այսինքն՝ ստացվում է գործատուի վրա հավելյալ բեռ՝ փակված լինելու պայմաններում։ Եթե ֆորս-մաժորային ենք դիտարկում, ուրեմն այստեղ հետևանքները ավելի շատ են, այսինքն՝ կոմունալ վճարներ, վարձավճարներ, վարկային պարտավորություններ, տոկոսներ և այլն։ Ես գիտեմ, որ «Ռեստորանների աջակցման ՀԿ» ևս ժողով արել, բայց դեռ արձագանք չկա, չգիտեմ»,- նշեց Բարսեղյանը։

Բարսեղյանը նկատում է՝ կապ չունի ռեստորանը բաց է, թե փակ, միևնույն է մարդկանց հոսքը կտրուկ նվազել է, և սա իր հերթին բերելու է հետևանքների։

«Ոլորտի եկամտաբերությունը առնվազն այս ամիս կտրուկ ընկել է։ Բացի սա, կան ռեստորաններ, որոնք խիստ կախված էին տուրիստական ոլորտից։ Անուններ չտամ նորից, բայց արդեն մեկ ռեստորան փակվել է՝ կապված չեղարկումների հետ։ Տարիներ շարունակ կախված  էին տուրիստական հոսքից և 3 կամ չորս օր առաջ փակվել են, այսինքն՝ առնվազն մեկ զոհի մասին այս ոլորտից մենք արդեն գիտենք»,-նշեց Բարսեղյանը։

Խոսելով ռեստորաններում այս պահին սանիտարահիգենիկ պայմանների մասին, Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Այս պահին իհարկե բոլորը աշխատում են ապահովել խոհանոցներում սանիտարահիգենիկ նորմերը, որովհետև դա շատ կարևոր է»։  

Ռեստորանային ոլորտի էքսպերտի կարծիքով՝  պետք է նայել, թե եվրոպական երկրներում ոնց են վարվում ստեղծված իրավիճակում։

«Չի կարելի արտակարգ դրություն մտցնել, բայց դա, ասենք, վերաբերվի միայն դպրոցներին կամ պետական հաստատություններին։ Եթե կարանտին է, ապա կարանտին է, պետք է ավելի խորը մի քիչ մոտենալ այս հարցին։ Եթե փակվել է, ավելի լավ է, որ բոլորը իմանան փակվել է, տնից դուրս էլ դուրս չեն գա, հիմա իմանամ բաց սրճարան կա, դուրս կգամ, մի հատ էլ ընկերոջս հետ երեկոյան սուրճ կխմեմ»,- ասաց Բարսեղյանը։

Նա հավելեց, որ առողջապահության նախարարը պետք է թողներ իր քաղաքական գործունեությունը և վերջապես զբաղվեր ոլորտային ցուցումներով․«Մենք նայում ենք՝ ոնց են գործում, ասենք, Ռուսաստանի կոլեգաները։ Այնտեղ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները հավաքվել են, նամակ են գրել կառավարությանը՝ հարկային արտոնությունների և մի շարք այլ հարցերի մասով։ Գերատեսչություններն էլ արագ արձագանքում են, թե ոնց պետք է կազմակերպել, ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում, աշխատանքային բրիգադներ կան»։