Մի փոքր լրջացեք, հա՞
Մեկ-երկու ոչ անհայտ լրատվամիջոց արդեն երկրորդ օրն է, տարբեր, նույնիսկ՝ անհարմար, առիթներով մեջբերում է ՌԴ նախագահ Պուտինին, որ Հայաստանի հետ հարաբերություններում ոչինչ չի փլոուզվել, որպեսզի վերականգնման կարիք լինի, հարկ է զարգացնել այն, ինչ ստեղծվել է նախորդ սերնդի ղեկավարների օրոք: Որ եկող շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա, «կքննարկվի փոխզիջումների սահմանի հարցը»: Արարողակարգն այնպիսի շրջանակներ ունի, որ Պուտինը «պարտնյոր» է անվանում ԱՄՆ կամ Ուկրաինայի նախագահին: Այս իմաստով նա չէր ասի, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում «ճաքեր կան»:
Հետեւաբար «ոչինչ չի փլուզվելը» չի նշանակում, թե ամեն ինչ կարգին է: Եւ այդ մասին ՌԴ նախագահը չէ, որ պետք է խոսի: Կան ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներ, մերձկրեմլյան շրջանակի փորձագետներ եւ վերլուծաբաններ: Կարդալով եւ լսելով նրանց՝ կարելի է գալ մի եզրահանգման՝ Կրեմլում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մասին ամբողջական պատկերացում չկա: Ռուսաստանում փորձում են հասկանալ՝ Հայաստանը կմնա արբանյակ երկի՞ր, թե ինքնուրույն քայլեր կանի՞:
Խնդիրը դա է: Եւ իրավիճակ «նկարելու» ոչ մի անհրաժեշտություն չկա: Մանավանդ՝ այն շրջանակներից, որ տարիներ ի վեր խոսել են Ռուսաստանի հետ «վասալական հարաբերություններից հրաժարվելու եւ ինքնիշխանություն դրսեւորելու անհրաժեշտության» մասին: Հիմա այդ ժամանակն է: Եւ տպավորություն է, թե մարդիկ նախկին լրջությունը մոռացել եւ նույն հանգերգն են կրկնում՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան: Եթե այդպես է, ուրեմն առնվազն արտաքին քաղաքականության առումով Հայաստանում ոչինչ չի փոխվել: Ինչպես ասում են՝ նույն ջուրն է, նույն ջրաղացը: Նույն ՀԱՊԿ-ն է, ԵԱՏՄ-ն, նույն Հայաստանը: Իրականում, իհարկե, այդպես չէ: Բայց դրանում Հայաստանի ներդրումը շատ քիչ է: Այդ Ռուսաստանն է փոխել վերաբերմունքը:
Դա արդեն իսկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը ինքնիշխանություն դրսեւորի: Բայց որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա, Հայաստանը պետք է նույն մակարդակի հարաբերություններ ունենա նաեւ այլ երկրների հետ: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ եթե նոր իշխանությունը նորովի գնահատի անվտանգային միջավայրը: Հարցերի հարցը դա է: Որքան Հայաստանը մնա պատմական բարդույթների տիրույթում, այնքան նույնն է մնալու կամ ավելի է մեծանալու Ռուսաստանից կախվածությունը:
Անհնար է գլխավերեւում ունենալ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հովանոցը եւ միաժամանակ քաղաքակրթական եւ այլ կարգի պատրանքներ ունենալ: Ով անվտանգության երաշխավոր է, նա էլ թելադրում է հարաբերոությունների որակը եւ մակարդակը: Եւ բոլորովին ոգեւորիչ չէ, որ Փաշինյանի Մոսկվա այցելելու մասին առաջինը ոչ թե Հայաստանի վարչապետի գրասենյակն է տեղեկացնում, այլ՝ ՌԴ նախագահը: Այն էլ՝ մամուլի ասուլիսի ձեւաչափով: Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան եւ եղել են: Նախկինները դրանք կարգավորել են իրենց իմացած ձեւով: Նորերի խնդիրն է ինչ-որ բան փոխել: Բայց դրան հասնելու համար ներքին կյանքում պետք է ձերբազատվել «Ռուսաստանի հետ ամեն ինչ կարգին է» կաղապարից եւ հրապարակայնացնել, որ Հայաստանը կանգնած է ճամփաբաժնում: Կամ ամեն ինչ կմնա նույնը, խնդիրները կհանգեն արտոնյալ գներով կամ ռուսական վարկի հաշվին սպառազինությունների ձեռքբերմանը եւ գազի գնի շուրջ քննարկումներին, կամ կդիտարկվեն ավելի լայն համատեքստում: Պետք է հասնել արտաքին քաղաքական նշանակալի ճեղքման:
Եւ Փաշինյանին վստահության մեծ քվե տված հասարակությունը պարտավոր է գիտակցել, որ հրաշքներ առհասարակ չեն լինում, ժամանակակից աշխարհում՝ հատկապես: Նախկիններն ամեն ինչ անելու են, դա տեղավորվում է քաղաքական մրցակցոության տրամաբանության մեջ, որպեսզի ժողովրդին ներշնչեն, որ Փաշինյանը Հայաստանին դատապարտում է մեկուսացման: Նորերի խնդիրն է անկեղխորեն խոստովանել, որ՝ այո, մի որոշակի ժամանակահատվածում այդպես էլ պետք է լինի: Որ չպետք է լինի միանշանակ-միակողմանի ընտրություն: Որ հրամայական է «Հայաստանը գնալու տեղ չունի»ռուսական կարծրատիպը կոտրելը: Իսկ եթե ոչ, ուրեմն ամեն ինչ վերադառնալոու է սկզբին: Նման դեպքերում, որպես կանոն, վերադարձողն ավելի թույլ է լինում:
Կարծիքներ