Հայկական լեռնաշխարհի թեման վերադարձրել են ծրագիր

Հայկական լեռնաշխարհի թեման վերադարձրել են ծրագիր

2021-ին ներդրված հանրակրթական նոր չափորոշիչների ծրագիրը հենց նույն տարում էլ ներդրվեց ու փորձարկվեց Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում։ Ուսումնական գործընթացը կազմակերպվեց համաձայն նոր չափորոշիչների, իսկ փորձարկումն իրականացվեց բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, վերջացրած նոր բովանդակությամբ ուսումնական նյութերով: Ուսուցիչների վերապատրաստումը՝ հումանիտար առարկաների գծով, իրականացվեց Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ), իսկ բնագիտամաթեմատիկական եւ ճարտարագիտության բնագավառի մանկավարժների համար՝ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

Այս ուսումնական տարում չափորոշիչի փորձարկումը կիրականացվի նաեւ Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարաններում: 2023-24 թթ. ՀՀ մյուս ուսհաստատությունները եւս կմիանան բարեփոխումներին, ամբողջական ներդրումը կավարտվի 2026-ին։

ԿԳՄՍ-ի կողմից փորձարկվող ծրագիրը Տավուշի մարզի դպրոցներում, անցած տարի բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տվել, եթե տեխնիկական, կազմակերպչական բնույթի խնդիրներ այս տարի էլ կան, օրինակ՝ չնայած այն բանին, որ սեպտեմբերն ավարտվում է, բայց մի քանի առարկաների մասով դեռ գրքեր չեն ստացել մանկավարժները, բովանդակային մասով այս տարի որոշակի վերանայումներ են արվել․

«Օրինակ, անցած տարի 10-րդ դասարանի հայոց պատմության ծրագրում հայկական լեռնաշխարհի թեման բացակայում էր, ու չէինք անցնում դա, բայց այս տարվա ծրագրով արդեն հայկական լեռնաշխարհով ենք սկսում,- ասում է զրուցակիցս ու դրական գնահատում այս փոփոխությունը։- Ուրեմն մեր ձայնն ինչ-որ տեղ լսվել է․․․։ Այս տարի արդեն ստացել ենք 11-րդ դասարանի ծրագիրը, որտեղ անցնում ենք ազատագրական պայքարի պատմություն, որը սկսում ենք 5-րդ դարից, գալիս հասնում ենք Արցախյան շարժում ու 3-րդ հանրապետություն, բայց այդ արանքում 2-րդ հանրապետություն չկա, այսինքն՝ սովետական շրջանը բաց է թողնված, հիմա չգիտենք՝ դա միտումնավո՞ր է արված, թե՞ կներառեն հաջորդ տարվա 12-րդ դասարանի ծրագրում»։