Հարյուրավոր ոչինչ չանող մարդիկ. ինչո՞ւ չեն լուծարվում մարզպետարանները

Հարյուրավոր ոչինչ չանող մարդիկ. ինչո՞ւ չեն լուծարվում մարզպետարանները

Երբ Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացումը, դրան զուգահեռ սկսեցին խոսել այն մասին, որ դրա ավարտից հետո պետք է վերացվեն մարզպետարանները՝ որպես որեւէ իրական ֆունկցիա չունեցող պետական կառավարման մարմիններ: Համայնքների խոշորացումն արդեն մեկ տարի է՝ ավարտվել է, բայց մարզպետարանները շարունակում են գոյություն ունենալ՝ պետությանը եւ հասարակությանը պատճառելով հսկայական բարոյական եւ ֆինանսական վնաս: 

Ֆինանսական վնասի մասին խոսելն անիմաստ է, քանի որ մարզպետարանները տարեկան խժռում են միլիարդավոր դրամներ՝ ոչինչ չտալով ո՛չ պետությանը, ո՛չ հասարակությանը: Բարոյական վնասն ավելի ակնառու է. հարյուրավոր մարդիկ անիմաստ աշխատավարձ են ստանում, ընդհանրապես ոչինչ չանելով: Իհարկե, մարզպետարանում աշխատողներն ինչ-որ թղթեր են գրում, ինչ-որ փաստաթղթեր կարդում, դրանց մի մասը ստորագրում են, ինչ-որ փաստաթղթեր վերահասցեագրում են, բայց դրա օգտակար գործողության գործակիցը զրո է: Իսկ երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչ մի օգտակար գործ չեն կատարում, բայց աշխատավարձ են ստանում, ունեն ծառայողական մեքենաներ, վարորդներ, քարտուղարուհիներ, օգնականներ ու խորհրդականներ, դա արդեն բարոյական լուրջ վնաս է: Յուրաքանչյուր բանական մարդ, ով ականատեսն է նման վիճակի, հոգեպես ընկճվում է, բարոյապես հալածվում: Չի կարող ադեկվատ մարդն անտարբեր լինել մի իրավիճակի, երբ մարդիկ աշխատում են, իրենց աշխատանքից հարկեր վճարում, որ այդ հարկերն օգտագործվեն հանրային խնդիրներ լուծելու համար, մինչդեռ այդ գումարով վարձատրվում է ոչինչ չանող մարդկանց մի հսկայական բազմություն: Ինչպե՞ս կարող է ոչինչ չանող մարզպետն ունենալ տեղակալներ, օգնականներ կամ խորհրդականներ: Ոչինչ չանող մարդուն ի՞նչ խորհուրդ պետք է տա իր խորհրդականը, կամ ոչինչ չանողին ի՞նչ հարցում պետք է օգնի օգնականը, օգնի, որ նա ոչինչ չանի:

Հայաստանի ներկայիս վարչատարածքային բաժանումը կատարվել է 1995 թվականի Սահմանադրությամբ, իսկ մարզպետարանները ձեւավորվել են 1996 թվականին: Մինչ այդ գոյություն ուներ խորհրդային բաժանումը`շրջանների, որն իր ձեւով եւ բովանդակությամբ ավելի գործուն էր ու ժողովրդավարական: Շրջանն ուներ շրջխորհուրդ, որն ընտրովի մարմին էր, այն ձեւավորում էր շրջանային գործադիր մարմին՝ շրջխորհրդի գործկոմ: Համայնքների խոշորացումն իրականում վերադարձ էր խորհրդային մոդելին, միայն այն տարբերությամբ, որ շրջխորհրդի պատգամավորը հիմա կոչվում է ավագանի, իսկ շրջխորհրդի գործկոմի նախագահը՝ համայնքապետ:

Մարզպետարանների ձեւավորումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ այդ կառույցը մեռելածին է: Մարզպետը, չլինելով ընտրովի, այլ՝ նշանակովի, չգիտես ինչ տրամաբանությամբ, իրեն համարում էր ընտրված համայնքապետերի վերադաս: Ըստ Սահմանադրության՝ մարզպետը մարզերում պետք է իրականացներ կառավարության տարածքային քաղաքականությունը: Թե ինչ քաղաքականության են իրականացնում մարզպետները եւ մարզպետարանները, ընդհանրապես չի կարող պատասխանել որեւէ մարզպետ: Ըստ Սահմանադրության՝ «Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը»: Թե ինչպես կամ ինչ մեխանիզմներով է իրականացվում այդ համակարգումը, շատ դժվար է ասել: 
Հիմա, երբ Հայաստանը գրեթե վերադարձել է մինչեւ 1995 թվականի իրավիճակին, մարզպետարանների գոյությունը առավել քան անհասկանալի է թվում: Կարող են ասել, որ դրանք չեն վերացվում, քանի որ Սահմանադրության մեջ կա հիշատակում մարզպետի մասին: Այո, Սահմանադրության մեջ կա հիշատակում մարզպետի մասին, բայց ո՛չ մարզպետարանների: Եթե իշխանությունն իսկապես քաղաքական կամք դրսեւորեր, ապա կարող էր վերացնել մարզպետարանները եւ թողներ ընդամենը մարզպետին՝ առանց տեղակալների, օգնականների, խորհրդականների, վարչությունների ու բաժինների, դրանց պետերով ու աշխատակիցներով:

Մինչեւ մի օր Սահմանադրությունը կփոխվեր, եւ այդ հիշատակումը եւս կվերացվեր:
Մինչդեռ Հայաստանի կառավարությունը չի գնա նման քայլի, քանի որ ուռճացված ու ծախսատար պետական կառավարման համակարգն այս իշխանության միակ հենարանն է: Զրկված լինելով հանրային որեւէ հենարանից՝ իշխանության միակ հենարանը մնացել են պետական բյուջեից աշխատավարձ ստացող չինովնիկները, այն յուրօրինակ կաշառք է՝ իշխանության նկատմամբ լոյալություն դրսեւորելու դիմաց: Պետությունից աշխատավարձ ստացողները գիտեն, որ իրենց ՕԳԳ-ն գրեթե զրոյական է, եւ իրենց ցանկացած պահի կարող են ազատել ու փոխարինել ուրիշներով, եւ դրանից պետական կառավարման որակը ո՛չ կլավանա, ո՛չ կվատանա: Բարձրագույն իշխանության ուզածն իրենից ընդամենը լոյալությունն է. իրենք ընտրությունից ընտրություն պետք է լինեն իշխանության անմնացորդ նվիրյալը, ընտրությունների ժամանակ էլ զբաղվեն իշխանության համար ձայն հավաքելով, իսկ ընտրատեղամասերում՝ ընտրակեղծարարությամբ: Քանի դեռ իշխանությունն ունի ձայն բերելու եւ ընտրություն կեղծելու խնդիր, մարզպետներն ու մարզպետարանները կհարատեւեն: Սահմանադրության մեջ չէին կարող գրել, որ մարզպետները համակարգում են ընտրությունների ժամանակ իշխանության օգտին ձայն բերելու եւ ընտրակեղծարարություն կազմակերպելու գործը: Թեեւ նրանք ստեղծվել են բացառապես այդ նպատակով եւ դրանով են զբաղվել իրենց ստեղծման հենց առաջին օրվանից:

Ավետիս Բաբաջանյան