Արտակարգ դրությունը ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար

Արտակարգ դրությունը ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար

Արտակարգ դրությունը հարկավ բավարար ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար: Իհարկե, հիմա ամենափնտրվածը համաճարակի ազդեցության մասին կանխատեսումներն են: Սակայն մեր տնտեսության պարագային դեռևս վաղ է նման վերլուծությունների համար: Հետևաբար կարելի է դիտարկել 2019-ի տնտեսական ցուցանիշները:
Օրինակ, շինարարության մասին հայտարարվել է, որ անցած տարի աճը կազմել է 4.6 տոկոս: Իսկ շինմոնտաժային աշխատանքերի աճի ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է` 4.1 տոկոս:
Նախ շինարարության ֆինանսական աղբյուրների մասին: 2019թ․ պետբյուջետային միջոցների ֆինանսավորման ծավալն ավելացել է 8.9 տոկոսով: Բայց նախորդ տարվա համեմատ աճի տեմպի նվազումը համարյա մեկ տոկոս է կազմել: 2019թ․ նվազել է միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսի չափով: 2018-ին այս ցուցանիշը հակառակը` 14.1 տոկոս աճ էր գրանցել:

Միջազգային ֆինանսավորման ոլորտի ամենամեծ կրճատումն արձանագրել է Համաշխարհային բանկը: 2019թ․ ՀԲ ֆինանսավորման ծավալը 2018-ի համեմատ պակասել է 35.8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2018-ին հակառակ՝ 144.9 տոկոսանոց աճ էր արձանագրվել: Միջազգային վարկավորմամբ կատարվող շինարարության ծավալի աճ վերջին երկու տարիներին ապահովվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորման հաշվին: 2018-ին աճը 164.7 տոկոս էր, իսկ 2019-ին` 132.7:

Մեր երկրում գործող կազմակերպությունների հաշվին կատարվող շինարարության ծավալը վերջին երկու տարում համարյա նույնական է: Աճը 2018-ին կազմել էր 1.2 տոկոս, 2019-ին՝ 1.4: Լուրջ անկում է արձանագրվել «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ կատարված շինարարություններում: Հիմնադրամի նկատմամբ նոր իշխանությունների հակասական քաղաքականության արդյունքում վերջին երկու տարում հիմնադրամի ամենամյա դրամահավաքը ավելի ու ավելի համեստ արդյունքներ է արձանագրում: Մեղմ ասած: Եւ ահա 2019-ի ընթացքում կատարված շինարությունների հաշվետվությունն արձանագրում է, որ 2018-ի համեմատ 2019-ին հիմնադրամի կատարած շինարարության ծավալը կրճատվել է համարյա կիսով չափ` 49.8 տոկոսով:

Շինարարության ֆինանսավորողների հաջորդ «խումբը» օտարերկրյա ներդրողներն են: Նրանց ֆինանսավորման ծավալը 18-ի հետ համեմատ աճել է մոտ 10.5 տոկոսով: Բայց այս ցուցանիշը դեռ շատ հեռու է 2016-ի տվյալներից: Հեռու է, որովհետև 2018-ին այս ֆինանսավորման խումբը կեսից ավելի` 51.3 տոկոսանոց նվազում էր արձանագրել:
2019-ին աճել է բնակչության ֆինանսավորմամբ կատարված շինարարությունը՝ 6.1 տոկոսի չափով: 2018-ի աճի թիվը 5.4 տոկոս էր:

Ահա սրանք են շինարարության ֆինանսավորման աղբյուրները: Շինարարության հաշվետվության մեջ չի ներկայացվում հետևյալ փաստը՝ վերջին երկու տարում շատ կտրուկ աճել են ներկրվող ցեմենտի ծավալները: Աճել է՝ ի հակադրություն տեղական արտադրության: Եթե մի քանի տարի առաջ տարեկան 3-5 մլն դոլար արժեքի ցեմենտ էր ներկրվում մեր երկիր, ապա վերջին երկու տարիների ցուցանիները սրանք են` 2018թ․՝ 26.4 մլն դոլար, 2019-ին` 27.4 մլն դոլար:
Շինարարության ոլորտում արձանագրված մյուս փաստն այն է, որ 2019-ին նվազել է բնակելի շենքերի գործարկումը: Նվազել է 12.7 տոկոսի չափով: Ընդ որում նվազել է համարյա ողջ երկրում: Երևանում բնակելի շենքերի գործարկման ցուցանիշը 2018-ի հետ համեմատ 87.3 տոկոս է: Ամենամեծ անկումն արձանագրվել է Արագածոտնի մարզում` նախորդ 2018-ի համեմատ շահագործվել է 51.1 տոկոս, երկրորդը Տավուշի մարզում՝ 59.9 և ապա Շիրակում` 63.6 տոկոս: Փոխարենը կայուն է մնում վերջին տարիների հաստատուն մի ավանդույթ: Հաստատուն ու տխուր ավանդույթ, որի համաձայն երկրում նվազում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարությունը (2018-ի համեմատ 2019-ի թիվը 30 տոկոս է) և իսպառ բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շինարարությունը:

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org