Ցեղասպանության ուրացումով Թուրքիան ձերբազատվում է անցյալի, իսկ պատմական Հայաստանի ուրացումով՝ ապագայի խնդիրներից
Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ իշխանությունը խոսում է ցեղասպանությանը զոհ գնացած հայերին ցուցակագրելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն օրեր առաջ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստը՝ պնդելով, որ եթե հայտարարում ենք ցեղասպանության մասին, ուրեմն պետք է հատ առ հատ նշենք ցեղասպանված մեկուկես միլիոն հայի անունը:
Գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանի գնահատմամբ, այս ամենն արվում է ուղղորդված եւ նպատակային։ «Թուրքիան հիմա սկսում է ձերբազատվել իր հին խնդիրներից։ Աշխարհի հզորները որքան էլ թրքամետ են, այնուամենայնիվ, լավ են ճանաչում Թուրքիան, գիտեն, որ հենց առիթ ունեցավ, անմիջապես կվերականգնի Օսմանյան կայսրությունը, եւ Թուրքիային զսպելու համար մի քանի դագանակներ են հնարել, դրանցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Մենք արդեն գիտենք, ու դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք կարողացան Հայաստանում իշխանություն փոխել եւ իրենց ներկայացուցիչներին դնել։ Հիմա պետք է այդ մի դագանակից ձերբազատվել, որպեսզի ավելի ազատ լինեն իրենց ձեռքերը, ավելի հարմար առիթ էլ ե՞րբ պիտի լինի։ Ընդ որում՝ դա պետք է լինի Հայաստանի կործանումից առաջ, այսպես է դրված հերթականությունը, այսինքն՝ Հայաստանի իշխանությունների ձեռքով հերքվում, ուրացվում է Հայոց ցեղասպանության իրողությունը, որովհետեւ եթե սրանց ձեռքով վերացնում են Հայաստանը, միեւնույն է՝ ցեղասպանության հարցը մնում է, եւ դրանով աշխարհը մշտապես էլի սաստելու է Թուրքիային։ Էլ չեմ ասում՝ թափառական դարձած հայությունը, որը, չգիտեմ, այդ ժամանակ խելքի կգա՞, կհասկանա՞, թե ինչ էր նիկոլիզմը, բայց կառչելու է ցեղասպանությունից, ինչպես ժամանակին ճղակոտոր եղան արեւմտահայերը՝ անընդհատ խոսելով ցեղասպանության մասին։ Ինձ համար արդեն ծիծաղելի է այս իրավիճակը, որովհետեւ մենք երբեք չենք ուղղվում»,-ասում է Կ․ Վարդանյանն ու նկատում, որ պատահական չէր այս թեման հանրության մեջ շրջանառության դնելու փաստը։
«Ի՞նչ արեց նա՝ իր ճիվաղներից մեկի միջոցով այս թեման նետեց հասարակության մեջ, հո ամեն դավադրություն ինքը չի՞ անելու կամ միայն ի՞նքը չպետք է լինի ատելության բացառիկ կենտրոնը։ Ու հենց ցեղասպանության նախաշեմին այսպիսի կարծիք է նետում հանրությանը, նաեւ մեր դոկտորներին, ակադեմիկոսներին գիտելիք ցույց տալու հնարավորություն է ստեղծում, եւ մարդիկ, որոնք այս 6 տարիները լեզուները կապ գցած մի ծպտուն չեն հանել իրենց տեղի ու աշխատավարձի համար, ոգեւորված սկսում են գիտելիք ցույց տալ, թե ինչքան կարեւոր են իրենք, երկրներ են թվարկում՝ Ուրուգվայից սկսած մինչեւ Ֆրանսիա, որ ընդունել են ցեղասպանությունը։ Նույնիսկ մենք ուրախացանք, որ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է Քոչարյան Անդրանիկի դեմ բան գրել, ասեցինք՝ ուրեմն սրանց շարքերն էլ են ճաքեր տալիս։ Այ, այսքան միամիտ ենք մենք․․․։ Խնդիրն այն է, որ բոլորը լծված են նույն դավադրությանը, ինչո՞ւ է Հրանուշ Խառատյանն էլ արձագանքում, ընդ որում՝ բացասաբար․․․ սա է խնդիրը, այսինքն՝ հիմարությունը, անհեթեթությունը դու դարձնում ես քննարկման, իբր թվացյալ բանավեճի առարկա, եւ դրանով հանրությունը սկսում է զբաղվել, ամեն մեկը փաստեր է բերում, թե ինչպես կարելի է անուն-ազգանուն պահանջել․․․ Ես չեմ ասում, որ չպետք է արձագանքել, անպայման պետք է արձագանքել, բայց ոչ թե իրենց գծած պլանով՝ ջաղացին ջուր լցնելով, ի՞նչ Անդրանիկ Քոչարյան․․․ Սա Էրդողանն է իր այստեղի հարճին հանձնարարել, որ իրենց տված ժամանակացույցի համաձայն` որ ամսին, որ տարեթվին ինչը պետք է հանձնեն եւ ինչը պետք է ուրանան։ Հիմա ժամանակն է, որ Թուրքիայի համար մեծ խնդիր դարձած Հայոց ցեղասպանությունը հայերն իրենց ձեռքով պետականորեն ուրանան։ Այս անուղեղներն էլ ինչպե՞ս ուրանան՝ ինչ-որ հիմք է պետք, ու դա Քոչարյան Անդոյի ձեռքով նետվեց հասարակության մեջ։ Ի դեպ, այս օրերին Ազգային ժողովում հանկարծ բարձրացվեց մեր եղբայրակից եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը, հիմա, այ Քոչարյան Անդրանիկ կամ քո թափառական տերը, ինչո՞ւ եզդի ժողովրդին չեք ասում՝ ձեր ցեղասպանված զոհերի անուն-ազգանունները գրեք, որովհետեւ եզդի ժողովրդին դեռ այդքան չեն դեբիլացրել, ինչպես հայությանը, եթե նրանց այդպիսի բան ասես, եզդի համայնքը կարող է փողոցում բռնի Անդրանիկ Քոչարյանին ու չգիտես թե ինչ անի, որովհետեւ դիպչում ես իր ազգի նվիրական լարերին ու անարգում իրեն՝ զոհերի անուններ ուզելով»,- ասում է գրողն ու ընդգծում, որ սա արհամարհանք ու վիրավորանք է մի ամբողջ ժողովրդի հասցեին մեկի կողմից, որը նույն այդ ժողովրդի անուն-ազգանունն է կրում։
Օրերս վարչապետը ՔՊ Ժողովրդավարության դպրոցում երիտասարդների համար դասախոսություն է կարդացել եւ ասել, որ սոցիալ-հոգեբանական մակարդակում հանրությունը հայրենիքի փնտրտուքի մեջ է, մինչդեռ «էս է քո հայրենիքը, էլ փնտրելու կարիք չկա»։ Այս մասով Կ․ Վարդանյանը եւս առարկություն ունի․ «Այս դեպքում ուրանալը կարող է լինել ե՛ւ ինքնանպատակ, ե՛ւ կոնկրետ նպատակ թուրքի համար, որ հայն ուրանա իր ամեն ինչը, բայց այս դեպքում դա էլ ինքնանպատակ չէ, եթե ցեղասպանության ուրացումով Թուրքիան ձերբազատվում է իր բազմաթիվ խնդիրներից մեկից, ապա ընդհանրապես պատմական հայրենիքի, Արարատի, գերեվարված Արցախի ուրացումով Թուրքիան ձերբազատվում է նաեւ ապագայի հնարավոր խնդիրներից։ Այսինքն, դու այդքան ժամանակ ունես, որ երիտասարդների առաջ այդքան հիմարություններ են դուրս տալիս, մի հատ էլ ցինիկ ծիծաղում ես ու երեխեքին էլ ծիծաղեցնում։ Սփյուռքը՝ որքան էլ թափառական, արհամարհված, ջլատված, հանկարծ 75թ․-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ստեղծեց, բայց որտեղի՞ց դա ստեղծվեց, հո օդից չընկա՞վ ապականված, բարոյալքված, թափառական գնչու դարձած հայության մեջ, դա հենց այդ պահանջատիրությունն էր՝ ցեղասպանված հայության 3-րդ սերնդի, որոնք 3-4 տարեկանից, երբ սկսել էին ինչ-որ բան հասկանալ, լսել էին իրենց տատիկների ու պապիկների իմացած միակ հեքիաթը, որն իրենց կոտորածներն էին, թե ինչպես թուրքերն իրենց աչքի առաջ բարբարոսաբար կոտորեցին իրենց հարազատներին։ Այդ սերունդն այդ ցասումով մեծացավ, եւ այդպիսի կազմակերպություն ստեղծվեց, որի նպատակն Արեւմտյան Հայաստանի ազատագրումն էր, եւ այն մեթոդները, որ որդեգրեց ԱՍԱԼԱ-ն, շատ լուրջ խնդիր էր Թուրքիայի համար։ Այդ ահռելի պետությունը, որը որպես պետական կառույց ոճրապետություն է, հանկարծ դրա հիմքերը դղրդացին։ Ինքս ուսումնասիրել եմ ու շատ լավ գիտեմ, թե ինչ էր ԱՍԱԼԱ-ն Թուրքիայի, ամբողջ Արեւմուտքի համար։ Տղաներն ինձ թույլ են տվել ծանոթանալ իրենց արխիվի հետ, եւ ես շատ լավ գիտեմ, թե Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի պես հզոր պետությունների անվտանգության ծառայություններն ինչ միջնորդներ էին մեջ գցում, որպեսզի կարողանային ԱՍԱԼԱ-ի հետ բանակցել։ Հասկանո՞ւմ եք՝ մենք ինչ ենք ունեցել եւ ինչ ենք մեռցրել, որ հանկարծ հայ սերունդները չիմանան, թե ինչ է ստեղծվել դժբախտ սփյուռքում։ Ու հիմա այս թափառաշրջիկի միջոցով այսպես երիտասարդներին ապականելով, արմատի, երակի զգացումը մեջներից արմատախիլ անելով, նրանք ապագայի խնդիրն էլ են լուծում, որ հանկարծ վաղվա հայ սերունդները երբեւէ չմտածեն, որ իրենք պատմական հայրենիք են ունեցել։ Հենց սա է նպատակը, իսկ սրանք գործիքներ են, եւ չեմ կարծում, թե այդ դոկտորներից ոչ մեկը դա չի գիտակցում, շատերը լավ էլ գիտակցում են, բայց, ինչպես նշեցի, տուն են պահում»։
Կարծիքներ