Ամոթից՝ արձակուրդ

Ամոթից՝ արձակուրդ

Արցախի անկախության 30-ամյակին ընդառաջ գլուխը վերմակի տակ մտցնելը կամ կարճատեւ արձակուրդ գնալը, մեղմ ասած, լավագույն որոշումը չէր, որ կայացրեց վարչապետ Փաշինյանը՝ մարդ, որին չեն դադարում Արցախի հանձնման եւ Հայաստանի կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու անվանել:

Հիմա արդեն նաեւ պարզվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում 670 հազար մարդ ցանկացել է վարչապետի պաշտոնում տեսնել մեկին, որը կարող է Արցախ մեկնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ բարի կամքի առկայության դեպքում միայն: Եվ որքան էլ զարմանալի թվա, ռուս խաղաղապահներն անգամ չեն փորձել հարցը կարգավորել՝ այն թողնելով Ալիեւի հայեցողությանը: Այսինքն, խնդիրը խիստ քաղաքական է: Հենց այս օրերին մեկնելով կարճատեւ արձակուրդ՝ Փաշինյանն ըստ էության կրեց հերթական խայտառակ պարտությունն Ալիեւից, եւ ես արդեն չգիտեմ, թե սեպտեմբերի 3-ից հետո ինչ երեսով է երեւալու մեր հանրության աչքին:

Ասում են՝ կարճատեւ արձակուրդը Հայաստանում է անցկացնելու: Երանի մեկներ Վայոց Ձոր եւ տեղացիներին օգներ ադրբեջանական զինծառայողների տարած անասունները վերադարձնելու հարցում: 75 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են քշել թուրքերը, այն էլ՝ վարկով գնված անասուն… Հիմա ո՞վ պետք է վարկերն ու տոկոսները փակի: Այ, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար իր՝ Արցախ չմեկնելն Ալիեւի վրա ծախել այդ անասունները վերադարձնելու գնով, շատ բան գուցե փոխվեր Վայոց Ձորում, մարդիկ գուցե նույնիսկ մտածեին, որ ապագա կա ապագա: Օրերս, հիշո՞ւմ եք, Գորիս-Կապան ճանապարհն էին փակել թուրքերը: Եթե Նիկոլը ձեռքերը ծալած նստեր կամ հենց այդ օրերին կարճատեւ արձակուրդ գնար, ճանապարհը կբացվե՞ր: Իհարկե՝ ոչ: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս Նիկոլը բացեց այդ «չարաբաստիկ» ճանապարհը:

Նախ այսպիսի կոչ արեց՝ հայեր ջան, դուխով, մենք ունենք շրջանցիկ գրունտային ճանապարհ, եւ ապա՝ կառավարության նիստում, որպեսզի Ալիեւը լավ լսի, որոշ հայկական բնակավայրեր հիշատակեց իրենց ադրբեջանական անվանումներով: Ալիեւն էլ հաճելիորեն զարմացավ, «սիրտը կակղեց» եւ բացեց ճանապարհը: ՀՀ ԱԱԾ-ն էլ շտապեց վարչապետի այդ «պոդվիգն» ամրագրել հայտարարությամբ՝ ճանապարհը երկկողմանի բաց է: Կարելի էր մտածել՝ ադրբեջանցի զինվորականները պատահում է, որ ճանապարհները մեկ ուղղությամբ էլ են փակում:

Իսկ հիմա այն մասին, թե Արցախի անկախության 30-ամյակի կապակցությամբ ինչ կարող է արձանագրել Ալիեւը: Նա շատ հանգիստ կարող է հայտարարել, որ վերջին 30 տարում սա առաջին դեպքն է, որ Էրմանիստանի առաջնորդը Ղարաբաղ չի այցելում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը վերջնականորեն լուծված է եւ լուծվել է այնպես, ինչպես ինքն էր ասում: Եվ իսկապես չի բացառվում, որ որպես բարի կամքի արտահայտություն՝ վայոցձորցիների 75 գլուխ անասունը վերադարձնի: Ի՞նչ իմանաս, Փաշինյանը, արդյոք, իր կարճատեւ արձակուրդն Ալիեւի վրա իսկապե՞ս չի ծախել վերոբերյալ հայտարարության եւ 75 կովի գնով:

Ոմանց մոտ, ամենայն հավանականությամբ, միտք առաջացավ, որ մենք Փաշինյանի վարած խորիմաստ արտաքին քաղաքականության հանդեպ թերահավատ ենք: Ճիշտն ասած՝ կուզենայի խորացնել այդ միտքը՝ պնդելով․ այո, ոչ միայն թերահավատ եմ, այլեւ ընդհանրապես չեմ հավատում, որ կա նման բան՝ Փաշինյանի արտաքին քաղաքականություն: Եթե մեկնումեկը Փաշինյան-Ալիեւ սիրախաղը, որին իր դրական ազդակներով բոլորովին վերջերս միացավ նաեւ Էրդողանը, Փաշինյանի արտաքին քաղաքականություն է համարում, ապա նրան խորը հիասթափություն է սպասվում:

Օտարից գոյության իրավունք խնդրելը բացարձակապես կապ չունի դիվանագիտության հետ, դա իրավունք է, որ վաղուց ունեն բոլոր ազգերն ու պետությունները: Դիվանագիտությունն սկսվում է այն պահից, երբ քո վարած արտաքին քաղաքականությամբ չեզոքացնում ես մարտահրավերները, մինչդեռ Փաշինյանն օրեցօր նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում երկիրը: Ու դեռ պետք է հասկանալ, թե այդ ինչ դրական ազդակներ է փոխանցել Էրդողանը, որոնց Փաշինյանը խոստացել է դրական ազդակներով պատասխանել՝ ճանաչել այս անգամ արդեն հայ-թուրքակա՞ն սահմանը, ուրանալ Հայոց ցեղասպանությո՞ւնը, Արեւմտյան Հայաստանին վերջնականապես Կիլիկիայի կարգավիճա՞կ շնորհել…

Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ իրենք են տարածաշրջանային խաղաղության նոր էպոխայի հիմնադիրը: Հաճույքով կհավատայի, գիտե՞ք, եթե դա չանեին իրենց կետից, այն է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին: