Հայ-թուրքական 30-ամյա տվայտանքներն ու նոր իրավիճակը

Հայ-թուրքական 30-ամյա տվայտանքներն ու նոր իրավիճակը

Օրակարգում կրկին հայ-թուրքական հարաբերություններն են՝ դատելով Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան՝ «տարածաշրջանային խաղաղության» մասին միմյանց փոխանցված «դրական ազդակներից»։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները, եւ պայմաններ պետք է ապահովվեն տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության համար:

«Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։ Հանրային կարծիքը դեմ է հայ-թուրքական մերձեցմանը, գոնե՝ հիմա, սակայն չի ձեւակերպում, թե ինչպես է տեսնում այս հարցի լուծումը։ Ընդդիմությունը եւս ձեռնպահ է մնում այս թեմայով արտահայտվելուց եւ բավարարվում է հայրենասիրական ճառերով ու մերժողական տեքստերով։ Ինչ ուղի է անցել այս հարցը 30 տարվա կտրվածքով։

Ժամանակագրորեն․ նախ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան։ Ըստ նրա իսկ վկայությունների, 90-ականներին՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Հայաստանի իշխանությունը փորձում էր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Տեր-Պետրոսյանի մոտեցումն այն էր, որ առանց որեւէ քաղաքական զիջման եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ:

Այդ տարիներին թուրք պաշտոնյաները եւս հանդես էին գալիս հայ-թուրքական հարաբերություններ, տնտեսական կապեր հաստատելու օգտին: 1991-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալն անգամ հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Երեւանում: 1993 թ. Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը եւս հայտարարեց, որ Հայաստանը եւ Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Առհասարակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից է։ Անկարան նաեւ որոշ ժեստեր էր անում, մասնավորապես, երբ 90-ականներին տնտեսական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանը Թուրքիայից պարտքով 100,000 տոննա հացահատիկ խնդրեց, թուրքական կառավարությունն այն տրամադրեց։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ բանակցությունները խաթարվեցին, երբ Քարվաճառն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ: Թուրքիան, կառավարության որոշմամբ, անմիջապես փակեց Հայաստանի հետ սահմանը: Իսկ երբ 1993-ի ամռանը հայկական ուժերը մտան Աղդամ, նախագահ Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցած ԱԽ նիստից հետո արտգործնախարար Չեթինը հայտարարեց. «Հայերը, օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում։ Հայերը չեն կարող այդ տարածքները պահել, եւ դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու»։ Դրանից առաջ էլ Սուլեյման Դեմիրելն էր նախագահ Տեր-Պետրոսյանին հղած ուղերձում առաջ քաշել հայտնի թուրքական նախապայմանները՝ ճանաչել պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, «Ադրբեջանի գրավված տարածքներից»՝ մասնավորապես Լաչինի միջանցքից, հայկական զորքերի դուրսբերում, որը «Թուրքիան կընդունի իբրեւ հայկական կողմից համագործակցության նշան»։ Արցախյան 1-ին պատերազմի օրերին թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ էին կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում, մի պահ անգամ Թուրքիայի կողմից կրակ բացվեց Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ։

Հայաստանում տեղաբաշխված ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավար՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Բաբենկոն էլ զգուշացրեց, որ հետեւում են սահմանին տիրող իրավիճակին եւ միջոցներ ձեռնարկում՝ թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի։ Այն ժամանակվա վարչապետ Թուրգութ Օզալը սպառնաց, որ Երեւանի վրա մեկ-երկու ռումբ կգցեն, ինչին հետեւեց մարշալ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, որ «Հայաստանի վրա հարձակումը կդիտվի իբրեւ հարձակում Ռուսաստանի վրա եւ կհանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի»։ 

Թուրքիան, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, 91 թվականից այս կողմ չի հրաժարվել նախապայմանների քաղաքականությունից, Տեր-Պետրոսյանն էլ կանխատեսում էր, որ ռուսական նման կտրուկ միջամտությունը չի կարող հավերժ լինել։ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսյան իր ելույթում նա հայտարարել էր․ «Վաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից: 1918 թվականին գնացին, 1942-ին պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարեւանությամբ` մեր պահանջատիրությամբ բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել»:

Փաստորեն, հիմա եկել հասել ենք հենց այսպիսի կետի։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը Թուրքիայի հարցում ավելի կոշտացավ, թեեւ այս շրջանում Երեւանը հանդես էր գալիս հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման օգտին։ 1998-ին Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրաձայնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը, իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ հայտարարում էր, թե Հայաստանը 100 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ շրջափակման պայմաններում։ 

Ի դեպ, տնտեսական շահավետության ու տարածաշրջանային համագործակցության մասին թուրքական դրական ազդակներն էլ նոր չեն․ նույն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Սուլեյման Դեմիրելը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Հայաստանը կարող է ներգրավվել նավթային խողովակաշարերի ծրագրերում: «Ոչ ոք մոլորություն չպետք է ունենա, որ մենք կարող ենք զիջումների գնալ հանուն այդ տարածաշրջանային ծրագրերի»,- այն ժամանակ Թուրքիայի նախագահի ազդակին արձագանքել էր Քոչարյանը, իսկ 2006 թվականին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերումը՝ սահմանները բացելու դիմաց, անընդունելի պայման է Հայաստանի համար: Նա մերժեց նաեւ 2005-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակ-առաջարկը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»։ Փոխարենը, Քոչարյանն առաջարկում էր ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել: 

Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նորից հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման ազդակներ փոխանակվեցին։ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, իսկ մեկ ամիս անց նրա արտգործնախարար Ալի Բաբաջանը նամակ հղեց Երեւանին` նշելով, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել կապերը երկու երկրների միջեւ:

Հետագա փուլը հայտնի է «Ֆուտբոլային դիվանագիտություն» անունով․ 2008-ի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան՝ դիտելու աշխարհի առաջնության Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը, ապա 2009 թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաեւ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի, եւ այդ արձանագրոթյունները չեն նշանակում, որ կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Բացի այդ, ուղերձում նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։ Հետագայում վավերացումը տեղի չունեցավ թուրքական հայտնի նախապայմանների պատճառով․ Թուրքիան չվավերացրեց, իսկ Հայաստանն էլ հետ կանչեց դրանք՝ պատճառաբանությամբ, որ Թուրքիայի կողմից վավերացման ողջամիտ ժամկետներն ավարտվել են: