Հայաստանը՝ Բաքու-Անկարա շամփուրի վրա

Հայաստանը՝ Բաքու-Անկարա շամփուրի վրա

Եվ այսպես, պարոն Փաշինյան, կկուն կանչեց: Խաղաղության դարաշրջանն ավարտվեց: Ավարտվեց նաեւ այն խոստում-պայմանը, որով վերարտադրվեցիք 2021թ. հունիսին: Սա ես չեմ հորինում, այս ամենի մասին Դուք երեկ ինքներդ ասացիք կառավարության նիստում, որն այնքան էլ կառավարության նիստ չէր: Զգացվում էր, որ խիստ էիք ազդվել նոյեմբերի 8-ին Շուշիում Ալիեւի ելույթից: Շատ ուշադիր էիք լսել այդ ելույթը եւ, որ ամենակարեւորն է, ոչինչ բաց չէիք թողել նրա ասածներից: Դուք Ալիեւին պատասխանեցիք նրա ասածների հերթականությամբ: Վատ չէր, թեեւ կային որոշ բացթողումներ: Օրինակ՝ Ձեր եւ Ալիեւի որոշ պայմանավորվածությունների մասին մոռացաք խոսել: Մինչդեռ Ալիեւը հստակ ասել էր, որ հայկական կողմն այդ պայմանավորվածությունների ուղղությամբ ոչինչ չի անում: «Մեր համբերությունն էլ սահման ունի»,- հավելել էր նա:

Ինչեւէ, համարենք, որ Ալիեւին համարժեք պատասխան տվեցիք, պարոն Փաշինյան, ու մի քանի բան էլ ավել ասացիք: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա արեցիք նոյեմբերի 10-ի կառավարության նիստին եւ ոչ նոյեմբերի 9-ին՝ այլ մթնոլորտում: Ալիեւը ելույթ էր ունենում իր ասքյարների առաջ՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Հնարավոր չէ՞ր նրան պատասխանել Հայոց բանակի որեւէ զորամաս այցելելով ու մեր բանակում սկսված վերականգնումը ցուցադրելով: Իսկ ի՞նչն էր խանգարում կառավարության նիստին կարդացված տեքստը կարդալ Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների առաջ՝ նրանց հրավիրելով ՀՀ արտգործնախարարություն: Խոսքն այն երկրների դեսպանների մասին է, ովքեր շտապել էին շնորհավորել Ադրբեջանի հաղթանակի օրը՝ Նոյեմբերի 8-ը: Այլապես կառավարության պատերի ներսում ո՞ւմ հետ էիք խոսում, ո՞ւմ էիք պատմում ձեր դարդերը, ո՞վ լսեց, ո՞վ հասկացավ: Ալիեւից այդ ի՞նչ վախ է մտել Ձեր մեջ ու դուրս չի գալիս: Եվ մի վերջին դիտարկում՝ կառավարության նիստի ժամանակ Ձեր ելույթի հետ կապված: Դուք նշեցիք Հադրութի մասին եւ մեղադրեցիք Ադրբեջանին, որ ոչինչ չի անում տեղացի հայ փախստականների վերադարձի համար: Իսկ ինչո՞ւ ոչինչ չասացիք Շուշիի ու շուշեցիների մասին: Շուշին հայկական չէ՞, թե՞ Արցախի մաս չի կազմում: Դիտավորյալ էիք բաց թողել… Հասկանալի է:

Իսկ հիմա գանք պայմանավորվածություններին, որոնց մասին ակնարկեց Ալիեւը, բայց մինչեւ վերջ չբացահայտեց դրանք: Իսկապե՞ս որեւէ պայմանավորվածություն չի եղել Հայաստանի վրայով Ադրբեջանին դեպի Նախիջեւան արտատարածքային միջանցք տրամադրելու մասին: Արդյո՞ք այդ միջանցքն ստանալուն չէին ուղղված սեպտեմբերի 13-14-ի դեպքերն ու դրանցից առաջ ադրբեջանական բանակի զինյալների ներխուժումները Հայաստանի տարածք: Ինչո՞ւ մենք նրանց դուրս չենք վռնդում Հայաստանից, այլ լռելյայն հետեւում ենք, թե ինչպես են նրանք ամրություններ ու հաղորդակցության ուղիներ կառուցում մեր տարածքում:

Մի պահ պատկերացնենք՝ Ալիեւը ստում է, եւ միջանցքի մասին իրականում ոչ մի պայմանավորվածություն էլ չկա: Այդ դեպքում ինչո՞ւ է կորել Նիկոլի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը եւ չի պատասխանում Էրդողանի հայտարարություններին, որոնք մեզ ստիպում են հեռուն գնացող հետեւություններ անել: Էրդողանը, Ուզբեկստան մեկնելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է. «Հայաստանին բացահայտ հայտարարեցինք (Պրահայում՝ Էդ. Ա.), որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնի դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ նույնը կլինեն։ Սա ենք ակնկալում Հայաստանից։ Հիմա հասե՞լ ենք այս փուլին։ Չեմ կարող հաստատել»: Էրդողանի ասելով՝ Հայաստանի քայլերը Լաչինի եւ Զանգեզուրի միջանցքների հարցում կարող են դրականորեն ազդել Թուրքիայի քայլերի վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ժամանակը չէ՞, արդյոք, Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել, թե այդ ինչ «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Էրդողանը, եւ թե ինչի շուրջ է նա բանակցում Էրդողանի բանագնաց Քըլըչի հետ՝ այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Ռուբեն Ռուբինյանին նաեւ տեղեկացնեմ, որ Էրդողանը բավականին երկար բողոքել է նաեւ հայկական սփյուռքից եւ մանավանդ՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայերից, ովքեր, իբր, խանգարում են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն: «Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա… Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ եւ նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։ Եվ, ուրեմն, պարոն Ռուբինյան, ինչի՞ հետ էին կապված հայտնի սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելափակելու՝ ՀՀ կառավարության տխմար քայլերը: Մի՞թե Էրդողանի այդ դիրքորոշումը նորություն է ՀՀ իշխանությունների համար, մի՞թե Էրդողանից առաջ էլ Թուրքիան նույն պահանջը, որպես բարիդրացիության նախապայման, չի դրել Հայաստանի առաջ:

Մի խոսքով՝ այս մղձավանջը մեկ վերջ ունի: ՀՀ գործող իշխանությունները պետք է հեռանան: Պետք է հեռանան՝ իրենց հետ տանելով իրենց իսկ 0 կետից սկսած բանակցային այս ողջ տրագիկոմեդիան, քանի դեռ այն որեւէ կերպ չի փաստաթղթավորվել ու մեզ չի կանգնեցրել վերջնականապես խայտառակվելու, 21-րդ դարում պետություն կորցնելու անհեթեթ փաստի առաջ: