Հերոսներին ոչնչացնելը՝ պետական քաղաքականություն

Հերոսներին ոչնչացնելը՝ պետական քաղաքականություն

Գործող իշխանությունն ակտիվ ջանքեր է գործադրում՝ սրբագրելու հայոց պատմությունը: Հերոսապատումները մղվում են երկրորդ պլան, իսկ գլխավոր դերի համար գլուխ են ջարդում կենսագրություն չունեցողները, փափուկ ծնված ու մեծացած, սեռական ու կրոնական կասկածելի կողմնորոշում ունեցող «գործիչները»: Հերոսին հակահերոս դարձնելու պետական քաղաքականությունը սահուն քայլերով մտնում է հասարակական կյանք:

Ամեն ինչ սկսվեց գեներալների նկատմամբ քրեական գործերից եւ հատկապես Մանվել Գրիգորյանին հեղինակազրկելուց։ Հետո ուրիշ քար նետողներ էլ եղան, մեկը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, երբ հրապարակավ Նժդեհին համարեց ֆաշիստ: Գործընկերուհուց հետ չմնաց նաեւ իշխանական թեւի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ օրերս ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ՝ նկատի ունենալով 98-ի իշխանափոխությունը: Թե՛ Անդրեասյանի, թե՛ Սուքիասյանի գնահատականներին յուրայինները գրեթե չանդրադարձան, ի նշան անհամաձայնության՝ նույնիսկ միմիկաներ չարտահայտեցին:

Ակնհայտ է, որ ՔՊ-ական ղեկավարությունը սարսափում է հերոսներից: Իր «ձայնասփյուռների» միջոցով ամեն բան անում է՝ նսեմացնելու նրանց փառավոր անցյալն ու զրոյացնելու հայրենիքին մատուցած ծառայությունները: Օրինակները շատ են՝ պատերազմում հաղթած գերներալներին մեկուսացնելուց ու դատելուց մինչեւ սահման պահող համայնքապետերի ձերբակալություններ:
Տպավորություն է, որ իշխանությունը վախենում է նույնիսկ նահատակված հերոսների անուններից: Թուրքին ահուսարսափ ներշնչող Անդրանիկ Օզանյանին, օրինակ, չեն փորձում հիշել նույնիսկ նրա մահվան օրը՝ օգոստոսի 31-ին: Նախորդ իշխանությունները, որոնց այդքան շատ է սիրում պախարակել ներկայիս կառավարությունը, ամեն ինչ արեցին՝ զորավարի աճյունը Ֆրանսիայից Հայաստան տեղափոխելու համար: 

Մինչեւ «թավշյա» հեղափոխությունը, Եռաբլուրում ֆիդայապետի շիրիմին խնկարկումներ էին արվում, որոշ դպրոցներ էլ բաց դասեր էին կազմակերպում, որպեսզի նոր սերունդը ճանաչի իր հերոսներին ու դաստիարակվի նրանց օրինակով: Իսկ գործող իշխանությունը թքած ունի անցյալի վրա. իրենն ապագան է, որի հերոսը ոչ թե հայրենիքը սիրող ու պաշտպանող զինվորն է, այլ բանակից թռած գոյանքը: Իր կռիվը հիմա արժեքների ոչնչացման ու մարդու դեգրադացման համար է: Առայժմ ստացվում է…