Ինչը դուր չի գալիս ՀԱԿ-ին իշխանությունների մոտեցումներում

Ինչը դուր չի գալիս ՀԱԿ-ին իշխանությունների մոտեցումներում

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ամփոփեց 2019 թվականը ներքին, արտաքին-քաղաքական և այլ ոլորտներում։

Բանախոսի գնահատմամբ՝ բոլոր ազգերի մոտ գնահատման լավագույն չափանիշը խաղաղությունն է։

Մեր խառը ժամանակներում խաղաղության արժեքը բարձրագույնն է։

Մյուս հաջողությունը․ մեր երկիրը հեղափոխությունից հետո կարծես թե մտնում է ոչ հեղափոխական՝ ավելի հանգիստ ու կանխատեսելի շրջան։ Համարում է, որ կա դրական տեղաշարժ՝ հայ-ռուսական հարաբերություններում։ 

«Եթե հիշում եք՝ հեղափոխության սկզբում ռուսական իշխանությունները շատ բարեհոգի չէին, բայց տարվա վերջին հարաբերությունների մի փոքր տաքացում նկատվեց։ Լավ հարաբերություններ Իրանի հետ»,-ասում է Մանուկյանը։ Նրա ամփոփմամբ՝ առհասարակ, տարեվերջն արտաքին դիվանագիտական դաշտում շատ ավելի հաջողված էր։

Ներսի մասին․ սկսեցին իրականացվել բարեփոխումներ, որոնց մի մասը, բանախոսի խոսքով, ընթացքի մեջ է, մի մասը հապաղում է։ Դրական ձեռբերումներից նա համարում է ՀՆԱ-ի և բյուջեի աճը։ Իհարկե, ամենը այն չէ, ինչ խոստացվում է։

Մարտի մեկի հետ կապված գործընթաց։ 2019-ի ընթացքում 4 քաղբանտարկյալ ամբողջովին արդարացվել են: Սա Արամ Մանուկյանը համարում է քիչ, բայց ասում է՝ գոնե շարժ կա։

ՀԱԿ փոխնախագահն նշում է, որ հետևում են բոլոր գործընթացներին և որ անաչառ են։ Թերությունների շարքին է դասում պրոցեսների դանդաղկոտությունը։ Հավելում է՝ «որքան հեռանում ենք հեղափոխությունից, այնքան աճում է դանդաղկոտությունը»։

Նա ասաց, որ քննադատելի է իշխանությունների վերաբերմունքը մեր պատմությանը, մասնավորապես՝ 88-ի ազգային-ազատագրական շարժմանը։ Եվ հաճախ այդ սրբագրումներն էլ ընդունելի չեն։

Մի բան էլ կա, որ դուր չի գալիս ՀԱԿ-ին, և դա, ըստ Մանուկյանի, իշխանությունների շատ եսակենտրոն մոտեցումն է պրոցեսներին, որտեղ գերիշխում են «ես»-ը, «ամենա»-ն, «աննախադեպ»-ը, հաճախ լսում ենք՝ առաջին անգամ և այլն։

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ասելով․ «Անկեղծ, ուժեղ տղամարդը պետք է ասի, որ լուծումը չի լինելու մեր երազածը: ԼՂ հարցի լուծումը չի լինելու բոլոր հայերիս երազածը. լինելու է միջանկյալ, փոխզիջումային լուծում, որը պետք է քննարկվի, որոշվի ու իրականացվի: Խուսափելով խնդրից՝ խնդիրը չի վերանում: Խնդրի գոյությունն ազդեցություն է ունենում քո բանակի, տնտեսության, դիվանագիտության վրա: Հարկավոր է գտնել առավելագույնն ու գնալ դրան»: