Ինչու է Հայաստանի ԱԽՔ-ն մեկնում բալթյան երկրներ

Ինչու է Հայաստանի ԱԽՔ-ն մեկնում բալթյան երկրներ

Պաշտոնական լրահոսի համաձայն, մարտի 27-31-ը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հանրապետություններ: Այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Ռիգայում, Վիլնյուսում եւ Տալինում կունենա մի շարք հանդիպումներ։ Ըստ էության, ոչինչ չասող այս հաղորդագրությունն առաջին հայացքից, իհարկե, կարող էր եւ լրահոսի բազմազանության մեջ մեր ուշադրությունից վրիպել։

Սակայն հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է քննարկելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը բալթյան երկրներում, ի՞նչ օրակարգով է գտնվելու այնտեղ եւ, ի վերջո, բալթյան երկրներն ի՞նչ անվտանգային ազդեցություն ունեն, օրինակ, Հարավային Կովկասի վրա, որ անհրաժեշտություն է առաջացել, որ Հայաստանի ԱԽ քարտուղարն աշխատանքային այց կատարի այդ երկրներ։ Ի դեպ, սա միակ այցը չէ՝ Հայաստանից շատ հաճախ են պատվիրակություններ մեկնում Մերձբալթիկա, մի քանի օր առաջ էլ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է մեկնել Լիտվա։

Իրականում, բալթյան երկրները միջազգային հարաբերություններում, նաեւ միջազգային անվտանգային հարաբերություններում ինքնուրույն կամ նույնիսկ կիսաինքնուրույն խաղացողներ չեն։ Նրանք ամբողջապես կախված են արեւմտյան ռազմաքաղաքական բլոկից եւ այն երկրների շարքում են, որոնք թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ ԵՄ-ում ամենից հակառուսական տրամադրություններ ունեցող երկրներն են՝ Լեհաստանի եւ Չեխիայի հետ միասին։
Ընդունված է ասել, որ արեւմտյան ռազմաքաղաքական բլոկում նրանք հակառուսական տրամադրություններ ունեցող՝ «ագրեսիվ փոքրամասնություն» կազմող երկրների շարքում են, որոնք այդ բլոկի համար առաջապահ ֆորպոստի դերակատարում ունեն՝ ընդդեմ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման մեջ, նաեւ այդ բլոկի էմիսարներն են՝ տարատեսակ ռազմական, քաղաքական, տեղեկատվական կամ դիպլոմատիկ գործարքների համար։
Այս լույսի ներքո արդեն Արմեն Գրիգորյանի այցը բալթյան երկրներ դառնում է չափազանց հետաքրքիր, հատկապես եթե հաշվի ենք առնում նաեւ հայ-ռուսական եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների ներկայիս բավականին լարված վիճակը։ Չենք շտապի եզրակացնել, թե Հայաստանն ուր որ է անվտանգային դիվերսիֆիկացիա է իրականացնելու կամ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ինչպես սիրում են ասել շատերը, բայց նաեւ չենք համարում, որ նման այցերը զուտ միայն «քաղաքավարական» բնույթի են։

Եվ տպավորություն է, որ վերջին շրջանում հենց մերձբալթյան երկրները եւ հատկապես Լիտվան է ստանձնել Հայաստանի՝ կուրսի փոփոխության կուրացիան։