Նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից

Նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից

Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են նողկալի ատելություն սերմանող արտահայտություններ։ Պետական պաշտոնյաները ապամարդկայնացնում են էթնիկ հայերին և նրանց լիակատար ոչնչացման կոչ են անում: Սա համատարած, պետության կողմից արտոնված ռասիզմ է, որը Ադրբեջանի իրավական ներկայացուցիչը երեկ անվանել է,այսպես կոչված,  հայատյացություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այնտեղ մի մթնոլորտ է, որտեղ կացնով մարդասպաններին պարգևատրում, խթանում և փառաբանում են որպես ազգային հերոսների՝ խաղաղ պայմաններում հայերին սպանելու համար:

Ռասայական ատելության պետական այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կասեցնել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումը, ինչը հետևեց ինը ամիս շարունակված շրջափակմանը, ինչը ժամանակավոր միջոցների մասին դատարանի առաջին երկու վճիռների աղաղակող խախտում էր»,- ասել է նա: