Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, կարող ես համարել, որ 21-րդ դարը քոնն է

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, կարող ես համարել, որ 21-րդ դարը քոնն է

Նիկոլի ու նրա ստեղծած նիկոլիզմի գաղափարախոսությունը շարունակում է նույնը մնալ. Հայաստանի բոլոր դժբախտությունների ու ողբերգությունների համար մեղավոր են նախկիններն ու Պուտինը: Նրանք դաշնակիցներ են եւ իրար հետ ուզում են կործանել Նիկոլին ու նիկոլիզմը: Ադրբեջանը, Թուրքիան մեզ թշնամի են այնքանով, որքանով որ գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ, օգտագործվում են Ռուսաստանի կողմից՝ որպես գործիք նիկոլիզմի դեմ պայքարում: Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի մասի բռնազավթումը նիկոլիզմը փորձում է տեղավորել այս տրամաբանության մեջ:

Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր կամ պատասխանատու չէ, նա հերոսաբար պայքարում է նախկինների ու Պուտինի դեմ, եւ քանի որ Արեւմուտքն էլ մեզ օգնում է, ուստի հաղթանակը շատ մոտ է, ընդամենը պետք է սպասել: Եթե բողոքել, ապա ոչ թե նիկոլիզմից, այլ՝ նախկիններից եւ Պուտինից, եթե ըմբոստանալ, ապա ոչ թե Հայաստանի ժողովրդավարական իշխանության, այլ՝ նախկինների եւ Պուտինի դեմ, եթե պայքարել, ապա՝ նույն տրամաբանությամբ:
Նիկոլիզմի գաղափարախոսության տարբեր հետեւորդներ, որպես մանտրա, շարունակում են կրկնել այն թեզը, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, ընդհակառակը՝ Ալիեւը շատ կիրթ եւ կառուցողական նախագահ է: Նրա միակ մեղքն այն է, որ Ռուսաստանի ղեկավար Պուտինի խելքին ընկած՝ հարձակվում է Հայաստանի վրա, ավելի ճիշտ՝ չի էլ հարձակվում, նիկոլիզմը դա ներկայացնում է որպես սահմանային սադրանքներ, իսկ ամենակարկառուն նիկոլականներից մեկը, ինչպիսին Արամ Սարգսյանն է, իր ֆեյսբուքյան գրառման մեջ Հայաստանի տարածքի գրավումը բառացիորեն անվանում է «սահմանային գնդակոծություն», որի նպատակը Երեւանում խուճապ առաջացնելն է, որն էլ կհանգեցնի իշխանափոխության: Ուրեմն Հայաստանի տարածքից հազարավոր հեկտարներ են բռնազավթված, հազարավոր մարդիկ այլեւս չեն կարողանում ապրել իրենց տներում, քանի որ թուրքը հասել է գյուղերին, տիրացել մարդկանց ապրուստի միջոց հողերին ու արոտավայրերին, գողացել անասունները, Ջերմուկ քաղաքը դատարկված է, ու չկա անվտանգության ոչ մի երաշխիք, հարյուրավոր հայ օջախներում սուգ է, շատերը մինչեւ այժմ չեն կարողանում գտնել իրենց զոհված հարազատների դիերը, որ հուղարկավորեն, սա այդ ամենն անվանում է սահմանային գնդակոծություն:

Նիկոլիզմի համար սահմանը ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանն է, այլ իրենց սեփական տան, հանքի, գործարանի տարածքը. քանի դեռ թուրքը չի հասել սրանց գործարանի տարածքին, քանի դեռ փողը գալիս է, տեղի ունեցողը սահմանային գնդակոծություն է: Քանի դեռ իրենք իշխանություն ունեն ու կարողանում են վարչապետի կողքը հանգիստ նստել, թուրքի արձակած գնդակն էլ իրենց ու իրենց երեխաներին չի հասել, դա սահմանային գնդակոծություն է: 
«Իլհամ Ալիեւը միջազգային հարաբերությունների մասնագետ է` պրոֆեսիոնալ դիվանագետ եւ շատ լավ հասկանում է, որ միայն ուժով ձեռք բերածը բավարար չէ արդյունք գրանցելու համար։ Ավելին՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի քննարկումից եւ Բլինքենի՝ խնդիրը բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու պահանջից հետո ՀՀ տարածքի դեմ ոտնձգությունը նշանակելու է ուղիղ հակադրություն ԱՄՆ-ին եւ քաղաքակիրթ հանրությանը։ Կգնա՞ Ադրբեջանը դրան՝ մտնելով ռուսական ագրեսիայի բովանդակության դաշտ եւ տեղավորվելով խորտակվող «ռուսկի կարաբլում», քիչ հավանական եմ համարում»,- գրում է միջազգային հարաբերությունների հետ որեւէ առնչություն չունեցող Արամ Սարգսյանը, իր խելքով՝ վախեցնելով Ալիեւին, թե՝ տես, հա, հանկարծ Պուտինի խելքին չընկնես, թե չէ Բլինքենը քեզ կպատժի:

Որպեսզի ավելի պարզ լինի, թե որքան է հասկանում Արամ Սարգսյանը, միջազգային հարաբերություններից մի մեջբերում էլ անենք սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումից ընդամենը ժամեր առաջ նրա արած մեկ այլ գրառումից. «Արցախի անվտանգությունը, ցավոք, նաեւ մեր` ՀՀ անվտանգությունը, այսօրվա ունեցած ռուսական սպառազինության պարագայում, ապահովում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Աշխարհը համախմբվել է ուժով խնդիրներ լուծելու ու զոռբայության դեմ, եւ ինչ չի կարելի Պուտինին, չի կարելի նաեւ Էրդողանին ու Ալիեւին։ Ուղղակի առաջադեմ աշխարհի կողքին լինել է պետք»: Թե ինչպես է միջազգային առաջադեմ հանրությունն ապահովում ՀՀ անվտանգությունը, Արամ Սարգսյանը թող գնա բացատրի Ջերմուկի, Ներքին Հանդի, Վերին Շորժայի ու հայկական մյուս այն բնակավայրերի բնակիչներին, ովքեր այլեւս զրկված են անգամ իրենց տանը քնելու հնարավորությունից: Սա նաեւ բանակը եւ երկրի պաշտպանունակությունը կազմաքանդող քարոզչություն է: Ստացվում է՝ Հայաստանի անվտանգությունը ոչ թե սահմանին կանգնած, կռվող ու զոհվող զինվորն ու սպան են ապահովում, այլ՝ «միջազգային առաջադեմ հանրությունը»: Սրանից ավելի մեծ ապերախտություն հնարավոր չէ պատկերացնել:

2016 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված հարձակումը՝ իր տարածքային եւ մարդկային կորուստներով, անհամեմատելի է սեպտեմբերի 13-ի հարձակման հետ: Այն ժամանակ մեր մարդկային զոհերն առնվազն կրկնակի քիչ էին, իսկ տարածքային կորուստները՝ տասնապատիկ պակաս: Ընդ որում՝ Ադրբեջանն այն ժամանակ կռվում էր միջազգայնորեն ճանաչված իր տարածքում, իսկ հիմա ներխուժել ու գրավում է միջազգայնորեն ճանաչված մեր տարածքը: 2016 թվականին տեղի ունեցածը իշխանություններն անվանեցին պատերազմ եւ ոչ թե «սահմանային գնդակոծություն», եւ Սերժ Սարգսյանն էլ իր վրա վերցրեց այդ կորուստների պատասխանատվությունը: Կարող էր, չէ՞, մեկին հանձնարարել՝ Ֆեյսբուքում գրառում կատարել, որ տեղի ունեցածը սահմանային գնդակոծություն է, որը հրահրել է Էրդողանը, նպատակն էլ լիներ՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալը, այդ գնդակոծությունը շահարկելով, իշխանության գալ, հետո Ադրբեջանին հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը: Արամ Սարգսյանն էլ գնա նստի Նիկոլի կողքին, նրանից հանձնարարություններ ստանա, դրանք սրբորեն կատարի ու այդ ծառայությունների դիմաց իր բիզնես շահերը սպասարկի:

Ավետիս Բաբաջանյան